«Պարոն Ռուբինյան, այս նստաշրջանի օրակարգում է հայ ռազմագերիների, անհետ կորածների ճակատագրի պարզման, հայրենադարձման հարցի քննարկումը։ Դուք կարողացե՞լ եք ապահովել, որ նիստին ներկա լինեն Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, ԱԱԾ ղեկավարը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ռուբինյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ դուք թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների փոխհարաբերությունների մասին։ ԱԺ նախագահության պարտավորությունն է ապահովել ԱԺ անխափան գործունեությունը։ Իսկ կառավարությունից ով կգա կամ չի գա, դա ձեր եւ կառավարության փոխհարաբերության կամ կառավարության նպատակահարմարության տիրույթում է»։
Աննա Գրիգորյանը պնդեց․ «Մենք առաջարկել ենք եւ պահանջել, որ ներկայանան, դուք էլ պետք է հետեւողական լինեիք։ Մենք խորհրդարանական երկիր ենք։ Դուք ամեն ինչ պետք է անեիք, որ նրանք ներկա լինեն նիստին»։
Կարդացեք նաև
Ռուբինյանն արձագանքեց․ «Ամեն քառօրյայի ժամանակ կառավարության հետ հարցուպատասխան կա, որի ժամանակ պատգամավորները հանրային հարցեր են հղում նաեւ վարչապետին։ Հիշեցնեմ, որ նա այս ամբիոնից բաց առաջարկ է արել հանդիպել-խոսել, բայց առաջարկը մերժվել է»։
«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ ԱԺ նախագահությունը պետք է ծանուցեր կառավարությանը եւ ստանար պատասխան՝ գալո՞ւ են, թե ոչ։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կառավարությունը ծանուցված է եղել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ