Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ռեԱրմենիա հարթակում մեկնարկեց «Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը

Դեկտեմբեր 06,2021 22:35

2021 թվականի դեկտեմբերի 6-ին «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակում մեկնարկել է «Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը:

reArmenia.com հարթակի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «Հակոբավանքի վերածնունդը» նախագծին նվիրաբերություն կատարելու հնարավորությունը։

Պաշտոնական մեկնարկի միջոցառման խոսնակներն էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ով միջոցառմանն էր միացել առցանց տարբերակով, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

«Հակոբավանքի վերածնունդը» նախագծի նպատակը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում գտնվող Հակոբավանքի վերականգնումն ու այն՝ որպես հայ մշակութային ուրույն ժառանգություն, Արցախի ամենահին և արժեքավոր, պատմական ու հոգևոր արժեքի պահպանումն է։

Վանքի վերականգման նախագծի նախաձեռնողը Արցախի կառավարությունն էր, որն այժմ  Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ ծրագրի իրականացման համագործակցողներն են։

«Մեր ժառանգության, հայկական ազգային ինքնության պահպանության հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունների համատեքստում՝ «Հակոբավանքի վերածնունդը»  վերաարժևորման խորհրդով ծրագիր է։ Սա նաև քրիստոնեական արժեհամակարգի պահպանության պայքար է, և Հակոբավանքն այն օղակն է, որի միջոցով կարող ենք աշխարհին ու միջազգային հանրությանը ցույց տալ, որ այստեղ մենք տանում ենք ոչ միայն ֆիզիկական գոյության, այլև մշակութային գոյության պայքար։ Ուստի մեր կառավարության համար սա արժեհամակարգային, մշակութային և ինքնության պատերազմ է. «Հակոբավանքի վերածնունդը» ծրագրին աջակցելու միջոցով մենք խնդիր ունենք մեր արժեքների նկատմամբ սեփականության զգացողությունն ու պատասխանատվությունը ցույց տալու ամբողջ աշխարհին»,-նշեց  Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը «ռեԱրմենիա» հարթակում  ներկայացվել է որպես համագործակցություն, սակայն շատ արագ գտնվել են կազմակերպություններ և անհատ մասնագետներ, որոնք պատրաստակամություն են հայտնել զբաղվելու վանքի վերականգման աշխատանքներով: Նախագիծն իրականացնում է  «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը», Վերականգնման աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնելու է ճարտարապետ Սամվել Այվազյանը, ով տրամադրել է Հակոբավանքի վերականգնման նախագիծը։ 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հայ կարող է իր ներդրումն ունենալ ծրագրի իրականացմանը.

«Հակոբավանքը Ամարասի վանքից մինչև Դադիվանք  հասնող վանքերի ոսկե շղթայի մի մասն է, որն այսօր վերականգման կարիք ունի։ «Հակոբավանքի վերածնունդը» կարող ենք դիտարկել որպես  քրիստոնեական արժեքների ու հայապահպանության և Արցախի հայության պահպանության գործընթաց։ Վանքի վերականգնումն արցախցու ամուր կամքի, առ Աստված նրա աղոթքի շարունակակությունն ու այն լույսի առկայությունն է, որը մեր ժողովրդին ուժ կտա Արցախում ապրելու և արարելու համար։ Սա լուրջ պայքար է. պատերազմն ավարտվեց, բայց Արցախը պետք է ապրի, իսկ Արցախը կապրի, եթե կանգնենք Արցախի կողքին, արցախահայության կողքին»։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը նշեց.

«Այս նախագծի բարեհաջող ընթացքը շատ կարևոր է մեզ համար, քանի որ գիտակցում ենք, թե ինչքան կենսական է մշակութային արժեքների պաշտպանությունը մեր ինքնության պահպանման գործում։ Կասկածից վեր է նաև, որ Արցախի տարածքում առկա պատմական հուշարձանների վերականգնումն անհրաժեշտ է թե՛ մեզ որպես ազգ` նախնյաց հիշատակները պահպանելու և սերունդներին փոխանցելու տեսանկյունից, թե՛ քաղաքակիրթ մարդկությանը` համամարդկային մշակութային արժեքների բազմազանության պահպանման դիտանկյունից»։

***

Հակոբավանքը հիմնադրվել է վաղ միջնադարում (5-7 դարերում), գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Իր ամբողջական տեսքը ստացել է 11-12-րդ դարերում, իսկ արդեն 15-րդ դարում դարձել է Մեծ Առանքի, նույն Մեծարանց գավառի աթոռանիստը:   Հակոբավանքի պատերի ներսում է հայտնաբերվել ամենահին թվագրված խաչքարի պատվանդանը (853 թ.)։   Իր անվանումը համալիրը ստացել է Մեծ Հայքում քրիստոնեություն քարոզող, հայ մեծագույն սրբերին դասված Հակոբ Մծբնեցու շնորհիվ, ում Աջը պահվել է Հակոբավանքում ընդհուպ մինչև 19-րդ դար։   Հոգևոր գործառույթից զատ, Հակոբավանքը հանդիսացել է ուսման և դպրության կենտրոն, որտեղ բնակվել են բազմաթիվ հոգևորականներ։ Թեև վանքի այսօրվա տեսքից դժվար է պատկերացնել իր վաղեմի հզորությունը, այն դարեր շարունակ եղել է Արցախի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ 

 

***

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտունը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031