Դեկտեմբերի 3-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացավ Վեթինգի փորձագիտական խմբի առաջին աշխատաժողովը, որին մասնակցում էին հայտնի իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքացիական, քրեական իրավունքի ոլորտների մասնագետներ։ Հանդիպման սկզբում ներկայացվեցին փորձագիտական կազմը, նրանց գործունեության ոլորտները, ապա անցում կատարվեց բուն քննարկմանը։ Վեթինգի գործընթացը սկսելու համար առաջարկություններ հնչեցին կենտրոնանալ դատաիրավական ողջ համակարգի վրա՝ քննչական, դատախազական, փաստաբանական և այլն։
Աշխատանքն առավել առարկայական ու կոնկրետ դարձնելու համար ներկայացվեցին գործընթացի ընդհանուր իրավական հիմքերը՝ համաձայն որի կառուցվելու է հետագա աշխատանքային պլանը․
1․ դատական վճիռների վերլուծության ուղղություն, այսինքն` հանրությանը ներկայացվելու են դատարաններում քննված կոնկրետ գործեր և դրանցով թույլ տրված խախտումները,
2․ բարեվարքության ուսումնասիրության ուղղություն, այսինքն դատաիրավական համակարգի ներկայացուցիչների՝ քրեական աշխարհի կամ այլ ազդեցության խմբերի հետ կապերի, առնչությունների ուսումնասիրություն,
Կարդացեք նաև
3․ կարգապահական վարույթների ուղղություն, այսինքն խախտումներ կատարած դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցելու դիմումների պատրաստում։
Հասարակության ավելի լայն շրջանակներին իրազեկելու նպատակով մասնակիցների կողմից առաջարկ հնչեցվեց հրապարակայնացնել ընտրված գործերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները, մասնավորապես այն գործերինը, որոնք հանցագործության տարրեր են պարունակում կամ ուղեկցվել են իրավունքի լուրջ, կոպիտ խախտումներով։ Խմբի կարծիքով՝ դա կունենա կանխարգելիչ նշանակություն։
Արդյունքում մշակվեցին վեթինգի գործընթացը սկսելու չափանիշներ և առանձնացվեցին հետևյալները՝
1․ ուսումնասիրել ՄԻԵԴ այն որոշումները, որոնք արձանագրել են Հայաստանի դատաիրավական համակարգի կողմից թույլ տրված դատավարական ու նյութական իրավունքի լուրջ խախտումներ, հանգեցրել պատճառված նյութական վնասի փոխհատուցման,
2․ Վճռաբեկ դատարանի այն որոշումների ուսումնասիրությունը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածին՝ արդար դատաքննության սկզբունքին, և որոնք կրկին արձանագրվել են ՄԻԵԴ-ի կողմից․ փորձագետների կարծիքով՝ արդեն իսկ այդ նորմի խախտումը շղթայաբար հանգեցնում է այլ իրավունքների խախտման,
3․ դատարանների կողմից ընդունված դատական ակտերի՝ հետին թվով հրապարակման, կողմերին ուշ տրամադրելու կամ չտրամադրելու մտահոգիչ փաստերի ուսումնասիրություն, որոնք խախտում են քաղաքացու բողոքարկման իրավունքը։
Քննարկման ընթացքում առաջարկվեց վերոնշյալ չափանիշներով գործերը հավաքագրել, կատարել հանձնարարությունների բաշխում ըստ նեղ մասնագիտական բաժանումների։ Որոշվեց հաջորդ հանդիպմանն անդրադառնալ կոնկրետ դատավորների, քննիչների, փաստաբանների, նրանց հայտարարագրերին, նրանց գործերի վերլուծություններին, որի արդյունքում կառանձնացվեն խախտումները, անհրաժեշտության դեպքում կկատարվեն հարցումներ։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Վեթինգ և դատաիրավական բարեփոխումներ ծրագիր»