Երեկ երեկոյան ահազանգ ստացվեց, որ ոստիկանության՝ Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը գտնվում է Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի 17/59 տեղամասում: Ահազանգի հետքերով տեղամաս մեր այցելության պահին ոստիկանապետն իսկապես այնտեղ էր:
Հիշեցնենք, երեկ Ապարան խոշորացված համայնքում նույնպես ավագանու ընտրություններ էին:
Տեղամասի հանձնաժողովի նախագահ Ոսկան Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտրողներից մեկը, երբ քվեարկություն կատարելուց հետո մոտեցել է, որպեսզի ծրարը գցի քվեատուփի մեջ, պարզվել է, նրա ձեռքին երկու ծրար կա: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը վերցրել է ծրարներից մեկը, այնտեղ եղել է «Եղիազարյան» դաշինքի օգտին քվեարկված քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը պատռել է այն եւ նետել աղբամանը: Թե մյուս ծրարում ո՞ւմ օգտին քվեարկած քվեաթերթիկ է եղել՝ նա չգիտեր, չի ստուգել: Միջադեպի առիթով արձանագրություն է կազմվել: Ոստիկանապետն էլ այդ առիթով էր եկել տեղամաս:
Հանձնաժողովում «Կարեն Եղիազարյան» դաշինքը ներկայացնող Լուսագյուղ վարչական շրջանի ղեկավար Քաջիկ Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքը հայտնեց, քանի որ միջադեպից հետո ստուգվել է տեղամասում առկա ծրարների եւ քվեաթերթիկների թիվը, դրանք համընկել են: Թե ինչպե՞ս է այդ ընտրողի մոտ երկու քվեաթերթիկ հայտնվել՝ նա չի հասկանում: Քաջիկ Զաքարյանի համար տարօրինակ էր նաեւ այն, որ միջադեպը տեղի է ունեցել ցերեկը, իսկ ոստիկանները՝ ոստիկանապետի գլխավորությամբ, տեղամաս են եկել դրանից 3-4 ժամ հետո՝ ընտրության ավարտից մոտ մեկ ժամ առաջ:
Կարդացեք նաև
Տեղամաս մեր այցելության պահին ոստիկաններն արձանագրություն էին կազմում միջադեպի առիթով, իսկ ոստիկանապետը այդ ընթացքում հետեւում էր կատարվողին, նաեւ անընդհատ զանգահարում, խոսում: Մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ոստիկանապետը հանձնաժողովի նախագահին կանչում ընտրական տեղամասին կից սենյակ, զանգահարում է ինչ-որ մեկին, հեռախոսը փոխանցում հանձնաժողովի նախագահի, նա էլ, հավանաբար, պատմում է, թե ինչ եւ ինչպես է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Ապարանում առաջադրվել էին «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը եւ ՔՊ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։
Լուսագյուղի տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 576 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 397 մարդ: «Կարեն Եղիազարյան» դաշինքը ստացել է 301 ձայն, ՔՊ-ն 90, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ընտրությունների նախնական արդյունքներով «Կարեն Եղիազարյան» դաշինքը հաղթել է՝ ստանալով ընտրողների 70 տոկոս քվե:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ