Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատոր Բոբ Դոլը թողնում է հարուստ ժառանգություն՝ ոչ միայն որպես պետական ծառայող, այլև որպես քաջ և պատվավոր մարդ. Ամերիկայի հայկական համագումար

Դեկտեմբեր 06,2021 18:30

Համագումարը սգում է քաղաքական հսկա ու մարդու իրավունքների չեմպիոն սենատոր Բոբ Դոլի մահը

Սենատոր Բոբ Դոլը՝ Հանրապետական կուսակցության ազդեցիկ առաջնորդ, ով երեք տասնամյակ ներկայացնում էր Կանզաս նահանգը Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ինչպես նաև մարդու իրավունքների չեմպիոն, ով ճանապարհ հարթեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կյանքից հեռացավ կիրակի օրը, ս.թ. դեկտեմբերի 5-ին, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Սենատոր Դոլը հսկայական դեր խաղաց բոլոր հայերի կյանքերում, և մենք երախտապարտ ենք նրա շարունակական ջանքերի համար՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում ամբողջ աշխարհի հայերին օգնելու համար: Մենք գնահատում ենք իր համագործակցությունը Ամերիկայի հայկական համագումարի հետ տասնամյակների ընթացքում՝ սկսած մեր փորձնակների ծրագրին իր աջակցությունից, մինչև մեր համատեղ ջանքերը՝ մինչ մենք ձգտում էինք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատմանը»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցելու համար շքանշանով պարգևատրված վետերան սենատոր Դոլը խորապես հուզված էր իր օրթոպեդ վիրաբույժի հետ ստեղծված բարեկամությունից: Հայոց ցեղասպանությունը վերապրած դոկտոր Համպար Կելիկյանն օգնեց սենատոր Դոլին ապաքինվել պատերազմի ժամանակ ստացած ծանր վնասվածքներից և հրաժարվեց իր բժշկական ծառայությունների համար որևէ վճարից:

Սենատոր Դոլը հասավ ազգային ճանաչման՝ ծառայելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում չորս պաշտոնավարման ժամկետների ընթացքում (1961-1969թթ.), ինչին հաջորդեց գրեթե 30 տարվա պաշտոնավարումն ԱՄՆ Սենատում (1969-1996թթ.), որտեղ, 1985թ.-ին, նա առաջին անգամ ընտրվեց Սենատի մեծամասնության առաջնորդ և կրկին ընտրվեց 1995թ.-ին։ Իր արդյունավետ պաշտոնավարման ընթացքում նա ներկայացրեց վճռորոշ օրինագծեր՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հիշատակվելով որպես «Մեծագույն սերնդի» անդամ՝ ում համար ազատության, արդարության և խաղաղության սկզբունքները գերակա տեղ էին գրավում, սենատոր Դոլը կրում էր այս իդեալներն իր հետ, երբ, ըստ հեղինակ Մայքլ Բոբելյանի՝ «Հայաստանի երեխաներ. մոռացված ցեղասպանություն և մեկդարյա պայքար արդարության համար» գրքի հեղինակի, «առանց վարանելու» ստորագրում էր Հայոց ցեղասպանության մի նոր բանաձև, որին աջակցում էին Համագումարը և դոկտոր Կելիկյանի դուստրը՝ դոկտոր Ալիս Կելիկյանը, 1989թ.-ն, 101-րդ գումարման Կոնգրեսի ժամանակ: Այդ տարվա սեպտեմբերին նա Սենատում ներկայացրեց S.J.Res.212 Բանաձևը՝ մի համատեղ բանաձև, որով 1990թ.-ի ապրիլի 24-ը սահմանվում էր որպես «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցի հիշատակի ազգային օր»: Բանաձևը ստացավ ուժեղ երկկողմ աջակցություն, այդ թվում՝ այն ժամանակվա սենատոր Ջո Բայդենի (Դեմոկրատ, Դելավեր) կողմից:

Սենատոր Դոլը 1990թ.-ի փետրվարի բանավեճի ժամանակ պայքարեց բանաձևի համար Սենատի դահլիճում՝ հայտարարելով. «Այս երկրում ապրող մեկ միլիոն հայերի համար վերքերը բաց են եղել շուրջ 75 տարի, և ցավը չի կարողանալու բուժվել, որովհետև աշխարհը չի բախվել 1915-1923թթ.-ի այս ժամանակաշրջանում հայ ժողովրդի տառապանքների ճշմարտությանը… որովհետև աշխարհը կողքից կանգնեց և ոչինչ չարեց»:

Չնայած, բանաձևի ընդունումը արգելափակվեց մարաթոնային ելույթով (filibuster), ամերիկահայերը հիացան ու հարգեցին սենատոր Դոլին իր առաջնորդության և խիզախության համար, ինչպես նաև մարդու իրավունքների այս կարևոր և համընդհանուր խնդրի նկատմամբ ազգային ուշադրությունը հրավիրելու համար:

«Չնայած Դոլի բանաձևը չանցավ, դահլիճում ծավալված բանավեճն արդյունավետորեն վերջ դրեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի լուրջ անդամների միջև քննարկմանը՝ Հայոց ցեղասպանության ճշմարտության և ԱՄՆ պատմության վերաբերյալ»,– ասացին Համագումարի համանախագահներ Բարսամյանն ու Գրիգորյանը:

Մինչ Հայոց ցեղասպանության հաստատումը փակուղի մտավ, սենատոր Դոլը շարունակեց իր բարեկամական և աջակցող հարաբերությունները ամերիկահայերի հետ: Նա և իր կինը՝ Էլիզաբեթը, այցելեցին երկրաշարժից ավերված Հայաստանը 1989թ.-ի օգոստոսին՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի ուղեկցությամբ, որտեղ նրանք հանդիպեցին կառավարության պաշտոնյաների և երկրաշարժից փրկվածների հետ: Սենատոր Դոլի Հայաստան կատարած այցը բերեց նրան, որ նա առաջնորդեց մի օրինագիծ, որը հանգեցրեց կառավարության կողմից 10 միլիոն դոլարի հատկացման՝ օգնելու ԱՄՆ այն կազմակերպություններին, որոնք Հայաստանում օգնության ծրագրեր էին իրականացնում հետագա երեք տարիների ընթացքում: 1990թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 5,7 միլիոն դոլար հատկացրեց մի կոնսորցիումին, որը կազմված էր Ամերիկայի հայկական համագումարի Օգնության հիմնադրամից, Ամերիկայի հրեական համատեղ բաշխման կոմիտեից, Ամերիկյան Կարմիր խաչից և HOPE ծրագրից: Համագումարի Օգնության հիմնադրամի ֆինանսավորման բաժինը՝ ընդհանուր մոտ 2 միլիոն դոլար, հատկացվեց Հայաստանում բնակարանաշինության նախագծին աջակցելու համար:

1990թ.-ին սենատոր Դոլը նաև կարևոր դեր ունեցավ Կոնգրեսի հավանությունը շահելու հարցում, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ծախսի առնվազն 5 միլիոն դոլար՝ օգնելու մասնավոր կամավոր կազմակերպություններին վերաբնակեցնել Ադրբեջանից տեղահանված հազարավոր հայերին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում նրանց դեմ իրականացված ջարդերի հետևանքով:

1990թ.-ի սեպտեմբերի 29-ին Ամերիկայի հայկական համագումարը Նյու Յորք քաղաքում կազմակերպեց մեծարման գալա ընթրիք, որի ընթացքում սենատոր Դոլը արժանացավ Համագումարի Համաշխարհային մարդասիրական մրցանակին: Այս մեծարման գալա ընթրիքն եզակի հնարավորություն էր ամերիկահայ համայնքի համար՝ ողջունելու և շնորհակալություն հայտնելու սենատոր Դոլին՝ որպես համաշխարհային մարդասեր, իր արտասովոր ձեռքբերումների համար: Գալա ընթրիքից ստացված ողջ զուտ հասույթը բաշխվեց Ամերիկայի հայկական համագումարի Օգնության հիմնադրամի և Դոլ հիմնադրամի միջև: Վերջինս մի ազգային հիմնադրամ է, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորություններ ընձեռելուն:

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար տասնամյակներ շարունակ պայքարելուց հետո սենատոր Դոլն իր գոհունակությունը հայտնեց ի պատասխան նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից 2021թ.-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հստակ և միանշանակ ճանաչման: Նա հայտարարեց. «Ես շատ գոհ եմ, որ նա (նախագահ Բայդենը) պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սա հպարտ և պատմականորեն նշանակալից պահ է Միացյալ Նահանգների, Հայաստանի և ողջ աշխարհի հայերի համար: Երկար ժամանակ ձգտել ենք սրան հասնելու համար»։

Համագումարը վշտացած է քաղաքական հսկայի և հայ ժողովրդի մեծ բարեկամի կորստով, ով բարձրացրեց ճշմարտությունը, արդարությունը և մարդու իրավունքները: Համագումարն խորին ցավակցություններն է հայտնում Էլիզաբեթ Դոլին՝ մեր թանկագին բարեկամին, ով եղել է Ամերիկյան Կարմիր Խաչի նախագահը և նրանց ընտանիքին:

Սենատոր Դոլը, ով 1997թ.-ին այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ստացավ Ազատության նախագահական մեդալ, թողնում է հարուստ ժառանգություն՝ ոչ միայն որպես վետերան և պետական ծառայող, ով նվիրված է եղել իր երկրին, այլև որպես քաջ և պատվավոր մարդ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031