«Այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, որեւէ նոր բան չեմ կարող հիմա ասել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է ստեղծվելու ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ մինչեւ տարեվերջ մեխանիզմները կստեղծվեն, Աղաջանյանը նշեց․ «Քննարկման փուլում է հարցը»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե տնտեսական ապաշրջափակման շուրջ աշխատող՝ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ձեւաչափով փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովն ի՞նչ քննարկումներ է հիմա իրականացնում։ Էդուարդ Աղաջանյանը նկատեց․ «Բարդ չէ կռահել՝ հանձնաժողովը կոնումիկացիաների վերաբացման գործառույթների շրջանակում է, եւ հարցերն ու քննարկումներն այդ ոլորտին են վերաբերում։ Ամեն կողմը փորձում է առավել շահեկան դուրս գալ քննարկումների արդյունքում։ Ընդհանուր հայտարարի են գալու քննարկումների արդյունքում։ Ընդհանրական կետերի շուրջ է կառուցվելու փոխհամաձայնեցված, վերջնական տարբերակը»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի հանրապետության Ճարտար համայնքի բնակչի առեւանգմանը եւ սպանությանը՝ Էդուարդ Աղաջանյանը կարծիք հայտնեց, որ նման դեպքերը խնդրահարույց են համարում․ «Այն գործընթացները, որոնց մասնակից է ՀՀ-ն, միտված են նման դեպքերի ժամ առաջ դադարելուն, որպեսզի իրական դեէսկալացիա լինի, իսկ նման դեպքերը՝ բացառվեն։ Սա ՀՀ կառավարության առաջնային նպատակն է, որի համար բոլոր գործիքակազմերն օգտագործվում են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ