Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններին 29,5 տոկոս ձայն հավաքած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը վստահ է, որ կոալիցիա կկազմեն, սակայն դա միանշանակ չի լինի ՔՊ -ի հետ:
Մեր զրույցում Աղաբաբյանը դրական գնահատեց ընտրությունների արդյունքները և նշեց, որ իրենք միանշանակ պատրաստվում են կոալիցիա կազմել, որը, վստահորեն, չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 43,7 տոկոս ձայների մեծամասնությունը, սակայն կուսակցությանը չէր հաջողվել հատել 50 և ավելի ձայների մեծամասնության տոկոսային շեմը:
Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերից «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 29,5 տոկոս, իսկ «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ 26,6 տոկոս ձայները` ինչը նշանակում է, որ կոալիցիա կազմելու դեպքում երկու կուսակցությունները կկարողանան մեծամասնություն լինել ավագանիում:
Կարդացեք նաև
Նշենք, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքացիները ընտրում են ավագանի, որն էլ ընտրելու է համայնքի ղեկավարին:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ