Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները չեն համագործակցում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ. Կիրո Մանոյան

Դեկտեմբեր 06,2021 17:58

Տարածաշրջանը բավական պայթյունավտանգ է այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում ամփոփելով անցնող տարին՝ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա չի բացառում, որ Մերձավոր Արեւելքում ևս լարվածությունը մեծանա, մասնավորաբար, Սիրիայում նոր խնդիրներ առաջանան: Բանախոսի դիտարկմամբ, Թուրքիան ընդհանրապես մեկուսացված է եւ դա կարող է նոր խնդիրներ առաջացնել, քանի որ Էրդողանի նման մարդը չի համակերպվի այսպիսի իրողության հետ:

Թեեւ մեկ տարի առաջ Հայաստանի համար ծանր էր՝ 44 օրյա պատերազմը նոր էր ավարտվել՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, բայց այսօր, Կիրո Մանոյանի գնահատմամբ, առավել բարդ իրավիճակում ենք, քանզի անցնող տարվա ընթացքում կրկին բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, այդ թվում նաեւ ինքնիշխանության եւ այժմ ազգային, պետական շահերին լուրջ սպառնալիքներ կան: Բանախոսի գնահատմամբ՝ սպառնալիքների մեծ մասը գալիս է ՀՀ գործող իշխանությունից, քանի որ հիմքեր կան կասկածելու, որ նրանք դավաճանական ծրագրեր ունեն եւ իրականացնում են դրանք, հիմքեր կան նաեւ մտածելու, որ իրենց ապիկարության արդյունք է կատարվողը: Երկու դեպքում է, ՀՅԴ-ական գործչի գնահատմամբ, վտանգը մեծ է:

Կիրո Մանոյանը նկատում է, որ Արցախի հարցը հայ-ադրբեջանական-թուրքական լարվածության պատճառ չէ, այլ դրա ամենավառ դրսեւորումներից մեկը, քանզի այդ երկրների հետ մենք խնդիր ունենք ընդհանրապես՝ պայմանավորված այդ երկրների հակահայ քաղաքականությամբ, եւ այսօր նույնքան վտանգի տակ է Սյունիքը:

Կիրո Մանոյանը նաեւ դժգոհեց, որ գործող իշխանության ներկայացուցիչները չեն համագործակցում ՀՅԴ սփյուռքյան կառույցների եւ Հայ դատի գրասենյակների հետ, որպեսզի հնարավոր լինի հայկական շահերն առավել արդյունավետ ներկայացնել աշխարհում: Իր բնութագրմամբ, կան շատ մարդիկ, որոնց հետ ճանապարհ են անցել, բայց անգամ նրանց բարեւ տալը բարդ է՝ իրենց պահվածքի պատճառով: Ամեն դեպքում, ՀՅԴ սփյուռքյան կառույցների եւ Հայ Դատի գրասենյակները շարունակելու են ի շահ Հայաստանի իրենց գործունեությունը, քանի որ իրենք դեմ են գործող իշխանությանը, ոչ թե Հայաստանին:

Կիրո Մանոյանը չի բացառում հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի հավանականությունը: Իր գնահատմամբ, նման զարգացման դեպքում թե ՌԴ-ի, Իրանի վարքագիծն ավելի կոշտ է լինելու։

Իրավիճակից փրկության հնարավորություն ՀՅԴ-ական գործիչը համարում է պարտված իշխանության հեռացումը, ինչպես մեկ դար առաջ հեռացավ Դաշնակցությունը․ «ՀՅԴ 1920-ին փոխանցեց իշխանությունը, բայց դա պատասխանատվությունից խուսափելու մասին չէր խոսում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031