Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ ինքնակարգավորումը լրջագույն գործիք է, որն ի վերջո հանգեցնում է լրատվամիջոցի անկախության մեծացմանը, որակյալ լրատվամիջոցի ստեղծմանը». Սարգիս Հարությունյան

Դեկտեմբեր 06,2021 17:35

«ԶԼՄ ինքնակարգավորումը լրջագույն գործիք է, որն ի վերջո հանգեցնում է լրատվամիջոցի անկախության մեծացմանը, որակյալ լրատվամիջոցի ստեղծմանը»,- «Հայաստանյան լրատվամիջոցներ. հրատապ խնդիրներ եւ լուծումներ» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սարգիս Հարությունյանը: Նա համոզված է՝ վստահելի և որակյալ ԶԼՄ-ների բացակայությունը լուրջ մարտահրավեր է նաև պետության համար, մանավանդ, որ պատերազմից հետո ՀՀ-ն ունի բազմաթիվ անվտանգային, քաղաքական ու տնտեսական խնդիրներ: Լրագրողը մանրամասնեց. «ՀՀ-ն, որքան շուտ անցնի այս փուլի միջով և ունենա որակյալ չորրորդ իշխանություն, այդքան ավելի պատրաստ կլինի տարբեր ճգնաժամերին»:

Համաժողովի նպատակն է բարձրաձայնել մեդիաների խնդիրները ճգնաժամային իրավիճակներում և դրանց հնարավոր ու հրատապ լուծումները։

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը ներկայացրեց «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» նախագիծը, որը խթանել է լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորություններին։ Ու հայտարարեց. «Այն ճգնաժամերը, որոնց միջով մենք անցանք, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ճգնաժամերին մենք պատրաստ չենք, մարդն ընդհանրապես պատրաստ չէ ճգնաժամերին, բայց մեդիա դաշտում կարելի է անել միջամտություններ, որոնք հնարավոր է մեզ նախապատրաստեն հնարավոր ճգնաժամերին»:

Քննարկման ընթացքում ոլորտի մասնագետները փորձեցին հասկանալ՝ ՀՀ-ում ինքնակարգավորման ո՞ր մոդելը կարող է լինել կիրառելի: Սարգիս Հարությունյանը ներկայացրեց Շվեդիայում և Դանիայում ինքնակարգավորման փորձը: Օրինակ՝ 1969 թվականից Շվեդիայում գործում է մեդիա օմբուդսմենի ինստիտուտը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս առիթով նշեց. «Այն մոդելները, որոնք կան այլ երկրներում, մեզ մոտ դժվար այս փուլում կարող են կիրառվել: Մենք ուսումնասիրեցինք տարբեր եվրոպական երկրների փորձը ու առաջարկեցինք այսպես կոչված լայթ տարբերակը: Մենք շահագրգռված ենք, որ ինքնակարգավորումն ունենա մի քանի աստիճաններ: Օրինակ՝ Շվեդիայում, եթե մարդիկ վեճ ունեն ԶԼՄ-ի հետ, ունեն երեք տարբերակ՝ գնալ դատարան, դիմել մամուլի խորհրդին կամ դիմել տվյալ ԶԼՄ օմբուդսմենին»:

Հարցին՝ ի՞նչ եք կարծում ՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի սկսեն աշխատել այս մեխանիզմները, Սարգիս Հարությունյանը պատասխանեց. «Օրինակ՝ Շվեդիայի պարագայում Մեդիա խորհուրդը հարյուրից ավելի տարի առաջ է ստեղծվել և Դանիայում՝ 1992-ին: Ոչ միայն խորհուրդների գործունեությունն է որոշում, թե ինչքան ժամանակ է պահանջվում ինքնակարգավորման մեխանիզմների կիրառման համար, այլ որ մարդիկ դիմեն մեդիա խորհուրդներին»: Ըստ Սարգիս Հարությունյանի՝ մեզանում հնարավոր է կիրառել շվեդական փորձը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. «Այս առիթով կբանավիճեի: Այն, ինչ ձևավորվել է Շվեդիայում, այսօրվա պայմաններում չի ձևավորվել, այլ հարյուր տարի առաջ: Մեր ինքնակարգավորման մեխանիզմը չի կարող ինքնաֆինանսավորվել, օրինակ, քանի որ ունենք ԶԼՄ-ներ, որոնք դա գրաքննության տեսակ են համարում: Ինքնաֆինանսավորման հարցը կարելի է լուծել այն ժամանակ, երբ շատ լայն աջակցության ունենա էթիկայի պահպանման հարցը, երբ լրագրողական համայնքում դա հարգանքի և ամոթի ինստիտուտ դառնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հանրային լրագրության ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031