Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի կառավարությունը ներգրավված է եղել կրոնական փոքրամասնությունների գերեզմանատների ոչնչացման մեջ. զեկույց

Դեկտեմբեր 06,2021 17:12

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է «Կրոնական ազատությունները Թուրքիայում 2021» վերտառությամբ զեկույց, որում անդրադառնում է այդ երկրում կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի վրա ճնշումներին:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին և հրաժարվում է ընդունել իրավասուբյեկտայնությունը:

2013թ.-ից սկսած Թուրքիայի կառավարությունն արգելել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամներին նոր վարչության անդամներ ընտրել, քայլ, որն աստիճանաբար նվազեցրել է նրանց թիվը մահվան և հիվանդության պատճառով՝ մեծացնելով համայնքների ամենօրյա դժվարությունները: Չնայած Պոլսո հայոց պատրիարք Մաշալյանի և Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի խնդրանքներին՝ Թուրքիայի կառավարությունը շարունակում է մերժել կրոնական անձանց իրավական կարգավիճակը, ինչը առանցքային նշանակություն ունի վարչության անդամների ընտրության օրինականացման հարցում:

Հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են մնալ վտանգի տակ. 2021թ. սկզբին Քյութահիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին, չնայած որ ուներ պաշտպանված կարգավիճակ, անցել է անհայտ անձի սեփականության տակ և ավերվել: Օգոստոսին Վանի նահանգում բուլդոզերներն ավերել են հայկական գերեզմանոց, նույն ամսին Մալաթիայի հայկական եկեղեցում և մշակութային կենտրոնում վերականգնումից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել:

Չնայած Թուրքիայում գերեզմանոցների վրա մի շարք հարձակումներ կարծես թե իրականացվում են պետության հետ կապ չունեցող դերակատարների կողմից, Թուրքիայի կառավարությունը նույնպես ներգրավված է եղել կրոնական փոքրամասնությունների գերեզմանատների ոչնչացման մեջ: Ավելին, իշխանությունները հաճախ չեն կարողանում բռնել կամ հետապնդել այդ հանցագործությունների մեջ մեղավոր, պետության հետ կապ չունեցող դերակատարներին՝ այդպիսով ստեղծելով անպատժելիության միջավայր:

Նույն կերպ, Թուրքիայի կառավարությունը հաճախ չի կարողանում դադարեցնել շինարարական ծրագրերը, որոնք սպառնում են գերեզմանատներին: Օրինակ, 2021թ. մարտին ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանական հարցում էր ներկայացրել՝ պարզելու, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել Անկարայի պատմական կենտրոնում հայկական և կաթոլիկ գերեզմանատան վրա պետական ​​բանկի շինարարությունը:

2021թ. ապրիլին, ի պատասխան Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություններին, ազգայնական պատգամավոր Ումիթ Օզդաղը սպառնացել էր. «Դուք էլ կունենաք Թալեաթ Փաշայի փորձը, և լավ կլինի, որ ունենաք»:

Բացի այդ, կորոնավիրուսի համավարակը և 2020թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմը հրահրել են հակահայկական դավադրության տեսություններ, սպառնալիքներ, հակահայկական ցույցեր, ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031