Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն սա բավարար է, որ մենք հավանություն չտանք»․ ՔՊ-ն դեմ է սահմանազատման մասին ընդդիմադիրների հայտարարությանը

Դեկտեմբեր 06,2021 16:00

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում էր «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը։ Ինչպես հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարության բովանդակությունն առավելապես ներքաղաքական է եւ կառավարության հասցեին պարունակում է անհիմն մեղադրանքներ, հանդիսանում է ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլում, այս ամենը բավարար է, որպեսզի հանձնաժողովի ՔՊ-ական անդամները դրան դեմ քվեարկեն։ «Միաժամանակ, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք զգայուն հարցերը, որոնց հրապարակային քննարկումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, նաեւ՝ հարուցել անվտանգային խնդիրներ, առաջարկում եմ հարցի քննարկումն անել փակ ձեւաչափով»,-ավելացրեց Էդուարդ Աղաջանյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը նկատեց․ «Դուք արդեն գնահատական տվեցիք նախագծին, ինչն արդեն իսկ ներքաղաքական հայտարարություն է։ Ձեր ելույթից հետո փակ նիստ անելը անհիմն ու անտեղի է։ Բացի այդ, ինչ որ դուք ասում եք, պետք է նկատի ունենաք, որ լրամշակված նախագիծ կա։ Հիմա դա է քննարկվելու։ Մենք իրավունք ունենք այն ներկայացնելու։ Այս հարցի հետ կապված ԱԺ-ում լսումներ են եղել։ Մենք հայտարարել ենք, որ լսումների արդյունքների համաձայն ՝ կլինի հայտարարության տեքստի լրամշակում, ինչն էլ արել ենք։ Եթե լրամշակված տեքստը չտեսած ՝ դուք նման բան եք ասում, անիմաստ է այս նիստը փակ անել։ Մանավանդ, որ առօրյան լեցուն է զգայուն հարցերով, որոնք «փակության» հետ կապ չունեն։ Գաղտնիք պարունակող հարցեր չկան։ Մենք դեմ ենք նիստը փակ անելու մոտեցմանը»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը եւս դեմ արտահայտվեց Էդուարդ Աղաջանյանի առաջարկին․ «Տրամաբանության դեֆիցիտ է պարունակում ձեր ասածը։ Առանց քննարկելու՝ ինչո՞ւ եք ասում, որ սա անընդունելի է ձեր համար։ Բացի այդ, դատապարտելի է քաղաքականությունը, ըստ որի՝ մեր երկրում բոլոր գործընթացները տեղի են ունենում փակ։ Սա անթույլատրելի վարքագիծ է։ Հանրության առաջ պետք է բաց լինել։ Մեր նախագիծը վերաբերում է ՀՀ-ի եւ Արցախի սահմաններին»։

Ապա ՔՊ-ական Մարիա Կարապետյանը դիմեց Արմեն Ռուստամյանին, ասաց, որ աչքի տակ անցկացրեց լրամշակված հայտարարությունը, որը, իր համոզմամբ, շարունակում է պարունակել ներքաղաքական ենթատեքստ․ «Որովհետեւ դուք կառավարող խմբակցությանն առաջարկում եք միանալ ձեզ ու կառավարությանը կոչ անել մնալ սահմանադրության սահմաններում։ Այսինքն, կոչ եք անում ԱԺ մակարդակով ինչ-որ քրեական հանցագործությունների մասին կոչ անենք, այն էլ՝ ընդդիմության հայտարարությանը միանալով։ Սա անթույլատրելի է։ Տիկին Գրիգորյան, միայն սա բավարար է, որ մենք հավանություն չտանք այս տեքստին։ Բայց այստեղ դուք  ունեք նաեւ կարեւոր դրույթներ, օրինակ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դատապարտումը։ Այս կտորը շատ լավն է, քանի որ ընդդիմությունը միշտ իշխանությանն էր մեղադրում պատերազմի համար։ Իսկ բանակցային գործընթացին վերաբերող դրույթները, որոնք դեռ չսկսված գործընթացին են վերաբերում՝ սահմանազատմանը եւ սահմանագծմանը, առաջարկում ենք փակ նիստ անել։ Այլապես մենք ենք ձեզ մեղադրելու ՀՀ շահերին հետամուտ չլինելու մեջ։ Արտաքին անվտանգային օրակարգը հանրային քննարկման դնելու միտում ես չունեմ։ Պնդում եմ, որ փակ պետք է անել նիստը»։

Էդուարդ Աղաջանյանը եւս պնդեց, որ փակ քննարկում անելու առաջարկը պետք է դնել քվեարկության։ Հանձնաժողովականների ձայների մեծամասնությամբ նիստը շարունակվեց փակ ձեւաչափով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031