«Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր թափ են առել»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Եթե երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո, քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էր ՀՀ դատախազությունը եւ հատկապես ՀՔԾ-ն, ներկա պահին ունենք իրավիճակ, որ որպես գործիք օգտագործվում է նաեւ դատական համակարգը»,- ասաց նա:
Ըստ պաշտպանի, երեք տարի առաջ դատական համակարգը դեռ փորձում էր դիմադրել, քանի որ ունեինք դատավորներ, որոնք անկախ այդ բիրտ ճնշումներից, արդարադատություն էին իրականացնում՝ կայացնելով Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան որոշումներ։
Այդ դատավորները, ըստ բանախոսի, մինչ օրս էլ գոյություն ունեն, բայց վերջին ժամանակահատվածում դատական իշխանության վերաբերյալ համապատասխան բարեփոխումների հետեւանքով, այդ դատավորները մեկուսացվել են եւ հնարավորություն չունեն քննելու խափանման միջոցի հարցը։
Էրիկ Ալեքսանյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ հայտնի բժիշկ, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանն է: Նա պնդում է, որ պաշտպանյալների գործերը գտնվում են իշխանության հատուկ ուշադրության ներքո: Նա պնդեց Առուշ Առուշանյանի գործով բազմիցս արած իր հայտարարությունները՝ գործը շինծու է, հիմնված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որն արժանահավատ չէ եւ այդ ցուցմունքի հիման վրա ոչ միայն հետապնդում չի կարող հարուցվել, այլ անձը չի կարող զրկվել ազատությունից. «Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, բոլորը համոզվեցին դրանում, հատկապես, Առուշանյանի գործով վերջին դատական նիստին, երբ Ավետյանն ասաց, թե ինչ ասել է Առուշանյանի դեմ, սուտ է»:
Կարդացեք նաև
Եվ այն, որ նման հայտարարությունից հետո դեռ Առուշ Առուշանյանը դեռ կալանավորված է, պաշտպանը բացատրում է այսպես՝ քաղաքական հետապնդումները չեն դադարեցվում. «Եթե այն ժամանակ պետությունը տեսնում էր խնդիր, որ Առուշանյանը, մնալով ազատության մեջ, կազդի Ավետյանի վրա, բայց ականատես եղանք, որ խոչընդոտ չկա, հիմա Առուշանյանն ինչո՞ւ է կալանքի տակ, ինչո՞ւ մեղադրանքի կողմը չի հրաժարվում մեղադրանքից ու համապատասխան միջնորդություն չի ներկայացնում դատարան, որ Առուշանյանն անհապաղ ազատ արձակվի։ Սա ապացուցում է այն, որ դատախազությունը մնում է հավատարիմ քաղաքական իշխանությանը ծառայելու առաքելությանը»:
Միաժամանակ, պաշտպանի գնահատմամբ, Առուշ Առուշանյանի գործը քննող դատավորը բացառիկ պրոֆեսիոնալ է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ