Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս՝ կա պայքար, հասարակական դիմադրություն, որը այս իշխանությանը ծանր ապտակներ է հասցնելու»

Դեկտեմբեր 06,2021 15:15

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ եւ դրանից առաջ կայացած ՏԻՄ ընտրություններին՝ ասաց. «Իրականության մեջ, ցավալի է արձանագրել՝ մենք երկու փուլ ունեցանք: Առաջինը՝ 2020 թվականի պատերազմը, երբ մեր հանրության զգալի մասը սկսեց հասկանալ, թե Հայաստանի ներսում իրականում ինչ ուժերի եւ կոնկրետ ում հետ գործ ունի: Բայց ցավալիորեն կար նաեւ մի հատված, որը կարծում էր, թե խնդիրը Արցախի մեջ է, համարում էին՝ զուտ Արցախը տալով կարող են մեր բոլոր խնդիրները լուծվել: Դրա համար նույնիսկ պետական ուժեղ քարոզչամեքենան մտավ խաղի մեջ՝ ցույց տալու համար, որ իբրեւ թե Արցախը իրականում մերը չէ՝ Ադրբեջանինն է: Եվ դա այսօր էլ են շարունակում:

Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր: Սա այն տրամաբանության մեջ է, որ իրենք ուզում էին ցույց տալ, թե Արցախը տալով մենք իրականում ոչինչ չենք կորցրել: Վերջին օրերին էլ տարբեր լրատվամիջոցների, տարբեր անձանց միջոցով փորձում են հայաստանցի-արցախցի նոր խնդիրներ ստեղծել: Նույնիսկ այնքան էն առաջ անցել, որ սկսել են հայտարարել, թե իրականում Հայաստանից Արցախի պատերազմի մասնակիցներին արցախցիներն են սպանել: Սա արդեն քարոզչություն չէ, ներքաղաքական պայքար է:

Երկրորդ ալիքը, հանգրվանային փուլը ադրբեջանցիների ագրեսիան էր Սյունիքի, Վայոց Ձորի ուղղությամբ. մեկը՝ մայիսի 12-ին, երկրորդը՝ նոյեմբերի 16-ին, երբ դրա արդյունքում նույնիսկ պաշտոնական տեղեկություններով 41 ք.կմ տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կորցրել ենք կարեւոր դիրքեր, բարձունքներ, հենակետեր: Հայաստանում կար մի հատված, որը լավ չէր պատկերացնում Արցախի կորստի հետեւանքները: Բայց այսօր սկսել է գիտակցել, որ իրականում սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի դեմ ուղղված ագրեսիա է, եւ ադրբեջանական գործողությունները ոչ միայն չեն նահանջում, այլև այս տարածության մեջ ավելի լկտի տեսք են ստանում:

Բնական է, որ այս իրավիճակը չէր կարող իր արտացոլում չստանալ ՏԻՄ ընտրություններում, որովհետեւ մի կողմից ունենք անպաշտպան երկիր, անվտանգության առումով բավական խոցելի իրավիճակ, իսկ երկրորդ իրավիճակը՝ ունենք անընդհատ ծանրացող սոցիալ-տնտեսական իրավիճակը, որի ազդեցությունն այսօր ցանկացած քաղաքացու վրա է արդեն զգացվում: Հետեւաբար, բնական է, որ քաղաքացիները սկսել են իրավիճակին մի փոքր այլ տեսանկյունից նայել:

Իրականում նաեւ կան համայնքներ, որտեղ իշխող ուժը հաղթող է դարձել, եթե նայում ես ցուցակները, գաղափարական առումով չկա թիմ, եւ մարդիկ, որոնք քաղաքական այս բարդ իրավիճակում իրենց կողմ են քաշել վերմակը, ընդունել են իշխող ուժի պայմանները:

Երեւացող մասով թվում է, թե իշխող ուժը այս կամ այն համայնքում հաղթանակ է տարել, բայց դրանց հաղթանակը այդպես անվանել պայմանական է: Դրանք ունեն զուտ հաշվարկ՝ քաղաքապետ կամ համայնքի ղեկավար դառնալ, բայց գաղափարական, սկզբունքային առումով նրանք գրեթե չեն տարբերվում այն մարդկանցից, որոնց համար գուցե սկզբունքը առաջնային չէ: Հետեւաբար, դրանք այն թիմը չեն, որոնց վրա իշխող ուժը կարող է հենվել»,-ասաց պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը ՏԻՄ ընտրություններում կարեւոր է համարում, որ ոչ իշխանական ուժերը ամենատարբեր համայնքներում ոչ միայն միանձնյա հաղթանակներ են տարել, այլեւ հնարավորություն են ստեղծելու նաեւ մեծ ու փոքր կոալիցիաների միջոցով երկրորդ փուլում վերցնել համայնքների ղեկը: Սա միաժամանակ ցույց տվեց, որ տեղում նույնիսկ վարչական ռեսուրսների՝ մարդկանց ազատելու, ճնշումների, վիրավորանքների այս տոտալ իրավիճակի պայմաններում, ամեն դեպքում կա պայքար, հասարակական ակտիվություն, հասարակական դիմադրություն, որը տարբեր փուլերում այս իշխանության ծանր ապտակներ է հասցնելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031