«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի գնահատմամբ, Հայաստանում դատաիրավական համակարգը ներկայումս գտնվում է շատ ավելի վատ իրավիճակում, քան 3, 20, անգամ 100 տարի առաջ էր։ Այս մասին փաստաբանը խոսեց այսօր՝ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մամուլի սրահում: Միհրան Պողոսյանի գնահատմամբ, օրվա քաղաքական իշխանությունը ցանկացած հարթության մեջ գենետիկորեն անհանդուրժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ուժի հանդեպ, կլինեն փաստաբաններ, քաղաքական մարմիններ, ՏԻՄ մակարդակով որոշ գործիչներ։
Ի հավաստումն ասվածի, Միհրան Պողոսյանը հիշեցրեց Աշոտ Մինասյանի կալանավորման պատմությունը. նա կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչի պահանջի հիման վրա. «2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք: Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց: Մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր արարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել»:
Միհրան Պողոսյանը հիշեցրեց նաեւ այն իրավիճակը, որում հայտնվել էր իշխանությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո. «Օրեր շարունակ հնարավոր չէր գտնել Նիկոլ Փաշինյանին եւ պատասխանատու իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկին եւ, այդ առումով, Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը շատ հարմար պատրվակ էր իշխանությունների համար՝ քաղաքական հարցերը լուծելու։ Մասնավորապես, մինչ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը ոչ ոք չէր խոսում Նիկոլ Փաշինյանի անվտանգությունից, մինչդեռ, Աշոտ Մինասյանի վերաբերյալ գործը եւ Արարատ Միրզոյանի ծեծի դրվագը իշխանություններն օգտագործեցին անվտանգությունն ուժեղացնելու համար»։
Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ Աշոտ Մինասյանին չկալանավորելուց հետո քաղաքական իշխանություններից ասում էին, որ պետք է նոր դատական իշխանություն, իբրեւ այդքան զենք է հայտնաբերվել, բայց դատարանները չեն կալանավորել. «Այդ որոշումը քաղաքական իշխանությունն օգտագործեց՝ դատական իշխանության նկատմամբ այս ոտնձգությունները, հարձակումները եւ գրավման գործընթացը սկսելու համար»: Փաստաբանի գնահատականով, այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում։
Կարդացեք նաև
Միհրան Պողոսյանը խնդրահարույց է համարում նաեւ այն, որ մինչդատական քրեական վարույթի գործերի դատավորների առանձնացում տեղի ունեցավ, այսինքն` կալանք տվողը դարձավ իշխանության սկզբնական որոշումը կայացնողը, իշխանությունը փոխեց նաեւ վերաքննիչի դատավորներին, որոնք պետք է վերահաստատեին այս գործողությունները։ «Այս օպերացիայի երկրորդ փուլն էլ այն էր, որ գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերացվեց։ Իշխանությանը այն ձեռնտու չէր, քանի որ կարող էր պատահականության սկզբունքով որևէ քրգործ մակագրվեր մի դատավորի, որը պատրաստ չէր զանգի միջոցով «արդարադատություն» իրականացնել։ Եվ հիմա բոլոր գործերով, որոնց հանդեպ իշխանությունը հետաքրքրություն ունի, մակագրվելու է իրենց ենթակա դատավորներին»:
Միհրան Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու օր առաջ է հանդիպել Աշոտ Մինասյանին. նրա տրամադրությունը բարձր էր. «Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ