Լրահոս
Օրվա լրահոսը

Գործուղումների ու աշխատավարձ ստանալու բյուջեն գրեթե 100%-ով կատարել են, մնացած կարեւոր ծրագրերը տապալել

Դեկտեմբեր 06,2021 14:51

Այսօր «Հայաստան» խմբակցության անդամները ԱԺ-ում ներկայացրեցին իրենց մոտեցումները 2022-ի բյուջեի նախագծի վերաբերյալ:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ այն, ինչի մասին խոսում է էկոնոմիկայի նախարարը, էկոնոմիկայի հետ բացարձակ կապ չունի. «Ինչքան գները բարձրանան, ինչքան մարդիկ վատ ապրեն, ըստ պարոն Քերոբյանի, մեր տնտեսական աճն այդքան ավելի լավ կլինի, այդ «ժանգլյորությունը» թող ուրիշ տեղ անի: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է նշանակում տնտեսության աճ, ինչ է տնտեսության նոմինալ աճ»:

Խոսելով գնաճի մասին՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ նոյեմբերը հոկտեմբերի համեմատ՝ գնաճը կազմել է 9,6%. «Եթե կառավարությանը հարցնում ես, ասում են՝ արտաքին գնային ճնշումներ են, ինչ անենք, վառելիքն է թանկացել: Եթե դուք չեք կարողանում գները վերահսկել, կարգավորել, ո՞ւմ եք պետք»:

Արթուր Խաչատրյանը վստահ է, որ 7% տնտեսական աճը հնարավոր չի իրականացնել, ավելի իրատեսական է ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի կանխատեսումը, ըստ որի, ՀՀ-ում սպասվում է 4-4,5% տնտեսական աճ:

Պարոն Խաչատրյանը մի քանի ցուցանիշ հրապարակեց՝ ցույց տալու, թե այս իշխանությունները որտեղ են ձախողել ամենաշատը ու որտեղ են «փայլել». «Կապիտալ բյուջեի կատարողականը ձախողել են ֆինանսների նախարարությունը՝ 9 ամսվա տվյալներով, 0,2%, արդարադատության նախարարություն՝ 4.4%, շրջակա միջավայր՝ 9,9%, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 33,1%, բնակարանային ապահովման ծրագիրը կատարել են ընդամենը 16%-ով: ԿԳՄՍՆ-ն՝ 44,9%, որից «Ապահով դպրոց» ծրագիրը կատարվել է ընդամենը 30,1%-ով, «կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» ծրագիրը 24,7%-ով է կատարվել: Ազգային անվտանգության ծառայության կապիտալ ծախսերի բյուջեն կատարվել է 29,5 մլն-ով»:

Ի հակադրում սրա, պետական պահպանության ապահովումը գերազանց արել են՝ 95,2%, ազգային անվտանգության ապահովում՝ 28%: Պետական ընթացիկ ծախսերի կատարողականը շատ բարձր է՝ 92,8%: Օրինակ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընթացիկ կատարողականը 73,1% է, աշխատավարձի բյուջեն կատարվել է 96,2%, արտասահմանյան պաշտոնական գործուղումների բյուջեն 99,9% է կատարվել»:

Արթուր Խաչատրյանը եզրակացրեց՝ այն ծրագրերը, որոնք քաղաքացուն պետք են, չեն կատարում, փոխարենը՝ արտասահմանյան գործուղումների են գնում 100%-ով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031