ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 772 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Դժբախտ ելքով դեպք է արձանագրվել դեկտեմբերի 2-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին:
Բարեբախտաբար արձանագրված մյուս երկու հրդեհներից տուժածներ չկան:
Կարճատև դադարից հետո դեկտեմբերի 4-ին վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները՝ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել:
Կարդացեք նաև
Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 1 ռումբ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, նռնականետի 10 նռնակ և 26 արկ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 31, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 20 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 5 ելք։
Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար: Տուժել է 2 քաղաքացի, նրանց առողջական վիճակը բավարար է:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում:
Հետադարձ կապի հեռախոսահամարներն են՝ 911, 101, 112:
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն