Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը օգոստոսի 30-ին ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված բողոքով հայտնել է տեղեկատվություն տրամադրելու իր հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից ոչ պատշաճ եւ ոչ սպառիչ տեղեկություններ տրամադրելու մասին:
Բողոքի քննարկման ընթացքում ՄԻՊ-ը գրություններ էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզաբանումների պահանջով: Խոսքը Երեւանի Սիլիկյան թաղամասի հին խճուղի 60/1 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվող շինության՝ քարի արտադրամասի վերաբերյալ տեղեկատվական հարցման մասին էր:
ՄԻՊ-ին Երեւանի քաղաքապետարանը պատասխանել էր, նաեւ նշել, որ վարչական դատարանում է գտնվում Միքայել Ղազարյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործը:
ՄԻՊ-ը հաստատված է համարել Շուշան Դոյդոյանի իրավունքների խախտումը, առաջարկել է Երեւանի քաղաքապետարանին նրան տրամադրել պատշաճ եւ ամբողջական տեղեկություններ: