Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններին հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 5710 ձայն` 43,7 տոկոս։
Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններից «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 3856 ձայն` 29,5 տոկոս, իսկ «Հանուն հանրապետության» կուսակցությունը 3480 ձայն`26,6 տոկոս` ինչը նշանակում է, որ ՔՊ-ն չի կարողացել ստանալ 50 և ավելի ձայների մեծամասնությունը՝ համայնքի ղեկավարի պաշտոնը օրենքի ուժով ապահովելու համար:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ համագործակցության հայտարարությամբ են հանդես գալու Նոյեմբերյանի ՏԻմ ընտրություններին մասնակցած «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությանը և «Ապրելու Երկիր» կուսակցության առաջին համարի թեկնածուները։
Նոյեմբերյանում 24163 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 13314 ընտրող, այսինքն՝ 55.17 տոկոսը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքացիները ընտրում են ավագանի, որն էլ ընտրելու է համայնքի ղեկավարին:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ անհատ ձեռներեց Մհեր Աղամյանի գլխավորությամբ:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ