Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի քաղաքագետ. «Այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, կարծում եմ, ակնհայտ է». JAMnews

Դեկտեմբեր 06,2021 12:05

JAMnews. «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», — բազմիցս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թեև 2020 թ-ի պատերազմից հետո նախագահի վարկանիշը բարձր է, ինչպես երբեք, այս հարցում ոչ բոլորն են նրա հետ համաձայն։
Հակամարտության լուծման և բանակցային գործընթացի հեռնակարների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան Ադրբեջանում։ Մենք որոշել ենք տեղի բնակիչներից հետաքրքրվել, թե, նրանց կարծիքով, որ պահին կարելի է լուծված համարել երկու վերացական երկրների միջև հակամարտությունը։

Բնականաբար, վերացական հակամարտության քննարկումն ինքնաբերաբար վերածվում էր Արցախյան հակամարտության մասին դատողությունների։

Դեռևս հարցումն անցկացվել է միայն Ադրբեջանում։ Հետագայում հետաքրքիր կլինի այդ հարցը տալ նաև Հայաստանի բնակիչներին։

Մեր ոչ մեծ հարցման մասնակիցները չեն կարող ներկայացնել ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սակայն հարցումը մի քանի հետաքրքիր միտումներ է արձանագրել դատողություններում, բացի այդ, ցույց է տվել «մեյնսթրիմին» զուգահեռ այլընտրանքային դիրքորոշումներ և կարծիքներ։

1. Հարցվածներից շատերը երրորդ երկրի միջամտությունը հակամարտությանն անհրաժեշտ են համարում։
2. Պատահական ընտրված 20 հարցվածներից ոչ ոք չի համարում, որ հակամարտությունը լուծված է։
3. Բոլոր հարցվածները հակամարտության լուծումը սպասում են քաղաքական գործիչներից, իսկ ժողովուրդների հետագա հաշտեցումն, ըստ նրանց, տեխնիկական հարց է։
4. Նախկին «թշնամու» հետ համագործակցության և համագոյակցության հնարավորությունը ոչ միայն չի բացառվում հարցվածների կողմից, այլև երբեմն համարվում է հակամարտության ավարտի պայման։

Այստեղ բերված են առավել տիպիկ պատասխանները։ Անանունությունը հարցման պայմանն էր, այդ պատճառով էլ հարցվածներին անուններ չենք հորինել։

Բժիշկ, 27 տարեկան
Հակամարտությունը կարելի է ավարտված համարել, եթե դրա լուծումը գոհացնում է բոլոր կողմերին։ Դա հնարավոր է, սակայն հազվադեպ է լինում։ Նման լուծումը կարող է չհամապատասխանել պատմական արդարությանը, երկու կողմերի բոլոր ակնկալիքներին կամ անգամ միջազգային իրավունքի նորմենրին, այնուամենայնիվ, այն ճիշտ կլինի։
Ցանկացած հակամարտության լուծման գլխավոր պայմանն ապագայում կրկնության և արյունահեղության բացառումն է։ Լինում է, որ հակամարտության կողմերից մեկը հանուն դրա համաձայնում է իր պետության տարածքային ամբողջականության խախտմանը։
Քաղաքակիրթ հասարակությունում, ինձ թվում է, մեծ դեր է խաղում ժամանակը․ մեկ սերունդ որ փոխվի, հակամարտությունը կմոռացվի։ Իսկ եթե մենք խոսում ենք ավտորիտար հասարակության մասին, ապա ամեն ինչ կախված է առաջնորդի քաղաքական կամքից։

Թեման մեկնաբանում է քաղաքագետ Լալա Հասանովան․
Կոնֆլիկտաբանները միասնական կարծիք չունեն այն մասին, թե երբ կարելի է հակամարտությունը լուծված համարել։ Ոմանք կողմ են արմատական տարբերակին, երբ հակամարտության բոլոր կողմերն ամբողջությամբ հրաժարվում են հավակնություններից։ Սակայն այդ ժամանակ հարց է ծագում․ իսկ ի՞նչ է լիակատար հրաժարումը։ Օրինակ՝ կատալոնացիների կամ բասկերի հարցն Իսպանիայում․ գործընթացը վաղուց խաղաղ հուն է մտել, ըստ էության, հակամարտություն էլ չկա, սակայն դեռ կան խմբեր, որոնք դժգոհ են ընթացիկ ելքից։ Երբեմն նրանց դժգոհությունը այնպիսի իրադարձությունների առիթ է դառնում, ինչպիսիք էին անկարգությունները Բարսելոնում, 2017 թ-ի չճանաչված հանրաքվեից հետո։

Այդ պատճառով էլ սովորաբար հակամարտության լուծում է համարվում քաղաքական և/կամ տնտեսական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը, եթե դրանք փակ էին։ Երկու կողմերի պահանջների (փոխզիջումային) բավարարումը։ Ոչ փոխզիջումային էլ է հնարավոր, բայց հազվադեպ է հանդիպում։

Այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, կարծում եմ, ակնհայտ է։ Պետք է տարբերել հակամարտության լուծումը և դրա կարգավորումը, որը պետք է բերի լուծման։ Այժմ մենք տեսնում ենք կարգավորման գործընթաց, որը, ցավոք, թափանցիկ չէ, կայուն չէ և մասամբ նույնիսկ սառեցված է։ Դրա մասն են կազմում նաև նախարարությունների պաշտոնյաների մակարդակով հանդիպումները, պետությունների ղեկավարների հանդիպումներն ու խաղաղապահների աշխատանքը։

Սխալ կլինի հույսը դնել միայն այն բանի վրա, որ «քաղաքական գործիչները հարցը կլուծեն, և խաղաղություն կհաստատվի»։ Հասարակությունների միջև շփման բացակայությունը երեսուն տարի, ընդ որում՝ մեդիայում տարածվող ռազմական հռետորաբանությամբ, բոլոր տրավմաները, որոնք հասցրել է հակամարտությունը, չեն կարող ձեռքի մի շարժումով անհետանալ։ Սոցիալական լարվածությունն, ըստ ամենայնի, դեռ կլինի կայուն հարաբերությունների հաստատման առաջին տարիներին։ Այդ պատճառով էլ կայուն կարգավորման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ այն ներառի ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական հարցեր։

Իսա Մուսաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031