Aravot.am-ը թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովից տեղեկացավ, որ նախնական տվյալներով՝ Արթիկում առաջատարը ՔՊ-ն է, որի ցուցակը գլխավորում է գեներալ Մանվելի սանիկը՝ Անանիկ Ոսկանյանը, նա երկար տարիներ գլխավորել է Պեմզաշեն համայնքը։ ՔՊ-ի ցանկում մեծ թվով գյուղապետեր են, այդ թվում նախկին հանրապետականներ։
Այս ուժը ստացել է 7731 ձայն՝ 41,61 տոկոս։
Երկրորդ տեղում Մխիթար Վարագյանի գլխավորած դաշինքն է՝ «Միասնական Արթիկ»-ը, այն ստացել է 4344 ձայն կամ քվեների 22 տոկոսը։ Մխիթար Վարագյանը Արթիկի գործող քաղաքապետն էր։
Երրորդ տեղում Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է, որի թեկնածուն Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանն է, նա այժմ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։
Կարդացեք նաև
Այս ուժը ստացել է 2550 ձայն՝ 13 տոկոս։
Չորրորդ տեղում Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությունն է, որի թեկնածուն Արթիկի նախկին փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն է։ Այս ուժը ստացել է 2214 ձայն կամ 12 տոկոս։
ՀՅԴ-ն 5-րդ տեղում է, ստացել է 936 ձայն կամ 5 տոկոս։ Վերջինիս թեկնածուն Հակոբ Մաթիլյանն է՝ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր, որը ժամանակին մեծ պաշտոններ է զբաղեցրել, եղել է բնապահպանության փոխնախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
6-րդ տեղում Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որը ստացել է 791 ձայն կամ 4 տոկոս։
Բոլոր վեց քաղաքական ուժերն էլ նախնական արդյունքներով մաս են կազմում խոշորացվող համայնքային իշխանության։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ