Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կառավարության նախկին անդամի «հարկադիր» բողոքը

Դեկտեմբեր 06,2021 13:00
dat

«Սկզբնաշրջանում, դեռ մի կարգին ճանաչած չլինելով պատասխանողին, մեզանում տարածված «չգրված օրենքով» կամ, իմ որակմամբ, «5-րդ իշխանության»՝ ավանդութային կամ սովորութային իրավունքի բարոյական ուժով վստահել եմ ու չեմ առաջարկել հիշյալ օրենսգրքով եւ օրենքով նախատեսվող հեղինակային պայմանագիր կնքել, դե նա էլ, ինձ հետին «հարիֆի» տեղ դնելով, չարաշահել է վստահությունս՝ իբրեւ մանրապճեղ շահախարդախ եւ, Մեծամեծն Գարեգին Նժդեհի սկզբունքորեն ստորակարգած, «անմրցելի մնացող հայ տականք»,-իր հայցադիմումը դատարան ներկայացնելով՝ գրել էր Արցախի կառավարության նախկին անդամ, հրապարակագիր, լրագրող Գարեգին Ղազարյանը:

Գարեգին Ղազարյանը դիմելով դատարան՝ հայտնել է, որ 23.07.2017 թվականին իրեն հայտնի է դարձել, որ Ստեփան Հասան-Ջալալյանը հրատարակել է գիրք՝ «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները», որով հրապարակայնորեն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը եւ գրագողություն է կատարել ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող հեղինակային իրավունքի օբյեկտից:

Հայցադիմումը Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին: «Բուն գիրքը չկա համապատասխան վաճառակետերում եւ նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանում, փողկապով «խաչագողը» հայցվորին որեւէ օրինակ չի տվել, թեպետ, առնվազն բարոյապես, պարտավոր էր գոնե վաճառել իրեն, եթե ոչ՝ առավել եւս ընծայել: Եվ դա պատահական չէ: Պատասխանողն անձամբ գիտակցել է, որ միայն առանձին մարդկանց շրջանում տարածած սույն գրքից, իր իսկ ձեռամբ, իր անձնատվյալների արտաքսմամբ եւ գրքի նենգափոխված ձեւով ու բովանդակությամբ արդեն՝ հրապարակայնորեն արատավորել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի նորմերի իմաստով, գրագողություն է կատարել հայցվորիս ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող՝ հեղինակային իրավունքի օբյեկտից՝ օրենսգրքի 63-րդ գլխի եւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի իմաստներով: Զրպարտության, վիրավորանքի, գրագողության պահը, օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի նաեւ 13-րդ կետի իմաստով, ըստ էության՝ նույն գրքի տպագրման պահն է՝ 2017 թվականի հունիս ամսից ոչ վաղ, քանի որ գրքի՝ իր խմբագրած եւ սրբագրած նախահրատ տարբերակը պատասխանողին հանձնել է առձեռն 2017 թ. մայիսի 30-ին, իր իսկ հիշյալ հասցեով բնակարանում, իսկ գրքի ցանկերի համակարգչային շարվածքը, այն է՝ հեղինակային իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը, իր հենց թույլտվությամբ եւ ներկայությամբ, պատասխանողի էլեկտրոնային հասցեին է փոխանցվել 2017 թ. հունիսի 1-ին»,-հայտնել էր նա:

«Առավոտը» դատական վեճը ներկայացրել էր, երբ հայցվոր հրապարակագիրը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Հեղինակն այնպիսի մանրամասնությամբ էր ներկայացրել իրենից «խլվածը», որ այն դարձել էր իրավաբանների քննության առարկա, անգամ դատավորներից էին արձագանքել. այս մակարդակի հեղինակային իրավունքի պաշտպանության գործ դատարանում չի եղել:

Ի վերջո, 2018թ. մարտի 21-ին դատավոր Ս. Երիցյանի վճռով Գարեգին Ղազարյանի հայցը բավարարվում է մասնակի: Դատարանը ճանաչում է Գարեգին Ղազարյանի «հեղինակության» իրավունքը «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի անձնանունների եւ տեղանունների ցանկերի նկատմամբ եւ պարտավորեցնում է Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանին սույն վճիռն օրինական ուժ ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, իր մոտ պահպանված գրքերում, որպես անձնանունների եւ տեղանունների ցանկերի կազմող, առանձին թերթիկի տեղադրման (փակցման) միջոցով նշել Գարեգին Ղազարյանի անուն-ազգանունը (Գարեգին Ղազարյանին, որպես ցանկերի կազմող նշել գրքի հրատարակման կամ վերահրատարակման պարագայում եւս) ամբողջությամբ: Հայցը մնացած՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, ոչ նյութական վնասի դրամային հատուցման եւ գումար բռնագանձելու պահանջների մասով մերժվում է:

2019 թ. փետրվարի 8-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը (Նաիրա Մարգարյան, Անի Մխիթարյան, Արսեն Մկրտչյան կազմով) Գարեգին Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարում է մասնակի: Վերաքննիչը որոշում է՝ մասնակի բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. մարտի 21-ի վճիռը, 73.830 ՀՀ դրամ գույքային վնասի հատուցման պահանջի մասով ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, որոշման պատճառաբանական մասում նշված ծավալով:

Գարեգին Ղազարյանը դիմում է Վճռաբեկ դատարան, նրան չի բավարարում դատարանների «մասնակի բավարարումները», եւ գործը հայտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանի վարույթում 2019թ. մայիսի 22-ից մինչեւ  2021թ. սեպտեմբերի 2-ը: Մինչ օրս Գ. Ղազարյանը չի ստացել դատարանի սեպտեմբերի 2-ի որոշումը: «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում ոչինչ նոր չկա, չկա անգամ «հրապարակման օր» գրառումը, մինչդեռ դատական գործընթացն ավարտվել է սեպտեմբերի 2-ին:

Գարեգին Ղազարյանը «հարկադիր» բողոքներ է ուղարկել ՀՀ դատախազություն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Վերջինս արդեն պատասխանել է նրան, ակնարկելով, թե իր իրավասության տակ չի նման կարգի գործով զբաղվելը, իսկ դատախազությունն էլ ուղարկել է Երեւան քաղաքի դատախազություն: Գարեգին Ղազարյանն «Առավոտին» ասում է. «Երեւան քաղաքի դատախազությունն էլ կուղարկի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, հետո կարուսելը կավարտվի մի նոր կարուսելով՝ քննչական կոմիտե: Բողոքի երկնիշ կարգահամարն ինքնին ամեն ինչ է ասում տվյալ իրավապահ մարմինների կողմից ահազանգածս հիմնախնդիրների չլուծման երկարատեւության եւ նույնիսկ այդ չլուծման ողջամիտ հիմնավորումների բացակայության մասին: Որեւէ գրության մեջ չի էլ նշված բողոքիս լրիվ եւ ճշգրիտ անվանումը: Երեւան քաղաքի դատախազությունը սխալ է պաշտոնակոչել իմ բողոքի հասցեատիրոջը»:

Ըստ Գ. Ղազարյանի՝ մենք գործ ունենք «ծառայողական համերաշխության», «կոռուպցիոն ծանրության վարքագիծ» դրսեւորելու հետ:

«Ինձ պետք չի նյութական վնասի հատուցումը: Ինձ պետք չի, որ գրագողները դառնան գիտնականներ: Ես հիմնավորել էի, թե ինչու պետք է հատուցվի բարոյական վնասս: Եթե ես բողոք չբերեի, չէին իմանա, որ ողջ եմ, չէիք ճանաչի իմ բարոյական վնասի մասին: Եթե ես զրպարտել եմ, ապա սուտ մատնության հոդվածով իմ դեմ քրեական գործ հարուցեք: Նա ներողություն անգամ չի խնդրել՝ դատարանի վճռից հետո էլ, որովհետեւ դատարանը միայն հաստատեց, որ իմ հեղինակային իրավունքը խախտվել է, այդքանը, բայց ով իմացավ»,-ասում է Գարեգին Ղազարյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031