Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրետա Բագիյան. «Մերը դրամատիկական թատրոն չէ,  այլ օպերային եւ ինձ համար թատրոնում առաջին դեմքը դիրիժորն է»

Դեկտեմբեր 06,2021 12:30

Բացառություններն ամենուր են՝ նույնիսկ օրենքներում։ Մենք էլ այս անգամ դիմենք բացառության եւ «Առավոտի» հյուրի՝ ճանաչված մեցցո սոպրանո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Գրետա Բագիյանի հետ զրույցը սկսենք նրա վերջին դերերգից՝ Կարմենից։ Բիզեի համանուն օպերայի պրեմիերայով Երեւանի օպերային թատրոնը 2018թ. հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրություններում, գլխավոր հերոսուհու դերերգով հանդես եկան Գրետա Բագիյանը եւ գերմանաբնակ, դարձյալ ճանաչված երգչուհի, Կարինե Բաբաջանյանը։ Բեմադրությունը ժամանակակից ռեժիսուրայով իրականացրել է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը (ԱՄՆ)։ Հյուրախաղերից հետո միայն հայաստանցի հանդիսատեսը ներկայացման ականատեսը եղավ։

«Կարմեն»

Վերջին անգամ մեր թատրոնում այն ցուցադրվել է ընթացիկ տարվա ամռանը, դարձյալ Գրետա Բագիյանի մասնակցությամբ։ Եվ քանի որ վերջին 20 տարիներին «Կարմենի» այս բեմադրությունը թվով երրորդն է, մասնագիտական շրջանակներում եւ հանդիսատեսի մոտ իրավացիորեն հարց առաջացավ՝ ինչո՞ւ միայն Գրետա Բագիյան, չէ՞ որ 2001թ. Արմեն Մելիքսեթյանի դասական, ապա 2015-ին՝ ժամանակակից ռեժիսուրաներով ներկայացվել է «Կարմենը» (բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան), որտեղ գլխավոր դերերգը հրաշալի կատարել են օպերային թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը, Վարսենիկ Ավանյանը, Ինգա Կարապետյանցը։ Իսկ Գրետա Բագիյանը մելիքսեթյանական «Կարմենի» ժամանակակից ընթերցմամբ ներկայացման մեջ հանդես է եկել Մերսեդեսի դերերգով։

Այս առիթով մեր զրուցակիցն ընդամենն ասաց, թե ժամանակին պատրաստել էր Մերսեդեսի դերերգը։ Մի բան էլ. երբ «Առավոտը» օպերային թատրոնի այն ժամանակվա ղեկավար Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվել էր, թե խաղացանկում արդեն կան Արմեն Մելիքսեթյանի «Կարմենները», ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ եւս մեկն ունենալ, թեեւ հանդիսատեսին հետաքրքիր կլինի, ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Ե՛վ Արմեն Մելիքսեթյանի, ե՛ւ Նաիրե Ստեփանյանի բեմադրությունները կարող են հանգիստ ապրել խաղացանկում»։ Թեեւ ժամանակը ցույց տվեց, որ այդպես չեղավ. «ծալվեցին» եւ մի կողմ դրվեցին Մելիքսեթյանի բեմադրությունները։  Մեր դիտարկմանը, թե աշխարհում նման պրակտիկա չկա, որ տարբեր ռեժիսորների նույնանուն ներկայացումները միեւնույն ժամանակ լինեն խաղացանկում, մաեստրո Օրբելյանը չէր պատասխանել։

Զրույցի ժամանակ Գրետա Բագիյանն ասաց. «Մերը դրամատիկական թատրոն չէ,  այլ օպերային եւ ինձ համար թատրոնում առաջին դեմքը դիրիժորն է»։ Այս մտքի  հետ մենք լիովին համակարծիք ենք։ Ստացվում է Բագիյան- Կարմենին հայտնաբերեց ու ներկայացրեց օտարազգի բեմադրող դիրիժորը՝ Քրիստոֆեր Օկասեկը։ Նույնը՝ դարձյալ Կարմենի դերերգի հետ կապված, տասնամյակներ առաջ պատահել է օպերային դիվա Ելենա Օբրազցովայի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, թե կարիերայի սկզբում իրեն Կարմեն չէին վստահում, բայց հայտնվեց իտալացի հանրահայտ ռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելլին, որը հենց այդ դերերգով Իտալիայում ներկայացրեց իրեն, որից հետո աշխարհի հեղինակավոր թատրոններում Ելենա Օբրազցովայի անունը նույնացվում էր Կարմենի հետ։

«Աիդա»

Ի պատասխան մեր հյուրի կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե շատ հոլովվեց Կարմենը, հայտնեցինք, որ թեեւ «Առավոտն» առաջին անգամ է հյուրընկալել իրեն, բայց օպերասեր հանդիսատեսը, այդ թվում՝ մենք, հետեւելով երգչուհու գործունեությանը, գիտենք, որ 2005-ից հանդիսանալով օպերային թատրոնի մեներգչուհի, մեծ զբաղվածություն է ունեցել թատրոնի խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Վերդիի «Աիդա»-ում՝ Ամներիս, Բելլինիի «Նորմա»-ում»՝ Ադալջիզա, Մոցարտի «Կախարդական սրինգ»-ում՝ Երրորդ տիկին, Չուխաջյանի «Արշակ Բ»-ում՝ Փառանձեմ, Հարությունյանի «Սայաթ-Նովա»-ում՝ Աննա, Պուչինիի «Մանոն»-ում՝ Գավոտտա։ Ժամանակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Եվգենի Օնեգին» բեմադրությունում Գրետա Բագիյանը հանդես եկավ Օլգայի դերերգով։ Բեմադրությունը վարում էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Հատուկ այս աշխատանքի համար հանված էին պարտերի առաջին մի քանի կարգերը, որտեղ «իջեւանել» էր նվագախումբը։ Երգչուհուն տեղեկացրինք նաեւ, որ մինչ օպերային թատրոնը իրեն հանդիպել ենք Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի ներկայացումներում, այդ թվում՝ Պուչինիի «Ծիծեռնակը», «Քույր Անժելիկա», «Ջանի Սկիկի», «Թիկնոցը», տպավորվել է Սանտուցայի դերերգը Մասկանիի «Գեղջկական պատիվը» օպերայում եւ այլն։ Նույնիսկ գիտենք, որ պատրաստել է Ազուչենայի դերերգը Վերդիի «Տրուբադուրում», բայց գոնե մինչ օրս չի ներկայացել դրանով…, Գրետա Բագիյանը ժպտալով ասաց. «Օ՜, համարյա իմ կենսագիրն եք», եւ առանց սպասելու մեր արձագանքին, հավաստիացրեց, որ աշնանը, երբ օպերային թատրոնում իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադին վերականգնում էր իր «Աիդան», որտեղ ինքը հանդես է եկել Ամներիսի դերերգով, ռեժիսորն իրեն ընդամենն ասել է՝ «ափսոսում եմ, որ քեզ վաղուց չեմ ճանաչել…»։

«Արշակ Բ»

Զրույցի ընթացքում Գրետա Բագիյանը հիշեցրեց, որ ընթացիկ թատերաշրջանի սկզբից նոր տնօրինությունը ձեռնամուխ է եղել ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած ներկայացումների վերականգնմանը եւ հույս հայտնեց, որ հերթը կհասնի նաեւ հայ հեղինակների օպերաներին։ Հարցազրույցից հետո երգչուհին շտապում էր թատրոն՝ «Անուշ»-ի հերթական փորձին. «Դեկտեմբերի 4-ին կայանալիք Տիգրանյանի «Անուշ»-ի (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան, բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, թատրոնի ղեկավարությունը գլխավոր բոլոր դերերգերը՝ Անուշ, Սարո, Մոսի եւ այլն, վստահել է Օպերային երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն  Ջավադյան) երգիչներին՝ Օֆելյա Համբարձումյանին, Տիգրան Հակոբյանին, Անի Ղուշչյանին, Բելլա Ամարյանին, Գոշ Սարգսյանին, Ֆերդինանտ Մուրադյանին։ Միայն Մոսիի կերպարը մարմնավորող Արտակ Ստեփանյանն է, ինչպես ասում են՝ «դրսից»… Ռեպլիկին՝ կներեք, բայց, փաստորեն,  դուք այս անգամ երկրորդական կերպար եք մարմնավորելու՝ Սարոյի մորը, երգչուհին պատասխանեց. «Սարոյի մայր, թե Անուշի ընկերուհի… ինձ համար երկրորդական դերերգեր կամ կերպարներ գոյություն չունեն։ Սիրում եմ իմ բոլոր կերպարները»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031