Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամփորդություն ի Արցախ

Դեկտեմբեր 06,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

4. Արցախյան կուրկուտը Տիզբոնում

Մայրաբերդից ետ վերադարձանք, քանի որ պետք է հանդիպեի մեկ այլ մայրաբերդցու՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանին: Գեներալը արցախյան պատերազմներում փառավոր ուղի է անցել: Ջոկատի հրամանատարից դարձել է Ասկերանի ռազմաճակատի հրամանատար, Պաշտպանական բանակի նախարարի տեղակալ:

Ինձ անհանգստացնում էր տեղեկատվական պատերազմում հայկական կողմի անհաջողություններն ու անկազմակերպվածությունը, որը այս բնագավառը, ինչպես եւ քարոզչությունը, հասարակական կարծիքի վրա ներազդելու գործը աչքաթող անելու երեւույթը: Անվտանգության խորհրդի քարտուղարին առաջարկեցի «Շուշի» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը որոշ ուղղություններում աջակցելու արցախցիներին: Վիտալի Բալասանյանն առաջարկեց ստանձնել առանձնատների եւ հասարակական շինությունների տանիքներին արեւային կայանների ձեռքբերման եւ տեղադրման խնդրի լուծումը, քանի որ Թարթառ եւ Հակառու գետերի վրա կառուցված տասնյակ հիդրոէլեկտրակայանները վերջին պատերազմի արդյունքում հայտնվել են թշնամու հսկողության ներքո, ու երկրամասում էլեկտրաէներգիայի ճգնաժամ է առաջացել: Լուրջ խնդիրներից է նաեւ բնակելի եւ հասարակական  շենքերի  նկուղներում հարմարավետ գազապաստարանների կառուցումը: Անշուշտ, հիմնադրամի անունից կդիմեմ համապատասխան կազմակերպությունների՝ առաջարկելով օգնել Արցախին այս խնդիրներում: Հաճախ պատասխանում են, որ ժողովուրդը հոգնել է, արդեն ուժ ու հավատ չունի, կամ թե՝ ո՞ւմ օգնի, այն մարդկա՞նց, որոնք թշնամուն զիջեցին մեր հայրենի գյուղերն ու քաղաքները, ազատագրված հայոց պատմական տարածքները: Մի ժողովուրդ, եթե այլեւս ի վիճակի չէ շարունակել պայքարը իր ազատության, հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթի, ինքնության, տարածքային ամբողջականության համար, պահպանել իր նվաճումները, ապա նա ու նրա երկիրը կորուստի  վտանգի տակ կարող է հայտնվել:

ՀեռուստաLIVE տաղավարի ուղիղ եթերում պետք է զրուցեմ հեռուստամեկնաբան Մարիաննա Բաղունցի հետ:

Ես ինձ համարում եմ Արցախի հեռուստատեսության հիմնադիրներից մեկը, չնայած այդ մասին ոչ մի տեղ չի գրված: 1988-ի փետրվարին, երբ ռեպորտաժներ էի պատրաստում արցախյան ապստամբության մասին, ԼՂԻՄ-ի Ռադիոկոմիտեի նախագահ Սողոմոնյանին խոստացա լուծել Ստեփանակերտում մարզային հեռուստատեսություն հիմնելու խնդիրը: Երեւան վերադառնալով՝ Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանին հայտնեցի Սողոմոնյանի՝ ԼՂԻՄ-ում հեռուստաստուդիա հիմնելու խնդրանքի մասին: Ս. Պողոսյանն առաջարկեց տալ այն մասնագետների անունները, որոնք համաձայն են աշխատել Արցախում, ինչպես եւ այն սարքավորումների ցանկը, որոնք անհրաժեշտ է Ստեփանակերտ ուղարկել: Ստեփանակերտում իմ առաջարկած ռեժիսորին եւ օպերատորներին ընդունեցին, սակայն մերժեցին նորաստեղծ ստուդիայում գլխավոր խմբագիր աշխատելու իմ թեկնածությունը, առավելությունը տալով իմ գրչեղբայր Մաքսիմ Հովհաննիսյանին: Ուղղակի ես բացատրեցի, որ հեռուստատեսության բնույթը խիստ տարբեր է ռադիոյի, իսկ ես կարող էի Արցախ բերել հեռուստատեսությունում իմ քսան տարիների փորձը: Հիմա էլ տեսնում եմ, որ միջակ որակի օպերատորներ կան Արցախում, ռեժիսուրայի տեսանկյունից ո՛չ Երեւանում, ո՛չ էլ Ստեփանակերտում առաջընթաց չի նկատվել, քանի որ քիչ ունակ ռեժիսորները կինոստուդիա էին գնում, իսկ հեռուստատեսության բեմականացումները կամ հաղորդումների որակը միջին կամ միջինից ցածր էր մնում: Խմբագրական ու հեղինակային հաղորդումների վարողների տեսանկյունից երեւանյան հեռուստատեսությունը միջինից բարձր էր ու ԽՍՀՄ մասշտաբով առաջինների շարքում էր: Լավ ռեժիսուրայի դեպքում դրանք կարող էին բացարձակ առաջինը լինել: Իսկ հեռուստատեսության դեմքը հենց ռեժիսուրայի մակարդակն է:

Երեկոյան իր իսկ գրասենյակում հանդիպեցի Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին: Կարծում էի, որ նրա կապերը հայ մեծահարուստների հետ կարելի է օգտագործել Անվտանգության խորհրդի առաջարկած ծրագրերի իրականացման գործում:  Պարտադիր չէ, որ այդ օլիգարխները կամ կազմակերպությունները միջոցներ հատկացնեն մեր հիմնադրամին, իրենք կարող են ուղղակի իրականացնել այդ հույժ կարեւոր ծրագրերը: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը, որը արեւային կայաններ է արտադրում, կարող է մատչելի գներով օգնել Արցախին էներգետիկ ճգնաժամից դուրս գալու հարցում: Բակո Սահակյանը խոստացավ օգնել մեր հիմնադրամին այդ հույժ կարեւոր ծրագրերի իրականացման հարցերում:

Ուշ երեկոյան Սոնայի մորաքրոջ դուստրը՝ Կարինան ու նրա ամուսինը՝ Գագիկը, մեզ հրավիրեցին կուրկուտ ուտելու: Արցախյան կուրկուտ վերջին անգամ կերել էի 1917 թ. տրնդեզի օրը՝ Շուշիում: Բերդաքաղաքի մուտքի մոտ խարույկի վրայով ցատկում էին երիտասարդները, որոնց միացան եւ զինվորները: Հետո նրանք շուրջպար բռնեցին: Այդ պահին էլ եկավ մեքենան, որի թափքում հսկայական կաթսա էր տեղադրված՝ լցված ավանդական կուրկուտով: Մեկօգտագործման ափսեներում լցնում էին կուրկուտն ու մատուցում ազգային տոնի մասնակիցներին: Ես հետագայում այն նկարագրել եմ «Ջամասպ եւ Կավատ Սասանյան արքայից արքաները» պատմավեպում, արդեն Շուշիի կուրկուտը տեղափոխելով V դարի Պարսից կայսրության մայրաքաղաք, թե ինչպես է Տիզբոնում հայտնված Ջրաբերդի Յուղակերտ գյուղից Ջումշուդը կրակապաշտների տոն օրը կուրկուտով հյուրասիրում պարսիկներին: Այդ օրը կուրացրել էին Վաղարշ արքայից արքային, թախտից գցել, նրա տեղը արքայից արքա հռչակելով 15-ամյա Կավատին: Պարսից կայսրության մայրաքաղաք եկած Հայոց երկրորդ պետության՝ Աղվանքի թագավոր Վաչականը իր ընկերոջը՝ Վաղարշի թիկնազորի պետին արցախյան կուրկուտ է հյուրասիրում:

Գագիկենց տունը Ստեփանակերտի Արմենավան թաղամասում է, որից Շուշիի սարահարթը բաժանում է Կարկառի վտակը: Գագիկը բազմաշնորհ երիտասարդ է: Նա հրաշալի թիթեղագործ է: Հատուկ դազգահներ է բերել արտասահմանից, իսկական արտադրամաս ստեղծել: Բացի այդ, նա հրաշալի մեղվաբույծ է ու մաքուր, անարատ մեղր է արտադրում: Փոքրիկ բանջարանոցում նրա աճեցրած լոլիկն ու բիբարը երեւի ամենահամովն են ողջ Հայաստանում: Նրա աշխատասիրությունն ու հմտությունը չափ ու սահման չունի: Իսկ թե ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետությունում տարածում, թե արցախցին ծույլ է ու անբան, հասկանալի չէ: Իհարկե, դրանք մեր թշնամիներն են տարածում: Հիշում եմ, երեւանյան Փեթակ շուկայի դահլիճում հավաքված երեւանաբնակ արցախցիների առջեւ իր ելույթում Արցախի տնտեսությունն էր գովում այն ժամանակ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հետո դիմեց ներկաներին.

-Ո՞վ հարց ունի:

Դահլիճը լուռ էր: Ամեն մեկը մի գործի տեր էր, ինչո՞ւ վտանգի ենթարկվի:

-Ես հարց ունեմ, -ասացի ես, -ամռանը Արցախում շրջել եմ Մարտակերտից մինչեւ հարավային Հադրութ, այցելել բոլոր շուկաներն ու խանութները: Ամեն տեղ լցված են Երեւանի շուկաներից բերած միրգ ու բանջարեղենով, իսկ տեղական արտադրանք միրգ ու բանջարեղենը ոչ մի տեղ չի վաճառվում: Ամեն օր շուրջ 150 ավտոմեքենա վաղ առավոտյան Երեւանի շուկաներից գնում են միրգ ու բանջարեղեն բերում, բաժանում Արցախի բոլոր վաճառակետերին, շուկաներին, իսկ արցախյան այգիներում բերքն ու բարիքը թափվում է ցած, փչանում, քանի որ այդ վաճառակետերից նրանցից ոչինչ չեն ընդունում: Սա՞ է ձեր գովերգած տնտեսությունը: Երբ ես ամոթանք տվեցի մարտակերտցի տնտեսագործներին երեւանյան լոլիկ վաճառելու համար, ինձ պատասխանեցին, որ ոռոգովի հողերը մի հոգու սեփականությունն է, իսկ նա դրանք չի օգտագործում: Երեւանյան այդ միրգ ու բանջարեղենը կրկնակի թանկ է վաճառվում: Այդ գործողության տերերը ութ հոգի են, նրանք են ահռելի եկամուտներ ստանում, մեկ էլ երեւանյան շուկաների տերերը:

-Գիտե՞ք ինչ, արցախցին պոմիդոր աճեցնել չի սիրում, -պատասխանեց վարչապետը:

Ես համոզված էի մի բանում. երբեք գործարարներին բարձր ու պատասխանատու պաշտոններում չի կարելի ընտրել կամ նշանակել: Գործարարը, կամա թե ակամա, այդ դիրքը ի շահ իրեն է օգտագործելու: Անշուշտ, գործարարը մեծ գումարներ է ներդնում ընտրություններում, կաշառում ընտրողներին, նախընտրական հանձնաժողովների անդամներին, նախագահներին:

 

Շարունակելի

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ

04.12.2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031