Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ներկայումս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բացարձակ ցանկություն չունի»

Դեկտեմբեր 06,2021 13:30

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ մաֆիան առնչվում է թուրքական պետական բարձրագույն մարմինների հետ, այն մաս է կազմում ե՛ւ պետական ոչ օրինական գործունեության, ե՛ւ բիզնեսի:

«Մաֆիան առնչվում է թուրքական պետական բարձրագույն մարմինների հետ, այն մաս է կազմում ե՛ւ պետական ոչ օրինական գործունեության, ե՛ւ բիզնեսի»,-«Առավոտի» փաստմանը՝ միջազգային մամուլն էլ է գրում այն մասին, որ Թուրքիայում մաֆիան փոխկապակցված է կառավարող ուժերի հետ եւ հարցին՝ դա վտանգներ չի՞ պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, այսպես պատասխանեց ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ գերմանական Deutsche Welle պարբերականը հրապարակել էր հոդված «Թուրքիա. քաղաքական գործիչներն ու մաֆիան ստեղծում են պետություն պետության մեջ» վերնագրով, որում նշվում է, որ Թուրքիայում գնալով ավելի հաճախակի են դարձել այն կարծիքները, որ մաֆիան օգնում է կառավարությանն ամրապնդել իր իշխանությունը «կիսառազմական միջոցներով»: Սրա վկայությունն է նաեւ այն, որ հոկտեմբերի վերջերին ժամկետից շուտ ազատ արձակվեց թուրքական հանցագործ աշխարհի եւս մեկ առաջնորդ՝ Քուրսադ Յըլմըզը:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան լավ հասկանալու համար պետք է նաեւ ուսումնասիրել մաֆիան եւ պատրաստվում է նման հետազոտություն իրականացնել: Ըստ նրա՝ Թուրքիայում մաֆիան սկսեց ի հայտ գալ, հայտնի դառնալ դեռ սառը պատերազմի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ թուրքական հատուկ ծառայությունները կապեր ունեն մաֆիայի հետ: Պատահական ատովթարի ժամանակ մաֆիայի ղեկավարներից մեկի մոտ, որը զոհվել էր, հայտնաբերվեց թղթապանակ, որտեղից երեւում է, որ նա կապեր է ունեցել այն ժամանակվա Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ: Նա մանրամասնեց. «Մաֆիան կարեւոր երեւույթ է Թուրքիայի ներքաղաքական կյանքում, մասնավորապես երեք-չորս ամիս առաջ Թուրքիայի մաֆիայի ղեկավարներից մեկը հայտնվեց ազատության մեջ եւ սկսեց յութուբով հաղորդումների, բացահայտումների շարք, որտեղ հրապարակեց քաղաքական գործիչների անուններ, որոնք իրենց հետ համագործակցում են: Ասում են, որ պետք է նաեւ Էրդողանին հասնի, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրա ձայնը չի լսվում»:

Թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է սկսել խոսել Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նկատվող դրական ազդակների մասին, սակայն  Ռուբեն Սաֆրաստյանը նման միտումներ չի նկատում: Ըստ նրա՝ Թուրքիայի՝ ՀՀ-ի հետ կապված նկատառումներում չի մտնում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը: Նա հիշեցրեց, որ հենց այս պատճառով էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման երեք փորձերն էլ ձախողվել են: Ռուբեն Սաֆրաստյանն այս առիթով ասաց. «1992-ից սկսած մոտ 30 տարի ներգրավված եմ եղել տարբեր նախաձեռնություններում, որոնք առնչվում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս առումով երեք փորձ է եղել՝ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանում, երբ անմիջական կոնտակտներ կային, որն ամերիկյան նախաձեռնություն էր: Հիշում եմ՝ 1992-ին նախագահականում էի աշխատում. ռազմավարական վերլուծությունների բաժին կար: Այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասաց՝ դուք կարգավորեք հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք կօգնենք: Ամերիկացիները հնարավորություն տվեցին, որ մենք դա անենք, բայց չստացվեց: Երկրորդ փորձը կապված էր երկու հասարակությունների միջոցով հարաբերությունները կարգավորելու հետ, որը եւս ձախողվեց: Երրորդն էլ ֆուտբոլային դիվանագիտությունն էր, երբ գաղտնի բանակցություններ էին վարվում Շվեյցարիայում՝ ամերիկյան դիվանագիտության ներքո, ինչը եւս արդյունք չտվեց: Այս փորձերն արդյունք չեն տվել, որովհետեւ Թուրքիան շահագրգռված չէ հարաբերությունները կարգավորել ՀՀ-ի հետ: Տնտեսական առումով ՀՀ-ն նրա համար նշանակություն չունի, քաղաքական առումով՝ եւս: Այն ժամանակ նրանք կարծում էին, որ ռուսական կախվածությունն ավելի քիչ է, դրա համար էլ գնում էին այդ քայլին: Մեծ էր ամերիկյան կախվածությունը: Իսկ հիմա Թուրքիան նման շարժառիթներ չունի: Ամերիկայից կախվածությունը շատ ավելի թուլացել է այդ հարցերում, ինչպես նաեւ ռազմական առումով: ԱՄՆ-ի կողմից ճնշում չկա Թուրքիայի վրա, ՌԴ հետ իրենք անմիջականորեն իրենց խնդիրները լուծում են: Դրա համար էլ Հայաստանն իրենց համար կարեւոր չէ»:

Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է՝ Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն ուղղակի գեղեցիկ խոսքեր են եւ իրականում չեն արտահայտում Թուրքիայի նկատառումները ՀՀ-ի հետ կապված: Նա պարզաբանեց. «Նրանց նկատառումների մեջ չի մտնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել եւ իրենց կողքին մի պետություն տեսնել՝ հանձին Հայաստանի, որն իրենց հետ ունի նորմալ հարաբերություններ, սահմանը նորմալ գործում է եւ իրենց իրավահավասար պետություն է: Այ, եթե Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցությունից, ընդունի թուրքական հովանավորությունը, այդ դեպքում Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Սա է նրանց մտածողությունը: Այնպես որ, Թուրքիան այժմ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու բացարձակ ցանկություն չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    «Թուրքիան ներկայումս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բացարձակ ցանկություն չունի»
    ՀԳ. ներկայումս եւ հավիտյանս հավիտենից…, տես նախորդ 1000 տարվա պատմությունը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031