Դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք եւ Եղեգնաձոր համայնքներում առաջին անգամ կայացան ավագանու համամասնական ընտրություններ։
Ջերմուկում 5687 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2969-ը։ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 118, ՀՅԴ-ից եւ «Համերաշխություն» կուսակցությունից կազմված «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի օգտին՝ 236 ընտրող։
Ջերմուկում առավելագույն քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 2544 ձայն։ Կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Ջերմուկի համայնքի ղեկավարի պաշտոնակատար 28-ամյա Վահագն Արսենյանը, որն օրենքի ուժով համարվում է համայնքի ղեկավար, քանի որ կառավարող ուժը ստացել է քվեների 76 տոկոսը։
Վայքի ավագանու ընտրություններին առաջադրվել էին «Ազատական», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքում հաշվառված է 9247 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 6267-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ազատական»՝ 1080 քվե, «Հայրենիք»՝ 861, «Հանրապետություն»՝ 1967, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 2257։
Կարդացեք նաև
Վայոց ձորի մարզի մարզկենտրոն Եղեգնաձոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 14 521 քաղաքացիներից մասնակցել է 7067-ը։
«Ապրելու երկիր»-ը ստացել է 332, «Հայ կառուցողական կուսակցություն»-ը՝ 193, «Հանրապետություն»-ը՝ 259, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 1747, « Դավիթ Հարությունյան» դաշինքը՝ 4399։ Դաշինքը կազմել են «Բարգավաճ Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է 55-ամյա Դավիթ Հարությունյանը։
Վայքում ու Ջերմուկում ավագանին կունենա 15 անդամ, Եղեգնաձորում՝ 21։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ