Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ (պատմվածք)

Դեկտեմբեր 05,2021 22:14

Նրանք պատահականորեն հանդիպեցին քաղաքային այգում, որտեղ արհեստականորեն  կահավորված բեմի վրա համերգն էր շարունակվում:

Երեսուն տարեկանն անց հասուն տղամարդը նոր էր մոտեցել այգու նստարաններին, երբ նկատեց, որ  բոլոր տեղերը զբաղված են, բայց հայացքը սահեցնելով նստարանների հոծ շարքի վրայով, նկատեց, որ դրանցից մեկի ծայրին ազատ տեղ կա, որի վրա մեծ չափերի պայուսակ է դրված ու արագորեն մոտեցավ այդ նստարանին, որ ուրիշները հանկարծ  չզբաղեցնեն այդ տեղը:

-Կարելի է՞ Ձեր կողքին նստել,-դիմելով երիտասարդ, համակրելի աղջկան,-ասաց Խորենը:

-Խնդրեմ,-հանկարծակիի գալով պատասխանեց երիտասարդ աղջիկը և արագորեն իրեն մոտեցրեց պայուսակը, ապա դրեց ծնկներին ու բռնեց  բռնակից, որ հանկարծ վայր չընկնի:

Հարմար տեղավորվելով նստարանին, Խորենը կամացուկ շշնջաց աղջկա ականջին.

-Կարծում եմ ձեր պայուսակի մեջ «նոթբուք» պետք է լինի, երևի աշխատանք եք կատարում նրանով:

-Այո՛, ճիշտ կռահեցիք,-կամացուկ պատասխանեց նա,-ես այնպիսի աշխատանք եմ կատարում,  որը խստորեն կապված է համակարգչի հետ, այսօրվա հանձնարարությունս չկարողացա ավարտել, հիմա տանում եմ տուն, որ երեկոյան ավարտեմ շատ կարևոր աշխատանքս, բայց այստեղով անցնելիս հանկարծ լսեցի երաժշտության ձայն և չկարողացա անտարբեր անցնել, շատ եմ սիրում հատկապես դասական երաժշտությունը, բայց ժամանակակից երաժշտությունը նույնպես հաճույքով լսում եմ:

-Ներող կլինեք, գուցե խանգարում եմ, բայց ասեմ, որ ես դասական երաժշտություն նույնպես սիրում եմ, բայց այնքան էլ չեմ հասականում դրանից, քանի որ երաժշտական կրթություն չունեմ, ուղղակի լսելով այդ երաժշտությունը ես յուրովի եմ ընկալում և պատկերացնում այն մեղեդին, որին զուգահեռ մտքումս տեսնում եմ դրան ներդաշնակող երևույթները և գործողությունները:

-Ինձ համար կարևորը մեղեդուց հաճույք ստանալն է, նրա ընկալումը կարող է յուրովի լինել,-նույնպես կամացուկ շշնջաց աղջիկը:

Մի պահ նրանք լռեցին, սակայն համերգի ընթացքում հաճախ շշնջալով մտքեր էին փոխանակում ունկնդրվող երաժշտական մեղեդիների վերաբերյալ, որոնք տարածվում էին օդում ու անհետանում:

Համերգը վերջացավ: Նրանք տեղերից դանդաղորեն վեր կացան և հին ծանոթների նման կողք-կողքի քայլեցին ծառուղով:

-Գուցե ես բռնեմ ձեր պայուսակը,-ասաց Խորենը,-ներեցեք, ինչպե՞ս է ձեր անունը, բավականին երկար նստեցինք կողք-կողքի, բայց անունդ չգիտեմ, իմ անունը Խորեն է-շարունակեց նա:

-Ի՜նչ եք ասում,-զարմացավ անծանոթ աղջիկը,-այս նոթբուքը իմ մշտական ուղեկիցն է, արդեն սովորել եմ նրա ներկայությանը, այնքան էլ ծանր չէ, իսկ անունս էլ Ամալյա է:

-Գեղեցիկ անուն է, ձեզ շատ է սազում-հաճոյացավ Խորենը:

-Հայրիկս է դրել իմ անունը,-արձագանքեց Ամալյան:

Արդեն մթնում էր և Խորենը առաջարկեց ուղեկցել նրան:

-Ես մետրոյով պետք է գնամ,-ասաց Ամալյան,-քաղաքի ծայրամասում ենք ապրում:

-Եթե չեք առարկի, ես կարող եմ ուղեկցել ձեզ, այս ժամին մենակ գնալն այնքան էլ հաճելի բան չէ,-ասաց Խորենը:

Նրանք աշխույժ զրուցելով, քայլեցին մինչև մետրոյի մոտակա կանգառը և աստիճաններով ներս մտան սպասասրահ:

-Դուք այստեղ սպասեք, ես գնամ տոմսեր վերցնեմ,-ասաց Խորենը ու քայլերն ուղղեց դեպի տոմսարկղի կողմը:

-Ինձ համար տոմս չվերցնեք,-արձագանքեց Ամալյան,-ես մշտական տոմս ունեմ և քայլերն ուղղեց դեպի մետրոյի աշխատակցուհու խցիկին առընթեր անցումը, ապա նրան ցույց տալով իր մշտական տոմսը, արգելափակոցից ներս անցավ, շարժասանդուղքի հարթակում սպասեց այնքան, մինչև Խորենը տոմս գնեց, նույնպես անցավ արգելափակոցը և մոտեցավ նրան:

Շարժասանդուղքով նրանք ցած իջան գնացքների սպասասրահ, որտեղ շարունակելով զրույցը, սպասեցին մինչև հերթական գնացքի ժամանումը, որը քիչ անց հայտնվեց և նրանք արագորեն ներս մտան իրենց դիմացի վագոն, տեղավորվեցին նստարանին և շարունակեցին մտերմիկ զրույցը: Վերջին կանգառում նրանք իջան գնացքից և  շարժասանդուղքով այս անգամ վեր բարձրացան և դուրս եկան փողոց:

Մոտ հինգ րոպե քայլելուց հետո նրանք արդեն Ամալյայենց շենքի մոտ էին: Մինչ իրարից բաժանվելը նրանք բջջային հեռախոսահամարներ փոխանակեցին, ապա իրար ձեռք սեղմելուց հետո հրաժեշտ տվին:

Խորենը հետ վերադարձավ մետրոյի նույն կանգառ, սպասեց այնքան, մինչև հակառակ կողմ ընթացող գնացքը հայտնվեց, արագորեն ներս մտավ վագոն, հարմար տեղավորվեց նստարաններից մեկի ազատ տեղում, գրպանից հանեց բջջային հեռախոսը, միացրեց իր նախընտրած ռադիոկայանը, բայց այն լռում էր: Իհարկե, նա մոռացել էր, որ մետրոյում ռադիոալիքները չէին արձագանքում:

Բայց հոգ չէր, նա միացրեց նախապես բջջայինի մեջ մուտք արած երաժշտության շարքը ու ընկղմվեց երաժշտության իր սիրած աշխարհը: Կարճ ժամանակ անց նա  դուրս եկավ վերգետնյա տրանսպորտի կանգառ և հասարակական տրանսպորտով տուն ուղևորվեց:

Նա իրեն չափազանց երջանիկ էր զգում, որ գտել էր Ամալյային ու հուսով էր, որ կթեթևանա այն ցավը, որը պատճառել էր երկու տարի առաջ Ամերիկա անդարձ մեկնած իր սիրած աղջիկը:

Մի քանի օր հետո ֆիլհարմոնիկի տոմսարկղի մոտից նա զանգահարեց Ամալյային և հարցրեց, արդյո՞ք նա կուզենա ներկա լինել աշխարհահռչակ կոմպոզիտոր Բախին նվիրված համերգին, որին  Ամալյան սիրով համաձայնեց և Խորենը նրա համար էլ տոմս գնեց:

Հաջորդ օրը աշխատանքային օրվա ավարտից հետո նրանք հանդիպեցին ֆիլհարմոնիկի դռներից մի փոքր հեռու, բարեկամաբար ողջագուրվեցին և շտապեցին ներս մտնել, քանի որ համերգը շուտով սկսվելու էր: Ներս մտնելուց հետո Խորենը ձեռքի տոպրակը պարզեց Ամալյային, որի մեջ խմորեղեն և շոկոլադի սալիկներ կային: Ամալյան ժպտաց և գովեց Խորենի այդ քայլը, քանի որ բավականին քաղցած էր:

Համերգը վերջանալուց հետո, նրանք դուրս եկան լայնահուն պողոտա և երկար քայլելուց ու մտերմիկ զրուցելով մոտեցան մետրոյի մոտակա կանգառին, որտեղից էլ մեկնեցին Ամալյայենց տուն: Շքամուտքի  մոտ, Խորենը բարեկամաբար Ամալյայի հետ ողջագուրվելուց հետո, հրաժեշտ տվեց նրան և շտապեց մետրոյի նույն կանգառը:

Ամիսներ անցան, որոնց ընթացքում աշխատանքից հետո, նրանք հանդիպում էին, բայց  ոչ հաճախակի, քանի որ Ամալյան հիմնական աշխատանքից հետո անհատական մասնավոր պարապմունքներ էլ էր նաև ունենում:

Մոտեցավ ամառը, և Խորենը առաջարկեց Ամալյային միասին մեկնելու երեքօրյա տուրիստական արշավի հանրապետության գեղատեսիլ վայրերից մեկում: Բարձր տրամադրությամբ նրանք վերադարձան քաղաք և շարունակեցին իրենց ընկերությունը:

Որոշ ժամանակ անց Խորենի մոտ տեղի ունեցավ այն փոփոխությունը, որը սպասելի էր հասուն տղամարդու և երիտասարդ աղջկա հարաբերություններում: Հանկարծ նա զգաց, որ իր համար օրը առանց Ամալյայի  տամուկ ու անհետաքրքիր  է անցնում:

Խորենը սկսեց բջջային հեռախոսով իր աշխատավայրից ավելի հաճախ զանգահարել Ամալյային, որից Ամալյան բավականին նեղվում էր, քանի որ նրա  աշխատանքը կարևոր և պատասխանատու բնույթի էր: Նույնիսկ մեկ անգամ էլ նկատողություն ստացավ իր անմիջական պետի կողմից հաճախակի զանգեր ստանալու հետևանքով:

Եվ ահա այդ օրը Խորենի հերթական զանգի ժամանակ Ամալյան չպատասխանեց հեռախոսազանգին և ընդհատեց զանգը, քանի որ պետի աշխատասենյակում կարևոր առաջադրանքների քննարկումների էր մասնակցում: Խորենը, իհարկե, զարմացավ, ապա կրկնեց հեռախոսազանգը: Երրորդ անգամ զանգը ստանալուն պես Ամալյան ընդհանրապես անջատեց հեռախոսը, քանի որ պետի կողմից ստացավ նոր զգուշացում:

Տեղի ունեցավ այն, ինչը անսպասելի էր:

Պետի աշխատասենյակից վերադառնալով իր աշխատասենյակ, Ամալյան միացրեց անջատած բջջային հեռախոսը, զանգահարեց Խորենին  և կոպտորեն արտասանեց.

-Այլևս ինձ չզանգահարես, գնա գտիր մեկ ուրիշին և ինչքան կուզես զանգահարիր, որից հետո անջատեց հեռախոսը, ապա նաև արգելափակեց:

Սակայն, Խորենը չիմանալով, որ իր հեռախոսը արգելափակված է, փորձեց զանգահարել Ամալյային և պարզել նրա կոպիտ պահվածքի հիմնական պատճառը: Սակայն իզուր, Ամալյայի հեռախոսը այլևս չէր պատասխանում:

Խորենը փորձեց տարբեր հեռախոսներից, զանգահարել Ամալյային, բայց նա հասկանալով, որ անծանոթ համարները Խորենի խորամանկ քայլն է, անմիջապես անջատում և արգելափակում էր դրանք:

Մի քանի անհաջող փորձերից հետո, Խորենը այլ ելք չգտավ և որոշեց այցելել Ամալյայենց տուն և նրան հանձնել իր նկատառումները, որի բովանդակությունը շարադրվում է ստորև:

Իմ 10-ը խնդիրները

  1. Նույնիսկ թշնամի կամ հակառակորդ երկրները իրար հետ նստում են մի սեղանի շուրջ բանակցությունների և որոշում կայացնում, իսկ մենք ոչ թշնամի ենք և ոչ էլ հակառակորդ, մենք եղել ենք ընկերներ և բարեկամներ ու կցանկանայի այդպիսին էլ մնալ:
  2. Դու ինձ վիրավորեցիր, հեռախոսով վերջին անգամ զայրացած տոնով ասելով, որ ես ճարեմ մեկին իմ ժամանցի համար: Մի՞թե ես այդպիսին եմ և քեզ հետ ընկերացել եմ ժամանցի համա՞ր: Գուցե դու ե՞ս արդեն ճարել այդ մեկին ժամանցի համար, որ այլևս չես ցանկանում ձայնս լսել, այդ դեպքում ես ձեռքերս բարձրացնում եմ վերև և հանձնվում:
  3. Ես քեզ երբեք չեմ վիրավորել, այլ հարգել ու սիրել եմ, նաև սիրահարվել և դրա համար չեմ զղջում, քանի որ սերը այն բարձրագույն արժեքն է եղել ինձ համար, որ երբևէ ունեցել եմ կյանքում, բայց դու չես ուզում նույնիսկ հեռախոսով ձայնս լսել և արգելափակել ես համարս, իսկ վերջին անգամ էլ ձեր շենքի աստիճանավանդակի վրա հանդիպելուց կոպիտ ձայնով արտասանեցիր՝ գնա՛ տուն, ես ուշանում եմ: Ու չիմացա՝ թե ու՞ր գնամ Ձեր տուն, թե՝ Մեր տուն:
  4. Ես իմ հոգևոր աշխարհում մենակ էի մնացել սիրելի ընկերուհուս Ամերիկա մեկնելուց հետո և ահա պատահաբար գտա քեզ ու իմ կյանքը նորից լցվեց ուրախությունով ու ավյունով, ես ինձ երջանիկ էի զգում քեզ հետ շփվելով, թեկուզ ոչ հաճախ:
  5. Բայց այդ ընթացքում միշտ վախեցել եմ, որ քեզ չկորցնեմ, զգուշությամբ ու քնքշությամբ եմ վարվել, սակայն իմ նախազգացումները արդարացան ու դու լքում ես ինձ:
  6. Դու քեզ համարում ես հայ-քրիստոնյա, իսկ բարություն չես ուզում անել այն մարդուն, որը քեզ սիրում ու հարգում է և պատրաստ է նույնիսկ զոհաբերվել քեզ համար: Չարությունը, նզովքը անընդունելի են ինձ համար:
  7. Ես նորից մենակ մնացի և քեզանից խռոված պետք է մնամ այս աշխարհում, չըմբռնելով իմ կատարած հանցանքի ծանրությունը:
  8. Խնդրում եմ քեզ, ասա ինձ, որտե՞ղ և ե՞րբ կարող ենք թեկուզ շատ կարճ ժամանակով հանդիպել և պարզել մեր հարաբերությունները:
  9. Եթե հպարտությունդ թույլ կտա և մենք կշարունակենք հանդիպել, նույնիսկ ոչ հաճախ ու ես ասեմ քեզ ց՛տեսություն, այլ ոչ թե՝ մնաս բարյավ:
  10. Հույսը վերջինն է մահանում: Թույլ տուր հավատալ դրան:

Խորենը այս գրությունը դրեց դատարկ ծրարի մեջ, ապա այնտեղ ավելացրեց նաև համերգային վերջին տոմսը, որից հրաժարվել էր Ամալյան ներկա լինել: Տոմսի դարձերեսում գրել էր՝ «Այս քո տեղն էր, երբ արհամարեցիր և չեկար համերգին»: Ծրարի մեջ ավելացրեց նաև նոր գրած իր բանաստեղծությունը, որն այսպիսի բովանդակություն ուներ.

Քայլում եմ, մտորում տխուր,                      Քայլում եմ, դեգերում գլխահակ

Հայացքս սևեռած հեռուն,                            Հանդիպման պարապ մի հույսով,

Դու կորար, չգիտեմ, թե ու՞ր,                        Տքնում է, որոճում շարունակ

Այս գիշեր  մնացի անքուն:                           Ուղեղս` ժանյակներ գործելով:

 

Քայլեցի, հոգնեցի ես մենակ,                        Չգիտեմ ո՞նց ապրեմ այսուհետ,

Մոլորված տուն դարձա գլխիկոր,               Դու չկաս, անհաս ես ինձ համար,

Վիշտս է դարձել անհատակ,                       Անարդար վարվեցիր դու ինձ հետ,

Պատկերդ  է հալածում ամենուր:                Դարձրիր տառապանքս անմար:

Խորենը ծրարը խնամքով դրեց գրպանը, դուրս եկավ տանից, հասավ տրանսպորտի  կանգառ և անհրաժեշտ ավտոբուսով ուղևորվեց դեպի մետրոյի մոտակա կանգառ:

Մետրոյի կանգառի մոտ իջավ ավտոբուսից, արագորեն մտավ մետրոյի սպասասրահ, տոմս գնեց և շարժասանդուղքով ցած իջավ: Գնացքը շատ չուշացավ և Խորենին արագորեն տեղ հասցրեց: Լքելով մետրոյի սպասասրահը նա շուտով հայտնվեց Ամալյայենց բնակարանի առջև, որը այդ շենքի չորրորդ հարկում էր գտնվում: Դանդաղ մոտեցավ դռանը և կամացուկ թակեց դուռը, քանի որ այնտեղ զանգ չգտավ: Որոշ ժամանակ անց դռան հետևից լսվեց Ամալյայի ձայնը:

-Ո՞վ է:

-Խնդրում եմ, եթե կարելի է, մեկ րոպեով բացեք դուռը,-արձագանքեց Խորենը:

Դուռը բացեց հենց Ամալյան, որը շփոթված կամացուկ բարևեց միայն:

Խորենը ձեռքը տարավ գրպանը, հանեց ծրարը ու պարզեց Ամալյային, որը հիպնոսացածի նման այն վերցրեց Խորենի ձեռքից, իսկ Խորենը շուռ եկավ և առանց որևէ բառ արտասանելու հեռացավ:

Անցավ երկու շաբաթ այդ օրից, բայց Ամալյան այդպես էլ չզանգահարեց, Խորենի հանդիպելու առաջարկին ի պատասխան, իսկ Խորենի հեռախոսը շարունակում էր մնալ արգելափակված:

Խորենը արդեն մի փոքր հանդարտվել էր և մտածում էր մի նոր անակնկալ մատուցել Ամալյային, բայց տեղի ունեցավ անսպասելին: Պատահականորեն նրան զանգահարեց  իր նախկին աշխատակցուհի Շուշանը, որի նկատմամբ ինքը այնքան էլ անտարբեր չէր, բայց բավականին տարիքային տարբերություն կար իրենց միջև ու ինքը չէր համարձակվել նրա հետ սերտ կապեր ունենալ:

Այս անգամ Խորենը որոշեց նրան առաջարկել հանդիպելու, եթե կցանկանա և ազատ ժամանակ անցկացնել որևէ սրճարանում, ապա զբոսնել քաղաքում և զրուցել: Շուշանը սիրով համաձայնեց:

Շաբաթ օր էր, նրանք երեկոյան հանդիպեցին օպերայի շրջակա սրճարաններից մեկում: Շուշանը նկատելիորեն փոխվել էր, ավելի գեղեցկացել: Նրանք բավական երկար նստեցին սրճի սեղանի շուրջ, զրուցեցին, հիշեցին միատեղ աշխատանքի հետաքրքիր դրվագները, ապա լքեցին սրճարանը և քայլելով հասան Շուշանենց շենքի մոտ:

Շուշանը երկար ժամանակ միայնակ էր ապրում, ծնողները մեկնել էին Բելգիա և խոստացել, որ իրեն էլ կտանեն, բայց առայժմ այն չէր հաջողվում:

Գուցե քաղաքավարությունից դրդված Շուշանը առաջարկեց Խորենին այցելել իրենց բնակարան և Խորենը, իհարկե, չառարկեց, նույնպես ելնելով քաղաքավարության կանոններից և նրանք շուտով հայտնվեցին Շուշանենց բնակարանում:

Շուշանը տնական սուրճ պատրաստեց, նրանք դանդաղորեն ըմպում էին համեղ սուրճը և սիրալիր զրուցում: Ուշ երեկոյան Խորենը հրաժեշտ տվեց Շուշանին  և տուն վերադարձավ, սակայն մոռացել էր վերցնել Շուշանի հեռախոսահամարը:

Մի քանի օր հետո Խորենը համացանցից գտավ Շուշանի հեռախոսահամարը և վայբեր ցանցի միջոցով կապվեց նրա հետ, առաջարկելով թատերական ներկայացման ընկերանալ: Շուշանը չառարկեց և նրանք պայմանավորվեցին, թե որտեղ պիտի հանդիպեն:

Սակայն, ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ և ահա Շուշանը նույն վայբերով գրություն ուղարկեց Խորենին հետևյալ բովանդակությամբ.

-Ինձ մի զանգեք:

-Ներողություն, ինչո՞ւ,-գրեց Խորենը:

-Ես չորեքշաբթի օրը չեմ գա ներկայացման:

-Բայց ի՞նչ է պատահել:

-Հարմար չեմ գտնում ասել, էլ չզանգեք, ոչ էլ գրեք:

-Ա՛յ, քեզ բան, ի՞նչ պատահեց քեզ հետ:

-Չգրեք և չզանգեք, ընդհանրապես:

-Գոնե գրիր պատճառը:

-Պատճառ չկա, ցտեսություն:

Սակայն Խորենը համառ գտնվեց և Շուշանից իմացավ ամբողջ ճշմարտությունը:

Նրա հետ մտերմիկ հեռախոսազրույցից հետո պարզվեց, որ նույն այդ շենքում ապրում է Շուշանի մոտիկ բարեկամներից մեկը և Շուշանի անմիջական հարևանը նրան հաղորդել էր, որ Շուշանը իրենից բավականին մեծ տղամարդու է բերել տուն, (այսինքն՝ Խորենին), որը մոտ տասը տարով մեծ էր Շուշանից: Այս բարեկամն էլ իր հերթին զանգահարել է Բելգիա և Շուշանի  ծնողներին հայտնել այդ լուրը: Շատ չանցած Շուշանին է զանգահարում զայրացած մայրիկը և մի լավ շշպռում նրան, այլևս արգելելով հանդիպել այդ տղամարդու հետ, քանի որ նրան շուտով պետք է Բելգիա տանեն:

-Այս ինչ նոր ողբերգություն բերեցիր իմ գլխին,-վայբերում գրեց Խորենը:- Շաա՜աաաաա՜տ եմ ափսոսում, որ այսպիսի վախճան ունեցավ իմ բարի մտահղացումը, ինչ արած կամքը քոնն է, ես չեմ կարող հակառակել, կարող եմ միայն ափսոսալ, որ կորցրի մի լավ ու բարի ընկերոջ:

Շուշանը լռում էր և չէր պատասխանում և ահա Խորենը հաջորդ օրը վայբերում գրեց նրան.

-Բարի լույս սիրելի Շուշան: Ես ամբողջ գիշեր չեմ քնել, որ քեզ խոր վիշտ ու ցավ եմ պատճառել: Հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ քո կյանքը խաթարեցի, չիմանալով, որ դու այդքան տգետ ու չար բարեկամներ ունես և նրանց հետին ու խարդախ մտքերով դու  անտեղի տառապեցիր և գուցե կշարունակես որոշ ժամանակ ուշքի չգալ: Դու թեթև նայիր այս ամենի վրա և շարունակիր ապրել քո ուզած ձևով: Նրանք ոչ մի բարոյական իրավունք չունեին քո անձնական կյանքի մեջ իրենց կեղտոտ քիթը խոթելու և քեզ այդքան վիշտ ու ցավ պատճառելու: Ես տեսա և զգացի այն ուրախ ու խնդուն Շուշանին, երբ հանդիպեցինք և այն Շուշանին, որ հրաժեշտ տվեց ինձ ու շատ վատ զգացի, որ ես առիթ հանդիսացա քեզ ցավ պատճառելու: Դու իրենց համար կկարդաս իմ գրածը և կասես, որ մարդկային սերը իրար նկատմամբ չպետք է ապականել հազար ու մի կեղտոտ բամբասանքներով: Ամոթ և պարսավանք նրանց: Միևնույնն է, դու ինձ համար կմնաս լավ բարեկամ և ընկեր, թեկուզ և չհանդիպենք կամ չգրենք կամ չզանգահարենք: Քո լավ բարեկամ և մարդկային սիրով, առանց հետին կեղտոտ մտքերի՝ Խորեն:

Բայց Շուշանը հաջորդ օրը զանգահարեց Խորենին և ասաց, որ որոշումը փոխել է և գալու է ներկայացման, իսկ Խորենը նախորդ օրը հետ էր վերադարձրել Շուշանի տոմսը դրամարկղին:

Հեռախոսազրույցը ավարտելուց հետո, Խորենը անմիջապես դուրս եկավ տանից և շտապեց թատրոնի դրամարկղ, նոր տոմս գնելու: Դրամարկղի աշխատակցուհին տեսնելով Խորենին, իսկույն կռահեց նրա գալու պատճառը և պահած տեղից Խորենին մեկնեց երեկվա տոմսը: Ա՛յ, քեզ հրաշք: Խորենը վճարեց տոմսի արժեքը և ուրախացած տուն վերադարձավ:

Հաջորդ օրը նրանք հանդիպեցին թատրոնի շենքի մոտ: Շուշանը մի քանի օրվա զվարթ աղջիկը չէր, նա տխուր և դալկացած դեմք ուներ, ամբողջ ներկայացման ընթացքում նա ոչ մի բառ չարտասանեց, իսկ երբ դուրս եկան թատրոնի շենքից նա խնդրեց Խորենին, որ տաքսի կանչի:

Երբ տեղ հասան, նա ցտեսություն ասաց և արագ իջնելով մեքենայից շտապեց տուն, չսպասելով, որ Խորենը իջնի և ուղեկցի իրեն:

Խորենը տուն հասնելուն պես վայբերում գրեց նրան.

-Ինչպե՞ս ես, լավ չէիր զգում քեզ:

-Լավ եմ, էլ չգրես և չզանգես:

Ահա նոր հարված Խորենին: Այս ինչ է կատարվում իր հետ:

Երկար ժամանակ Խորենը ուշքի չէր գալիս այս մղձավանջից և որոշեց նորից վերադառնալ նույն տաշտակին, այս անգամ մի նոր հղացումով:

Շաբաթ օրը, Խորենը արդեն կռահել էր, որ Ամալյան այդ օրերին որոշակի ազատ ժամեր է ունենում և որոշեց այցելել Ամալյային այս անգամ մի այլ ակնկալիքով:

Նա ծաղկավաճառից գնեց հենց որ ստացած բաց կարմիր գույնով վարդերից յոթ հատ,  իմանալով, որ յոթ թիվը երջանիկ թիվ է: Դրանք դրեց մի մեծ տոպրակի մեջ, որը նախապես վերցրել էր տանից և մետրոյով ուղևորվեց Ամալյայենց տուն: Բաց տեղի ունեցավ անսպասելին, երբ նա իջավ մետրոյի վագոնից, նայեց շուրջը ու մոտակա նստարանի մոտ նկատեց կանգնած Ամալյային, մոտեցավ նրան և կամացուկ դիպավ թևին: Ամալյան, որ չէր նկատել Խորենին շուռ գալով հանկարծակիի եկավ: Խորենը մռայլ բարևեց, նրան պարզեց վարդերով տոպրակը և ասելով, որ դրանք ծաղիկներ են շտապ հեռացավ:

Ամալյան շփոթված վերցրեց տոպրակը, դրեց նստարանին, որի մոտ կանգնած էր և որի վրա այլ տոպրակ էլ էր դրել: Շուտով սպասվող գնացքը մոտեցավ, կանգնեց և բացեց դռները և Շուշանը այս ու այն կողմ նայելով դանդաղորեն մտավ վագոնի դռնից ներս, իսկ Խորենը սպասասրահի ծայրում կանգնած հեռվից դիտում էր այդ տեսարանը:

Անցել են օրեր և այդպես էլ Ամալյան ոչ զանգում է և ոչ էլ հանում Խորենի հեռախոսի արգելափակումը:

Հիմա Խորենը նոր անակնկալ է մտմտում անել Ամալյայի համար: Սպասենք տեսնենք, թե ինչով կվերջանա այս խառնաշփոթը:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031