44-օրյա պատերազմի զոհերի, գերիների և անհետ կորածների և հաշմանդամ զինվորների ընտանիքների համահավաք․ հայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ,
մենք՝ ներքոստորագրյալ ծնողներս և նույն նպատակներն ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչներս, այս հավաքով նպատակ ունենք ստեղծել մի համակարգող խորհուրդ, որը կզբաղվի այս երեք խմբերի պահանջները բարձրացնելով, նրանց իրավունքները պաշտպանելով և կարիքավորների հոգսերը միասին հոգալով:
Մեր զավակները տվեցին մեր երկրին իրենց կյանքն ու առողջությունը, հետևաբար մենք ենք մեր երկրի իրական տերերը և բոլոր իրավունքները ունենք լինելու գլխավոր պահանջատերը: Մենք պարտավոր ենք շարունակել մեր զավակների պայքարը, բարձր պահելու նրանց պատիվը, վերականգնելու ողջ մնացածների առողջությունը, թույլ չտալու, որ նրանք մոռացության մատնվեն, հակառակ դեպքում նրանք իրապես կդառնան անիմաստ զոհեր, որը թույլ տալու իրավունքը չունենք նախ և առաջ մենք՝ հարազատներս:
Կարդացեք նաև
Այս համախմբումը մեզ հնարավորություն կտա այլևս միասին պայքարել թե՛ գերիների վերադարձի, թե՛ անհետ կորածների հայտնաբերման, թե՛ զոհվածների ընտանիքների, և թե՛ հաշմանդամ և վիրավոր զինվորների խնդիրների բարձրացման համար:
Մեկ տարի մենք, գտնվելով ցավի ու հոգեբանական ծանր հարվածների ազդեցության տակ, ուշացրեցինք այս համախմբումը: Այլևս իրավունք չունենք ուշացնելու կամ չկազմակերպելու այն, որովհետև կան շատ ընտանիքներ, որոնք միայնակ չեն կարող լուծել իրենց խնդիրները, ավելին՝ մատնվել են խորը հուսահատության ու ընկճվածության:
Այս հողը այլևս մեր զավակների արյունից ու մարմիններից է բաղկացած նաև, այն մեզ համար սրբացած է, հետևաբար նախ մեզ է պատկանում, և նախ մենք պետք է կռիվ տանք նրա համար, նախ մեր կարծիքը պետք է հաշվի առնեն մեր երկրին վերաբերող ցանկացած որոշում կայացնելուց առաջ:
Ուստի հորդորում և խնդրում ենք բոլոր անհատներին և ՀԿ-ներին միանալ այս համահավաքին և ցույց տալ իշխանության համար պայքարող քաղաքական ուժերին, թե ինչպես կարելի է համախմբվել և հասնել նրան, որ իշխանության եկած ցանկացած քաղաքական ուժ մեզ հետ հաշվի նստի՝ մեր հայրենիքին վերաբերող ցանկացած որոշում կայացնելիս:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ:
«ԼՈՒՅՍԻ ՃՐԱԳ»