Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիլի Չուգասզյանը չփոխեց իր դժվար արտասանվող ազգանունը եւ  հասավ բարձունքների». Հասմիկ Պապյան

Դեկտեմբեր 05,2021 20:09

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան ստուդիայում կայացավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի աստղերից Լիլի Չուգասզյանի ծննդյան 100- ամյակին նվիրված համերգը, որը նաեւ ուղիղ հեռարձակվում էր յութուբով:

Երեկոյի գեղարվեստական համադրման հեղինակը օպերային երգչուհի, օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանն է: Նրա ձեւակերպմամբ, այսօր մեր երկրում պակասել են իսկական տոները, ուստի հարկ է գոնե երկու ժամով կտրվել դառը իրականությունից եւ փառաբանել Լիլի Չուգասզյանին, որովհետեւ ոչ բոլոր ազգերն ունեն այսպիսի մեծություններ:

«Լիլի Չուգասզյանը երբեք չփոխեց իր դժվար արտասանվող ազգանունը… Ես վստահ եմ, որ նրա երաժշտական գործակալները բազմիցս առաջարկել են դա անել, բայց նա հարազատ է մնացել իր արմատներին եւ դժվար արտասանվող իր ազգանվան հետ միասին հասել է աներեւակայելի բարձունքների»,-ասաց Հասմիկ Պապյանը:

Ինչ վերաբերում է Լիլի Չուգասզյանին, հայազգի երգչուհին համագործակցել է այնպիսի մեծանուն  դիրիժորների ու օպերային աստղերի հետ, որոնց թվում են Հերբերտ ֆոն Կարայանը, Լեոնարդ Բերնստայնը,  Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Մոնսերատ Կաբալյեն եւ այլք։

Ղազարոս Սարյանի անվան ստուդիայի ղեկավարը բեմ հրավիրեց Չուգասզյան ընտանիքի անդամ, արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանին՝ երեկոն վարելու համար: Ցուցադրվեցին արխիվային բացառիկ կադրեր, համերգի ընթացքում հանդես եկան տարբեր սերունդների մեցցո-սոպրանոներ, նաեւ կոնսերվատորիայի ուսանողուհիներ։Կատարվեցին ստեղծագործություններ՝ Լիլի Չուգասզյանի երգացանկից:

«Այս երեկոյին մենք հիշում ենք մեր երգարվեստի նշանավոր դեմքերից մեկին, որին բախտ վիճակվեց  ապրել Հայաստանից դուրս եւ գրավել աշխարհի բեմերը: Մետրոպոլիտեն օպերայի դահլիճը 5500 տեղ ունի…Քանի՞ անգամ է Լիլին այդ դահլիճում երգել եւ քանի անգամ է երգել է աշխարհի տարբեր բեմերից: Միլիոնավոր մարդիկ են լսել եւ շարունակում են լսել Լիլի Չուգասզյանի ձայնը՝ այսօր արդեն հեռարձակումների միջոցով»,-ասաց Լիլի Չուգասզյանի զարմիկ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը՝ ներկայացնելով, որ Չուգասզյան ընտանիքը ծագում է Սեբաստիայից:

Նա ներկայացրեց, թե ինչպես է Լիլի Չուգասզյանի պապը՝ Մինաս Չուգասզյանը իր որդիներին, այդ թվում Լիլիի հորը՝ Վահանին ուղարկել ԱՄՆ: Այնուհետեւ 1915թ աղետի լուրն առնելով իր պապ Լեւոնը վերադարձել է եւ Անդրանիկի բանակում կռվել կամավորների հետ՝ իր հարազատների վրեժը լուծելու համար, Վահանը մնացել եւ խնբագրել է Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթը եւ իր հոդվածներով մասնակցել ԱՄՆ-ում հայապահպանմանը, իսկ մյուս եղբայրը՝ Երվանդը զբաղվել է նյութական խնդիրները լուծելով:

«Լիլի Չուգասզյանը ծնունդ է առել մի ընտանիքում, որտեղ ընդունված էր երգելը: Չուգասզյանների մոտ ընդունված էր տոների ու խնջույքների ժամանակ երգելը: Վահան Չուգասզյանի հոդվածներից մեկը կոչվում է «Հայ մնանք երգով»: Նա  այդպես էլ դաստիարակել է Լիլիին»,-ասաց Լեւոն Չուգասզյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031