Այսօր Լոռիում եւս անցկացվում են ՏԻՄ ընտրություններ: Վանաձորը խոշորանում է, իրեն են միանում Դարպաս, Շահումյան, եւ Գուգարք համայնքները:
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26.744 քաղաքացի, կամ որ նույնն է՝ ընտրողների 29.1 տոկոսը: Մինչդեռ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 92.182 քաղաքացի. «Շատ վատ մասնակցություն ունենք: Համեմատության համար ասեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ ԱԺ ընտրություն: Այն ժամանակ 17:00-ի դրությամբ մասնակցությունը եղել է 35. 251 ընտրող: Սա այն դեպքում, որ այդ թիվը միայն Վանաձոր քաղաքն է եղել: Այսօր 3 գյուղ ավելացել է, բայց ցուցանիշն ավելի ցածր է: Նաեւ նշեմ, որ գյուղերում ակտիվությունն ավելի մեծ է, քան Վանաձորում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թիվ 23 ՏԸՀ նախագահ Տիգրան Պապանյանն ու հավելեց, որ մասնակցության ցածր ցուցանիշը գուցե կապված է նաեւ Վանաձորի սառցակալած փողոցների ու մայթերի հետ. «Թեկնածուների հետ չեմ խոսել, ընտրատեղամասերում որեւէ բան չեն կարողանում ասել, բայց մտածում ենք, որ պատճառը գուցե եղանակային պայմաններն են: Ամբողջ մայթերը սառույցի մեջ են, մարդկանց տեղաշարժվելը շատ դժվար է: Եղանակը ցուրտ է, տնից դուրս չեն գալիս»:
Կարդացեք նաև
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դարպաս համայնքում, ընտրությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցող անձանց 36.9 տոկոսը: Շահումյան համայնքում ընտրության է գնացել բնակչության 31.7 տոկոսը, Գուգարք համայնքում իր քաղաքացիական պարտքը կատարել է 29.9 տոկոսը: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վանաձորի թիվ 23/15 ընտրատեղամասում: Այստեղ քաղաքացիական պարտքը կատարելու է գնացել ընտրողների ընդամենը 22.61 տոկոսը:
ՏԸՀ-ի նախագահն ասաց, որ ՏՀԸ-ն մինչ ժամը 18:30 որեւէ գրավոր դիմում-բողոք չի ստացել. «Մասնավոր զանգեր են եղել հանձնաժողովների նախագահներից եւ դիտորդներից: Տարածքային հանձնաժողովի անդամները գնացել են եւ անմիջապես վերացրել են: Ոչ էական խախտումներ են եղել»:
Տիգրան Պապանյանն արդեն շուրջ 17 տարի է ինչ ՏԸՀ-ի նախագահ է: Ասում է՝ այս տարիների ընթացքում երբեւէ նման ցածր ցուցանիշ չի արձանագրվել. «Համայնքի ղեկավարի ընտրությունների ցուցանիշը միշտ ավելի բարձր է եղել, քան ԱԺ-ի կամ նախագահի ընտրությունների ժամանակ: Այսպիսի ցուցանիշ երբեւէ չի եղել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ