Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանի ընտրություններում ամենաակտիվն Առափին է․ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է այս գյուղի 31 տարվա ղեկավարը

Դեկտեմբեր 05,2021 18:52

Ախուրյան խոշորացվող համայնքում, որտեղ այսօր ՏԻՄ ընտրություններ են, միավորվում են 35 բնակավայր, ընտրություններին մասնակցությունը բավական թույլ է։

Այստեղ ընտրապայքարի են դուրս եկել  երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, որի թեկնածուն Ալբերտ Այվազյանն է՝ Առափիի 31 տարվա համայնքապետը, «Ախուրյան դաշինք»-ը, որի թեկնածուն Արծրուն Իգիթյանն է՝ Ախուրյանի երկարամյա համայնքապետը  և «Հաղթանակ» դաշինքը, որի թեկնածուն Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է։ Արծրուն Իգիթյանը և Կարեն Արշակյանը դաշնակցականներ են։

Ախուրյանն ունի 31 հազար 807 ընտրող։ Կարեն Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոշոր ընտրախախտումներ չեն արձանագրել, սակայն դժգոհ են մասնակցությունից։ Ժամը 17․00-ի դրությամբ 10 հազար 500 մարդ է մասնակցել ընտրություններին։

Վերջինս նշեց, որ ամենաակտիվն Առափին է, այստեղ մասնակցել է ընտրողների 50 տոկոսից ավելին, մինչդեռ մյուս գյուղական համայնքներում մասնակցությունը 30-32-35 տոկոս է կազմում։

«Մարմաշենում 32 տոկոս է մասնակցությունը, Ախուրյանում ևս ցածր է մասնակցությունը։ Թող մասնակցեն, ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի չփոշմանեն»,- ասաց Կարեն Արշակյանը։

ՔՊ-ի թեկնածուն՝ Ալբերտ Այվազյանը ևս հաստատեց, որ ամենաշատ մասնակցությունը՝ ըստ ընտրատեղամասերի, եղել  է Առափիում, գյուղը  1155 ընտրող ունի, 18․00-ի դրությամբ 600 հոգին մասնակցել են։

«Տարածք կա մասնակցությունը լավ է, տարածք կա, թույլ է»,-ասաց Ալբերտ Այվազյանը։

Վերջինս նշեց, որ ընտրախախտումներ չեն արձանագրել, նախընտրական շրջանն էլ գնահատեց խաղաղ։

«Հանգիստ էր, իրար խանգարել չի եղել, քարոզարշավի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել թե՛ մեր, և թե՛ մրցակիցների կողմից»։

Նա նշեց, որ 31 տարի ղեկավարել է Առափին, 6 տարի էլ աշխատել է Ախուրյանի շրջկենտրոնում։

Ալբերտ Այվազյանի պարզաբանմամբ, ՔՊ-ն որևէ մասնակցություն չի ունեցել «Իկիլիկյան դաշինք»-ի՝ ընտրապայքարից դուրս մնալու հարցում, ըստ նրա, տեղի է ունեցել «Ընտրական օրենսգրքի»  130-րդ հոդվածի խախտում։

«Պարոն Իկիլիկյանը իր թիմում պիտի ընդգրկեր առնվազն 17 համայնքներից ներկայացուցիչներ՝ ավագանու անդամի թեկնածուներ, օրենքն ասում է՝ պետք է գոնե 50 տոկոսից ավելի ընդգրկվածություն լինի խոշորացվող համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի,  մարդն ընդգրկել  է 13-ից, ո՞վ է մեղավոր։ Մենք մեղքի բաժին չունենք, չնայած մեղքը բարդում է մեր վրա, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեղավորություն չունի»,- ասաց Ալբերտ Այվազյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031