Արթիկ խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածուն՝ Հակոբ Մաթիլյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավն անցավ խախտումներով, առանց գաղափարական պայքարի, նկատելի էր անտարբերություն։
«Անհավես ընտրություններ էին։ Պայքարը հիմնականում տարվում էր համայնքապետի աթոռը զավթելու, գրավելու ուղղությամբ, ով ոնց կարող էր», -ասաց թեկնածուն։
Նա նշեց, որ Պեմզաշեն համայնքում, որի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ՔՊ-ի թեկնածուն է Արթիկի ՏԻՄ ընտրություններում, խոչընդոտել, չի թույլատրել դաշնակցական թեկնածուի ցուցապաստառների տեղադրումը։
«Շատ վրա չմնացինք փակցնելու, եթե մարդու մակարդակն այդքան է, չես ուզում շփվես։ Ասում էին՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է»։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ո՞ւմ եք համարում մրցակից, ՀՅԴ թեկնածուն ասաց․ «Ես այստեղ մրցակիցներ չունեմ, մեկը Հայաստան ներխուժած թուրքն է, մյուսը՝ իշխանությունը, որ եկել, զավթել է այս երկիրը։ Մնացածի հետ հեշտ է լեզու գտնելը․ և՛ թուրքին, և՛ իշխանություններին մենք վռնդելու խնդիր ունեք։ Հակառակ դեպքում այս համայնքային ընտրություններով երկրում նեղ անձնական հարցեր ենք լուծում, գլոբալ հարցեր չենք լուծելու, երկիր ենք կորցնում։
Եվ այս ընտրությունները լավ առիթ են, որ մենք ցույց տանք, ոտքի ենք կանգնում, ուշքի ենք գալիս։ Արդյունքներից կերևա՝ ճիշտ շարունակո՞ւմ ենք ճանապարհը, թե՞ շարունակելու ենք անընդհատ անկումը, տարածքներ կորցնելը, գերիներ հաձնելը»։
Հակոբ Մաթիլյանը նշում է, որ Արթիկի ՏԻՄ ընտրություններում մասնակցող միակ ընդդիմադիր ուժը ՀՅԴ-ն է, մնացած բոլորը նույնն են, բոլորի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, եթե ուսումնասիրեն ցուցակները, ՝թե ում են բերել-լցրել, պարզ կերևա այս ամենը։
Մեր հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ գյուղապետերը, որոնց մեջ կան նախկին հանրապետականներ, մտան ՔՊ-ի ցուցակ, Հակոբ Մաթիլյանն ասաց․ «Չգիտեմ, երևի տորթ էին բաժանում, տորթի էին ձգտում, կամ վերջին երեք տարիների ընթացքում իշխանություններն անընդհատ նշում էին՝ գողացել եք, թալանել եք, գող եք, ավազակ եք, համայնքապետերն էլ երևի վախեցել են պատասխանատվությունից, փորձում են հարմար դասավորվել իշխանության թևի տակ։
Բոլորս գիտենք, որ այդ համայնքապետերի վրա քրեական գործեր կան սարքած, գործեր կան կարված, որոնք ցանկացած պահի թափահարում են, սկսում են վախեցնել։
Համայնքապետերը չեն էլ թաքցնում, եթե հետները զրուցեք, չեն էլ թաքցնի։ Այսինքն՝ նրանք ինքնապաշտանական բնազդով են առաջադրվել ՔՊ-ով»։
Թեկնածուն նշում է, որ Արթիկի ընտրությունների ելքը կանխատեսելի չէ։
Վերջինս նշում է, որ այս ընտրությունները միջոց են իշխանությունների նկատմամբ հստակ վերաբերմունք ցույց տալու․ պիտի քվեարկեն հանուն մեր երկրի, այլ ոչ թե մի ղեկավարի պաշտոնի համար։
«Ուղղակի ցավ է, որ ամեն ինչը թողած՝ մենք պայքարում ենք, իրար կոկորդ ենք կրծում խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու, իմ համար սա անընդունելի է։ Մենք ավելի մեծ ցավ ունենք, ավելի մեծ դարդ ունենք, մենք Արցախ ենք կորցրել, որի մասին ընդհանրապես չենք խոսում։ Էլ չենք խոսում Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին, արդեն հարմարվել ենք, որ Տաթևով ենք գնալու-գալու, շատ հանգիստ տանում ենք։ Ընդամենը 25 կլիոմետրանոց հատված է մնացել, որ մտնեն Նախիջևան, կապվեն Թուրքիայի հետ, շատ հանգիստ ընդունում ենք, սա՛ է ցավալին, թե չէ ընտրությունները կանցնեն, կգնան»,- ասաց Հակոբ Մաթիլյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ