Այսօր Արթիկ խոշորացվող համայնքում ՏԻՄ ընտրություններ են․ միավորում են 23 գյուղական համայնքներ և Արթիկ քաղաքը։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 6 քաղաքական ուժեր՝ հինգ կուսակցություններ և մեկ դաշինք։
«Միասնական Արթիկ» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մխիթար Վարագյանն է, Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությամբ մասնակցում է Արթիկի նախկին փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրել է գործարար Արթուր Աստոյանի թեկնածությունը։
Կարդացեք նաև
Հայ Հեղափոխական Դաշնակցության թեկնածուն Հակոբ Մաթիլյանն է՝ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր, որը ժամանակին մեծ պաշտոններ է զբաղեցրել, եղել է բնապահպանության փոխնախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությամբ առաջադրվել է Արսեն Աբրահամյանը՝ Արթիկի նախկին քաղաքապետը, Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին։ Նա ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահն է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։
Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի փաստմամբ, ընտրողների թիվը 36 հազար 865 է, թեկնածուների ընդհանուր թիվը 206, ընտրվելու են ընդամենը 27-ը։
Ժամը 11․00-ի դրությամբ մասնակցել են 2498 ընտրող, որը կազմում է ընտրողների 6,78 տոկոսը։ Ահազանգեր ստացել են ընտրատեղամասերում կուտակումների մասին, լուրջ խախտումների վերաբերյալ ահազանգեր չկան։
«Արթիկ քաղաքը մի քիչ ավելի ակտիվ է, քան գյուղական համայնքները», -ասաց Գոռ Պետրոսյանը։
«Համարյա բոլոր խոշոր ընտրատեղամասերում շրջել ենք, իրավիճակը նորմալ է, իր հունով գնում է»,- ասաց նախագահը։
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի կարծիքով ակտիվություն կլինի, քանի որ 206 թեկնածուները ունեն ընտանիքի անդամներ, բարեկամներ, հարազատներ։
«Գյումրիում պասիվ էին, բայց չեմ կարծում Արթիկի տարածաշրջանում պասիվություն լինի, պայքար կա, բայց լարվածություն չկա», -ասաց Գոռ Պետրոսյանը։
Արթիկի 6-րդ դպրոցում տեղակայված թիվ 33/1 ընտրական տեղամասի դիմաց մեծ թվով մեքենաներ էին կայանել, ներսում էլ ընտրելու մեծ հերթ էր․ հերթ էին կանգնել՝ գրկերին մանկահասակ երեխաներ։ Ընտրության էին եկել անգամ ձեռնափայտով։ Ի դեպ, ի տարբերություն Արթիկի կենտրոնական հատվածի, որտեղ սառցակալված փողոցներն անցանելի դարձնելու համար շատ քիչ քանակությամբ աղավազային խառնուրդ էր փռված, ծայրամասում քայլելը վտանգավոր էր։
Մեր այցի պահին՝ ժամը 12․00-ի սահմաններում, թիվ 33/1 ընտրական տեղամասում 1775-ից 58 ընտրողն արդեն իսկ կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Այս մասին մեզ տեղեկացրեց 33/1 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը։
Այն, ըստ նախագահի, ակտիվ ընտրատեղամասերից մեկն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ