Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանի, որն էլ ընտրելու է համայնքի ղեկավարին:
Նոյեմբերյանում ընտրողների թիվը 24163 է (ըստ օրենքի՝ համամասնական կարգով ընտրություններն անցկացվում են 4000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում):
Մեզ հետ զրույցում ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը, նշեց, որ ինքն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի պայծառ ապագայի:
Կարդացեք նաև
Աբազյանը նաև դրական գնահատեց ընտրողների ակտիվությունը և հույս հայտնեց, որ համայնքի բնակիչները ճիշտ ընտրություն կկատարեն:
Նշենք, որ այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ անհատ ձեռներեց Մհեր Աղամյանի գլխավորությամբ:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ