Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 19/27 ընտրատեղամասում ընթացող՝ Գավառ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում հաջորդաբար քվեարկությանը մասնակցած երկու քաղաքացիներ հայտնել են, որ իրենց չեն տվել քվեաթերթիկ, ընդ որում՝ քվեախցիկից դուրս գալուց հետո։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՏԻՄ ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։
Հիշեցնենք, որ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքում միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը։ Միքայել Նահապետյանը նշեց․ «Այսինքն, երկու չքվեարկված քվեաթերթիկներ անհետացել են ընտրատեղամասից։ Հիմա դա կարձանագրվի, բայց իմ ահազանգի իմաստը կայանում է նրանում, որ այդ երկու ընտրողները չեն եղել մեր համակիրները։ Մենք դա ճշտել ենք։ Կարեւոր եմ համարում սա արձանագրել, քանի որ օրվա ընթացքում ամուր հսկողություն ենք անում։ Եթե փորձեն «կարուսել» անել․․․ իսկ դա կարուսելի նախապատրաստություն է հիշեցնում, մենք անպայման դա բացահայտելու ենք։ Երբ բացահայտվի, նախապատմությունն առկա կլինի»։
Միքայել Նահապետյանը նաեւ ասաց, որ այս պահին տեղեկատվությունը վերաբերում է միայն նշյալ ընտրատեղամասին․ «Չեմ բացառում, որ ուրիշ տեղերում եւս հնարավոր է քվեաթերթիկներ դուրս բերվեն, բայց այլ տեղերում դա կազմակերպողներն ավելի փորձառու են եւ կռահել են, թե ոնց է պետք անել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ