Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ մի շարք մարզերի խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված համայնքների թվում է նաեւ Վանաձոր խոշորացված համայնքը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր ընտրությունը կատարեց հանուն ապագայի. «Մեզ համար ցածր եւ բարձր պաշտոններ չկան, մենք գալիս ենք աշխատելու եւ ծառայելու ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը եւ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են կոալիցիա կազմել այլ ուժերի հատ, ասաց. «Եկեք չշտապենք, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ինչ համամասնությամբ են ձայները բաշխվում եւ դրանից հետո արդեն կորոշենք»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ֆեյսբուքում «լայքելու» պատճառով աշխատանքից ազատվեց Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը, թեկնածուն ասաց. «Նման բան չկա, ես տեղեկություն չունեմ ով ո՞ւմ է լայքել: Իմ օրոք է նշանակվել եւ նշանակվելուց առաջ մենք իրեն զգուշացրել ենք, որ պետք է նորմալ սպասարկեն քաղաքացիներին եւ էլի տարբեր պահանջներ են դրվել: Բայց քանի որ այդ պահանջները չի բավարարվել, ես, օգտվելով իմ իրավունքից, ազատել եմ: Կապ չունի՝ իմ նշանակածն է, թե մյուսի, եթե ինքը լավ չի աշխատում, կարծում եմ, որ պետք է ազատվի: Որեւիցե ուրիշ այլ պատճառներ չկան»,- ասաց Արամ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Այս պահի դրությամբ ընտրողների պասիվություն է նկատվում: Այն հարցին, որ գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ փողոցներն ու մայթերը սառած են, Խաչատրյանն ասաց. «Վանաձորում քաղաքապետի պաշտոնակատար կա, բայց այդ առումով շատ վատ ժառանգություն է ստացել: Տեխնիկական միջոցները շատ վատ են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ