Ոստիկանները բերման են ենթարկել Այնթափ համայնքից առաջադրված թեկնածու Կարեն Սարգսյանին, որը «Դավիթ Համբարձումյան» դաշինքից է: Ինչպես նշեց նույն դաշինքի ցուցակով 2-րդ համարը հանդիսացող Նորայր Հակոբյանը, ահազանգ են ստացել Կարեն Սարգսյանի բերման ենթարկվելու մասին, ինչը տարօրինակ է. «Նրան բերման են ենթարկել կեղծ ահազանգի հիման վրա: Մեր փաստաբաններն արդեն մոտեցել են Մասիսի ոստիկանություն, որպեսզի կարողանան ճշտել, թե ինչու են բերման ենթարկել: Կարծես արդեն սկսվում է իշխանական ուժի կիրառումը,եւ ես չեմ հասկանում՝ ինչ են ուզում դրանով ապացուցել»:
Նորայր Հակոբյանը հավելեց, որ փորձել է կապ հաստատել Կարեն Սարգսյանի հետ, սակայն, որեւէ բան չի կարողացել պարզել, Սարգսյանն ընդամենն ասել է, որ բերման են ենթարկում կեղծ ահազանգի հիման վրա: «Կարեն Սարգսյանը մեր դաշինքի առանցքային դերակատարներից է: Այս պահին նրան բերման ենթարկելը խոչընդոտ է ընտրությունների կազմակերպման համար: Այնթափ համայնքը շուրջ 7000 ընտրող ունի, եւ այդ համայնքից առաջադրված թեկնածունին բերման ենթարկելը արդեն իսկ մեծ խոչընդոտ է»,-ասաց «Դավիթ Համբարձումյան» դաշինքի երկրորդ համարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ