«Եթե չեմ սխալվում, 1-2 դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, թե ինչ փուլում են, տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում գրանցած կոպիտ խախտումներին:
«Չեմ կարծում նաեւ, որ սոցիալական աջակցությունը կարող է ազդել մարդկանց մտածելակերպի վրա, որովհետեւ քաղաքացիներն արդեն շատ բան են տեսել եւ օգնություններով, կեղտոտ քայլերով, «կարուսելներ» կիրառելով դժվար թե իշխանությունները հաջողություններ ունենան… Եվ եթե փորձեն «կարուսել» կազմակերպել, հաստատ քաղաքացին չի ընտրի իրենց ուզածը, ու անվավեր կդառնա այդ քվեաթերթիկը»,-ասաց Դավիթ Համբարձումյանը:
Նրա ձեւակերպմամբ, ողջ քարոզարշավի ընթացում 90-ականների ձեռագիր է իրականացվել, ինչի մասին ինքը բազմիցս բարձրաձայնել է. «Մարզպետարանը զանգեր էր անում մարդկանց, ստիպում էր՝ այսպես արեք, այնպես արեք, մանկավարժական կոլեկտիվներին էր զանգում, ցավով են ասում՝ երկու դպրոցի տնօրեն էլ ակտիվ ներգրաված են եղել քարոզչության մեջ, բոլորն էլ գիտեն այդ մասին… Քաղաքացիներին զանգեր, ծնողական խորհուրդներին՝ զանգեր, անգամ աշակերտներին՝ զանգեր, թե ձեր ծնողներին ասեք՝ այսպես անեն… Եվ երբ իրենք խոսում են նոր ժամանակների, իբր ժողովրդի ազատության եւ այլնի մասին, բայց մարզային իշխանությունները սկսում են 90-ականների ոճով գործել, իրենք իրենց հակասում են»:
Դավիթ Համբարձումյանն ասաց, որ տեղեկություններ է ստացել մի քանի գյուղապետերի մասին: Նա լրագրողներին առաջարկեց գնալ Խաչփար համայնք եւ տեսնել, թե ինչով է զբաղված գյուղապետը, ինչպես է ուղղորդում քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ