«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացնում է դիտորդություն հանրապետության 36 համայնքներում, որտեղ տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ: Դաշինքը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ուսումնասիրությունը ծավալուն է, դիտորդություն են իրականացնում 390 դիտորդների կազմում, այդ թվում՝ 42 շրջիկ խմբեր շրջում են բոլոր համայնքներում եւ մոտենում այն տեղամասերին, որտեղից ահազանգեր են ստացվում: Իոաննիսյանն ասաց, որ դիտորդությանը ներգրաված են նաեւ դիտորդներ ՌԴ-ից:
Նա մի շարք խախտումներից խոսեց: Ի թիվս այլնի, ասաց, որ, օրինակ, Վանաձորում արձանագրվել է ընտրողի կողմից քվեաթերթիկներ դուրս բերելու դեպք: «Աշտարակում արձանագրվել է դիտորդի իրավունքների խախտում եւ դեպք, երբ վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական, մինչդեռ այս ընտրություններում այն չկա… Մի շարք համայնքներում տեղամասերին հատկացվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան ընտրողների ցանկն է: Մասնավորապես 20/9, 22/25, 22/12 եւ այլ տեղամասերում 100-120 քվեաթերթիկ պակաս է հատկացվել, եւ ըստ էության հիմա հույսն այն է, որ այդքան ընտրողներ երեւի չեն գնա ընտրության, որովհետեւ եթե քվեաթերթիկներն ավարտվեն մինչեւ քվեարկության ավարտը, անհասկանալի է, թե ինչ պետք է լինի:
Աշտարակում գրանցվել է դեպք, որ ՀՅԴ-ից մեկից ավելի վստահված անձ է եղել միաժամանակ նույն տեղամասում, նույնը Աշտարակում գրանցվել է ՔՊ-ի մասով: Մեծամորում «Զարթոնք» կուսակցության միաժամանակ մի քանի վստահված անձ է գտնվել տեղամասում, Փամբակում էլ ԲՀԿ-ի՝ միաժամանակ 2 վստահված անձ է եղել»,-ասաց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը: