«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը եւ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը խոսում են առողջապահության նախարարության նոր նախագծի մասին, ըստ որի՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։ Անդրադարձ է արվել նաեւ ԵԽԽՎ 2361 (2021) բանաձեւին, ըստ որի՝ ԵԽԽՎ-ն կոչ է անում անդամ երկրներին «ապահովել, որ ոչ ոք խտրական վերաբերմունքի չարժանանա՝ առողջության հնարավոր ռիսկերի կամ պատվաստում չցանկանալու նկատառումներից ելնելով չպատվաստված լինելու պատճառով»: Մասնագետները խոսել են նաեւ բնական իմունիտետի, երեխաների պատվաստման եւ կորոնավիրուսին առնչվող բազմաթիվ այլ հարցերի մասին: Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից:
Էդուարդ Հովհաննիսյան. Երբ առաջին պատվաստանյութերի մասին խոսեցին՝ հույս ունեինք, որ դրանք լինելու են շատ արդյունավետ: Մասնագետները կարծում էին, որ եթե պատվաստանյութն աշխատի եւ այն լինի պատնեշային՝ այսինքն, թույլ չտա ինֆեկցիայի զարգացում՝ ուրեմն, հաղթահարելու ենք համավարակը: Սակայն հույսերը չեն իրականացել՝ արդյունավետությունն ընկել է. դա նշանակում է, որ պատվաստված մարդը կարող է վարակվել…
Դավիթ Մելիք-Նուբարյան. Այստեղ որոշ առումով չեմ կարող համաձայնել… Պատվաստանյութը ստեղծվել է մի շտամի նկատմամբ, եւ իրոք ունի համաճարակային բարձր արդյունավետություն, այսինքն՝ կարող էր կանխել հիվանդացությունը եւ դրանից բխող տարածվածությունը: Բայց հետո շտամը փոխվեց: Այո, շտամի փոխվելու արդյունքում պատվաստանյութերի մեծ մասի արդյունավետությունը 10-20 տոկոսով նվազեց, բայց այնուամենայնիվ՝ չափազանց բարձր է մնում կլինիկական արդյունավետությունը, այսինքն՝ մարդուն պաշտպանելը ծանր ու անդառնալի ընթացքից:
Էդուարդ Հովհաննիսյան. Ուզում եմ՝ մենք հստակ տարանջատենք իրարից պատվաստման մեր նպատակը՝ մահացությո՞ւնն ենք նվազեցնում, թե՞ տարածվածությունը: Արդեն բազմաթիվ երկրներից մենք ստանում ենք տեղեկատվություն, որ այդքան մեծ ազդեցություն չի թողնում տարածվածության վրա, այսինքն՝ պատվաստված մարդիկ էլ են վարակվում, փոխանցում, բայց նրանք ծանր չեն տանում այդ հիվանդությունը՝ որպես կանոն…
Կարդացեք նաև
Դավիթ Մելիք-Նուբարյան. Կան երկրներ՝ օրինակ` Իսպանիան, Ռուսաստանը, որոնք օբյեկտիվորեն գնահատելով իրենց ռեսուրսները՝ հրաժարվեցին այս (սահմանափակումների.-խմբ) որոշումից, քանի որ հասկացան, որ իրական կյանքում դժվար կլինի դա ներդնել ու վերահսկել: Եվ եթե մի բան ես ստորագրում, բայց իրական կյանքում դա չի աշխատում, ապա մարդկանց խաբել հնարավոր չի՝ դուրս են գալիս ու հարցնում՝ մի րոպե, սա՞ է մեր հակահամաճարակային պայքարը՝ թղթի վրա… Ու սա ընդհանուր առմամբ խաթարում է մեր մնացած բոլոր ջանքերը… Եվ եթե հնարավոր չի լինելու վերահսկել՝ ավելի լավ է դա չանել, քանի որ շատ ավելի մեծ վնաս կտա պատվաստումների գործընթացին:
Էդուարդ Հովհաննիսյան. Հիմա եկեք հասկանանք՝ մենք որ ռեստորանները փակում ենք, խթանելո՞ւ ենք թոշակառուների վակցինացիան: Շա՞տ են մեր թոշակառուները գնում ռեստորաններ… Հիշեցնում եմ՝ մահացության 96 տոկոսն ապահովել է բարձր տարիքի խումբը: Մենք պետք է այդտեղից սկսեինք: Ինչո՞ւ Իրանից եկան ՀՀ-ում պատվաստվելու, գիտե՞ք: Որովհետեւ իրենք սկսել էին մեծահասակներից՝ երիտասարդներին թույլ չէին տալիս պատվաստվել… Պետք էր կոնկրետ կենտրոնանալ այն մարդկանց վրա, որոնք բարձր ռիսկի ներքո էին՝ իրենց պատվաստել, որպեսզի որոշակի ձեւով ազդեինք մահացության վրա…
Դավիթ Մելիք-Նուբարյան. Կարեւոր է, որ մարդիկ իմանան՝ գրեթե մասնագետ չկա, որ խոսի պատվաստումների դեմ: Խոսում են պատվաստումների իրականացման ռազմավարությունների, մոտեցումների մասին:
… Իմ անձնական համոզումն է, որ պարտադիր պատվաստումներն արդյունավետ լուծում չեն, եւ այսօր էլ միայն Ավստրիան է, որ նման հայտարարություն արեց, այլ երկրներում քննարկումներ կան: Բայց որպես այդպիսին՝ դա հարցի լուծում չէ. Առավել եւս՝ մեր հասարակությունում շատ դժվար կլինի հասնել պարտադիր պատվաստմանը: Եվ իմ կարծիքն է՝ մենք պետք է փորձենք մարդկանց հետ հաղորդակցվելով ու շփվելով բերենք այն գաղափարին, որ եթե մենք ուզում ենք վիրուսից ավելի շատ պաշտպանված լինել՝ ծանր ու անդառնալի ընթացքից, ապա պատվաստումը շատ լավ լուծում է այս առումով:
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ