Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, գործազրկության բարձր մակարդակը մարդկանց ստիպում են համակերպվել իրավունքների խախտումներին. Տաթեւ Թոխյան

Դեկտեմբեր 04,2021 22:40

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում աշխատանքային իրավունքների պահպանումն ու իրացումն ավելի սրվեց: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւ Թոխյանը:

Նրա խոսքով, կորոնավիրուսի ժամանակ գործատուներն աշխատակիցներին պարտադրում էին իրենց հաշվին արձակուրդ գնալ եւ, որպես հարկադիր պարապուրդ, չէին վճարում, կամ եթե մարդն ուներ արձակուրդ, չէին տրամադրում՝ կրկին պարտադրելով իրենց հաշվին գնալ, ինչը խախտում է:

«Իհարկե, հստակ կարգավորում չկար այդ ժամանակ՝ պիտի վճարվի՞, թե՝ ոչ, որովհետեւ այն հասկացությունը, որն աշխատանքային օրենսգիրքը պարունակում է, դա անհաղթահարելի ուժն է, այն էլ պիտի դատարանը գնահատեր, որ այդ դեպքեում գործատուն կարող է եւ չվճարել: Հետագայում, իհարկե այդ պարապուրդը կարգավորվեց եւ թողնվեց գործատուի հայեցողությանը, բայց գոնե դա կարգավորվեց»:

Նրա խոսքով, առհասարակ աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում կան բազում խնդիրներ, որոնք առնչվում են պաշտպանության մեխանիզմներին, իրազեկմանը:

«Մարդիկ իրազեկ չեն՝ ինչ իրավունքներ ունեն, կամ ինչպես կարող են պաշտպանել, եւ չկան այդ իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմները, որովհետեւ տարիներ շարունակ, հիմնական պաշտպանության միջոցը դատական պաշտպանությունն է, որը ժամանակատար եւ բարդ գործընթաց է, եւ մարդիկ ստիպված չեն դիմում պաշտպանության այդ մեխանիզմին եւ համակերպվում են ձեւական եւ շարունակական խախտումների հետ: Դրանից բացի, երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը եւ գործազրկության բարձր մակարդակը շատ դեպքերում մարդկանց ստիպում են համակերպվել իրավունքների խախտումներին կամ հենց ի սկզբանե, չդիմել պաշտպանությանը»,-ասաց Տաթեւ Թոխյանը:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում էլ, ըստ մեր զրուցակցի, նոր մարտահրավերներ առաջ եկան, իսկ պետությունն իր ողջ օրենսդրական դաշտով պատրաստ չէր:

«Որպես նորամուծություն՝ հեռավար աշխատանքը ներխուժեց մեր կյանք, եւ որպես այդպիսին, կարգավորումներ չկային, չկային պաշտպանության մեխանիզմներ, արտադատական մարմին, որը կպաշտպաներ, չկար հարկադիր մարմին, որը կպաշտպաներ հարկադիր աշխատանքի կամ հարկադիր պարապուրդի, արձակուրդի հետ կապված խնդիրները: Գործատուներն էլ կանգնեցին լուրջ խնդրի առջեւ՝ ինչպես պաշտպանեն աշխատանքների անվտանգ եւ առողջ մթնոլորտը, որպեսզի պայմաններ ստեղծեն, որովհետեւ դա հենց իրենց պարտականությունն էր: Դրան գումարած այն տնտեսական վնասները, որոնք նրանք ունեին: Եվ այդ ամենով հանդերձ, պետք է ապահովեին աշխատանքային իրավունքների իրացումը: Այսինքն՝ երկկողմանի լուրջ խնդիր էր առաջացել եւ պետությունը պատրաստ չէր այդ հարաբերությունների կարգավորմանը»,-ասաց Տաթեւ Թոխյանը:

Նրա խոսքով, հետագայում նախաձեռնվեցին օրենսդրական փոփոխություններ, կարգավորումներ, Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահվեց այդ խնդիրներով դիմելը: Եվ երբ քովիդի հետ կապված բողոքների ուսումնասիրությունն էլ վերապահվեց տեսչական մարմնին, դրանք հետադարձություն չունեցան:

Տաթեւ Թոխյանը գտնում է, որ մեխանիզմների կարգավորման եւ իրազեկման եղանակով պետք է հասնել այդ խախտումների նվազմանը. «Հիմա պարբերաբարաշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախաձեռնվում, այն խնդիրները, որոնք պրակտիկ հանդիպել ենք, ներկայացնում ենք լիազոր մարմնին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031