Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրելի Հենրի Պյորսելի և միմյանց չհարգելու մասին

Դեկտեմբեր 04,2021 20:24

Նոյեմբերի 13-ին եւ 15-ին, Գյումրու «Օլիմպիկ» մարզահամերգային կենտրոնի դահլիճում միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհի, բարոկկո երաժշտության մասնագետ, փարիզաբնակ Նարինե Սիմոնյանի նախաձեռնությամբ ներկայացվեց անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերան: Սույնը, անշուշտ, նշանակալի երևույթ է։ Սակայն օպերայի բեմադրությանն առնչվող գովազդային բազմաթիվ հոլովակներում և բեմադրությունը լուսաբանող այլևայլ հոդվածներում բառ իսկ չկա լիբրետոյի մասին, ինչը, առնվազն, տարակուսանք է հարուցում։ Բանն այն է, որ «Դիդոնե և Էնեաս» օպերայի լիբրետոն, առաջին անգամ հայ իրականության մեջ, թարգմանվել է բնագրից, ընդ որում` կատարվել է գեղարվեստական թարգմանություն, և այդ թարգմանության հեղինակը ես եմ։ Թարգմանությունը կատարել եմ հարգարժան Նարինե Սիմոնյանի պատվերով։ Աչք ծակող այս անարդարությունը շտկելու համար հայ հանրության դատին եմ ներկայացնում Հենրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերայի լիբրետոյի թարգմանությունը, որի հեղինակային իրավունքը պատկանում է տողերիս հեղինակին։ Ի լրումն կարող եմ ավելացնել, որ բնավ գաղափար չունեմ, թե բեմի վրա ինչեր են կատարվել և թե լիբրետոյի թարգմանությունն ինչպես է ծառայել  իր նպատակին, քանի որ պրեմիերային ներկա լինելու հրավեր չեմ ստացել։ Սա անձնական խռովք չէ, քավ լիցի, սա ընդամենը հայ իրականության տխրահռչակ բովանդակությունն է, որտեղ սիրում են օտարին և, իհարկե, սիրում են հետմահու։

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

ԴԻԴՈՆԵ ԵՎ ԷՆԵԱՍ

Օպերա՝ երեք գործողությամբ

Երաժշտության հեղինակ՝  Հենրի Պյորսել

Լիբրետոն՝ Նաում Թեյթի

© Անգլերենից թարգմանությունը և տողատակի ծանոթագրությունները` Սմբատ Բունիաթյանի

Գործող անձինք

ԴԻԴՈՆԵ – նույն ինքը՝ ԷԼԻՍՍԱ –  Կարթագենի թագուհին

ԷՆԵԱՍ – Տրոյայի իշխանը

ԲԵԼԻՆԴԱ – Դիդոնեի մտերմուհին

ԵԿՐՈՐԴ ՏԻԿԻՆ – մեկ այլ մտերմուհի

ՈԳԻ՝ Մերկուրիի կերպարանքով

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

ԱՌԱՋԻՆ ՎՀՈՒԿ

ԵՐԿՐՈՐԴ ՎՀՈՒԿ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է թագավորական արքունիքը: Մտնում են Դիդոնեն, Բելինդան և Դիդոնեի շքախումբը:

ԲԵԼԻՆԴԱ

Վանեք տխրության շուքը Ձեզանից,

Ճակատագիրը Ձեր իղձերն է օրհնում:

Մեզ վիճակվել են ցնծության օրեր,

Զի կայսրությունն է օրեցօր ծաղկում:

Զի հաջողությունը համբուրել է Ձեզ,

Ընդունեք այս շնորհը գոհությամբ անկեղծ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Ի չի՛ք վշտերը, ի չի՛ք տրտմություն,

Թախիծը չպետք է գերի չքնաղ Թագուհուն:

ԴԻԴՈՆԵ

Օ՜ Բելինդա, ինձ տագնապն է հյուծել:

Այն տագնապը, որ խոստովանելու իրավունքը չունեմ:

Չկա խաղաղություն, այն օտար է արդեն,

Ու ես կտանջվեմ՝

Կրելով իմ մեջ այս մտածմունքը:

Թող այդպե՛ս լինի,

Բայց թող անտեղյակ մնա օտարը:

ԲԵԼԻՆԴԱ

Կսկիծը բազմապատկվում է,

Երբ թաքցնում ես նրա գոյությունը:

ԴԻԴՈՆԵ

Այնինչ չեմ կարող բացահայտել

Ես այս գաղտնիքը:

ԲԵԼԻՆԴԱ

Եթե այդպես է, ապա սա՛ կլինի իմ պատասխանը:

Ձեր նվիրական մտքերին տիրել է տրոյացի Հյուրը:

Բայց ճակատագրական, փառավոր այս պարգևը

Մեզ կօգնի, որպեսզի Տրոյան վերականգնենք

Եվ պաշտպանենք մեր Կարթագենը:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Երբ համախմբվեն միապետերը,

Երջանկությունն առատ կլինի մեր պետության մեջ,

Եվ կհնազանդվեն նրանց մեր թշնամիներն ու ճակատագիրը:

ԴԻԴՈՆԵ

Մեզ ո՞վ շնորհեց

Այսքան անձնուրաց այս խաղաղությունը,

Եվ Հերոսն, արդյոք, ո՞ր հողմերին

Եվ մարտական ո՞ր սխրանքներին ձոնեց իր երգերը:

Նա մեղմ է՝ ինչպես թովչանքը Վեներայի1՝ խաղաղության ժամին,

Եվ անողորմ է ճակատամարտում՝ ինչպես սխրանքը Անքիսիսի2:

ՏՈՂԱՏԱԿ 1. Վեներա. Սիրո և գեղեցկության աստվածուհի:

  1. Անքիսիս. Հին հունական դիցաբանության մեջ՝ հերոս՝ դարդարների թագավորական տոհմից:

ԲԵԼԻՆԴԱ

Նա իր կյանքում ունի դառնաղետ մի պատմություն,

Որից լեռներ կհալչեն, կհալչի գութը Թագուհու սրտում:

Ապա ո՞վ է խստասիրտ այն մարդը,

Որ լռությամբ կուրանա հերոսի ոգի՛ն

Եվ դժբախտություն հաղթահարելու նրա կարողությունը:

ԴԻԴՈՆԵ

Իմ սիրտը հալածված է հոգսաբեր փոթորիկներից:

Իմ սիրտը մինչև իսկ ապրումակցում է նրան,

Ով տապալվել է թշվառության ծանր ապտակից:

Ինձ կարող է հուզել ստոր սրիկայի դժբախտությունն անգամ,

Իմ սիրտը նուրբ է, իմ սիրտը զգայուն է այնքա՜ն:

Բայց, ա՜խ, գուցե չափազանց բո՞ւռն եմ սիրում ես նրան:

ԲԵԼԻՆԴԱ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԻԿԻՆ

Մի երկյուղեք վտանգներից տարտամ,

Հերոսը Ձեզ սիրում է այնպես,

Ինչպես որ Դուք սիրում եք նրան:

Նա քնքուշ է վարվեցողությամբ, նրա դեմքը հաճո է ժպիտով,

Հենց նա՛ կխորտակի հոգսերը բոլոր:

Կուպիդոնները3 Ձեր ճանապարհներին սփռում են ծաղիկներ,

Որ Էլիզյան դաշտերում4 են բուրել:

(Երգչախումբը կրկնում է վերջին տունը:)

(Մտնում է Էնեասը՝ իր շքախմբով:)

ՏՈՂԱՏԱԿ 3. Կուպիդոն. Հին հունական դիցաբանության մեջ՝ սիրո աստված, Աֆրոդիտեի անբաժան ուղեկիցն ու օգնականը:

  1. Էլիզեյան կամ Եղյոսյան դաշտեր: Մեկ այլ անվանումն է՝ Ժամանման հովիտ: Անտիկ դիցաբանության մեջ՝ անդրշիրիմյան աշխարհի մի մասը, որտեղ հավիտենական գարունն է թագավորում, իսկ ընտրյալ հերոսներն անհոգս ու առանց տրտմության են ապրում իրենց օրերը:

ԲԵԼԻՆԴԱ

Տեսե՛ք. ահա և Ձեր ազնվազարմ հյուրը.

Ի՜նչ աննման է նրա կերպարանքը:

ԷՆԵԱՍ

Ո՜վ արքայապատկեր գեղեցկություն,

Արդյոք կստանա՞մ Ձեզանից

Թագավորության և սիրո հոգսերով զբաղվելու շնորհը՝

Իբրև օրհնություն:

ԴԻԴՈՆԵ

Քո փափագն արգելված է ճակատագրով:

ԷՆԵԱՍ

Էնեասը այլ ճակատագիր չունի՝ Ձեզանից բացի:

Փափագս է, որ Դիդոնեն ժպտա մշտապես,

Այնժամ հոգ չեն հարվածները բախտի:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Սոսկ Կուպիդոնը կարող է խոցել…

Ռազմիկի սիրտը երկյուղում է սոսկ տեգից Կուպիդոնի,

Այնինչ լոկ այն կինը կարող է բժշկել,

Ով պատճառը եղավ մահաբեր վերքի:

ԷՆԵԱՍ

Եթե ոչ հանուն ինձ, ապա հանուն Կայսրության շահի

Գթացեք Նրան, ով երկրպագում է Ձեզ:

Ա՜հ, չթողնեք հանկարծ, որ անհուսության կրակը լափի,

Եվ ընկնի Քաջը, և Տրոյան մոխրանա ցվերջ:

ԲԵԼԻՆԴԱ

Դու նվաճել ես, և, ահա՛, նվաճում ես Սեր:

Սիրո աչքերը մատնում են այն կիրքը,

Որի մասին լեզուն է լռել:

(Պար: Կիթառները հնչեցնում են Չակոնա5🙂

ՏՈՂԱՏԱԿ 5. Չակոնա. Միջնադարում՝ դիմակահանդեսային պար: Բարոկկոյի դարաշրջանում արդեն՝ երաժշտական՝ գործիքային երկ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Բլուրների վրա և դաշտերում,

Եվ սարերի և լեռների գրկում,

Գեղեցիկ հովիտներում և զովասուն ջրերին մերձ

Թող կայանա դաշինքը գեղեցկության,

Եվ հաղթանակը թող կոչվի՝ Սեր:

Օ՜ ցնծացեք հիմա, սա ձեր ժամն է, կուպիդոննե՛ր:

(Հաղթական պար:)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարան առաջին:

Քարանձավ: Կախարդուհու մուտքը:

Նախերգ:

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

Քմահաճ քույրեր:

Դո՛ւք, որ մենավոր ճամփորդին կաշկանդում եք վախով՝

Երբ իջնում է գիշեր,

Դո՛ւք, որ ճչալ գիտեք՝ ինչպես չարագույժ ագռավներ,

Եվ գիտեք, թե մահացող մարդու պատուհանն ինչպես պետք է թակել…

Արդ կանչում եմ ձեզ,

Որպեսզի միասին մտմտանք չարահնար մտքեր

Եվ չարության հաղթանակը տոնենք՝

Կարթագեն քաղաքում ծնելով բոցեր:

Հավաքվե՛ք, ուրեմն, հավաքվեք:

(Մտնում են վհուկները:)

ԱՌԱՋԻՆ ՎՀՈՒԿ

Ասե ինձ, Կախարդուհի իմ քույր,

Ասա ինձ, թե ինչ ես կամենում:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Մենք հաճույք ենք ստանում վնաս պատճառելիս,

Մենք հանճարներ ենք՝ երբ արարում ենք չարիք:

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

Մայրամուտից առաջ, քանի դեռ չի մարել արեգակը կարմիր,

Կարթագենի թագուհին, որին մենք ատում ենք,

Պիտի դառնա մոխիր:

Մենք ատում ենք նրան

Ինչպես և բարգավաճ այս երկրամասը,

Եվ նա պիտի մեռնի՝ անդարձ կորցնելով

Փառքն իր, և՛ կյանքը, և՛ սերը:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Հո, հո,հո՜, հո, հո, հո՜:

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՎՀՈՒԿՆԵՐ

Խորտակել ամենը մինչև մայրամո՞ւտ:

Մենք դա ինչպե՞ս կարող ենք անել,

Ասա ինձ, քույր:

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

Ճակատագիրը դաշնակցել է տրոյացի Իշխանի հետ

(Դուք բոլորդ նրան գիտեք հայտնապես),

Եվ նրան վիճակված է գտնել իտալական6 հողեր:

Հապա նայե՛ք.

Թագուհին ու Իշխանը որսով են տարվել:

ՏՈՂԱՏԱԿ 6. Իտալական հողեր. հղում է այն պատմությանը, համաձայն որի՝ Էնեասը ընտրյալ էր՝ աստվածների կամքը կատարելու համար: Նա պետք է հիմնադրեր լատինացիների քաղաքը՝ Իտալիայում:

ԱՌԱՋԻՆ ՎՀՈՒԿ

Սը՜ս…

Ես լսում եմ մարտակոչեր:

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

Բայց երբ նրանք կավարտեն որսը,

Իմ հավատարիմ Էլֆը,7

Որ գործում է Յուպիտերի հովանավորությամբ

Եվ ընդունել է հենց ի՛ր, Մերկուրիի կերպարանքը,

Կկշտամբի Տրոյայի Իշխանին՝

Որպես մեղադրանք հարուցելով նրա՝

Իր գործի մեջ դանդաղելու հանգամանքը:

Եվ կստիպի նրան, որ այսօր իսկ հեռանա այստեղից՝

Իր ենթակայության տակ գտնվող նավերի հետ միասին:

ՏՈՂԱՏԱԿ 7. Էլֆեր. մոգական ժողովուրդ՝ գերմանա-սկանդինավյան և կելտական առասպելաբանություններում:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Հո, հո,հո՜, հո, հո, հո՜:

(Գալիս է հարբած նավաստին: Պար:)

ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ ՎՀՈՒԿԵՐ

Մենք նախ կհարուցենք նզովյալ հողմեր,

Որպեսզի որսորդության հաճույքը պղծենք,

Եվ կստիպենք նրանց, որ արքունիք դառնալու ճանապարհը բռնեն:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Մենք կարարենք մեր կախարդանքը

Կամարակապ, խորնիխոր խցում,

Զի մարդը չի կարող տանել այս զարհուրանքը,

Եվ կախարդանքը չի կարող ստեղծվել բնակավայրում:

(Վհուկների և հավերժահարսների պարը:)

Տեսարան երկրորդ:

Պուրակ: Գալիս են Դիդոնեն, Էնեասը և Բելինդան՝ իրենց շքախմբերով:

Ռիտուռնել (պարին նախորդող ներածական երաժշտություն):

ԲԵԼԻՆԴՆԴԱ

 Երանելի եղան այս մաքուր-մենավոր հովիտները,

Կուսական այս սարերն ու զմրուխտ դաշտերը,

Որսահոտն՝ առատ, և հաճույք կա որսական արվեստում,

Դիանան,8 անգամ, սիրով կխայտար այս անտառներում:

(Երգչախումբը կրկնում է քառյակը:)

(Պար:)

ՏՈՂԱՏԱԿ 8. Դիանա. բուսական և կենդանական աշխարհի, որսորդության, կանացիության և պտղաբերության աստվածուհի։

ԵՐԿՐՈՐԴ ՏԻԿԻՆ

Այս մենավոր հովիտների մեջ

Շրջում է կին աստվածն Արտեմիս

Եվ լողանում է կայտառ ջրվեժների մեջ:

Այստեղ ճակատագիրը խոցեց Ակտեոնին9,

Այստեղ հոշոտեցին նրան իր իսկ քերծեները՝ Մոտեցնելով մահին:

Նրան գտան հետո՛, երբ փրկություն չկար,

Նրան գտան հետո՝ իր կործանման ժամին:

(Դիդոնեի շքախումբը պարում է, որպեսզի զվարճացնի Էնեասին:)

ՏՈՂԱՏԱԿ 9. Ակտեոն. Հին հունական դիցաբանության հերոս: Ըստ առասպելի՝ մի անգամ, որս անելիս, Ակտեոնը պատահաբար մոտեցել էր այն ափին, ուր Արտեմիսը (երկրի վրայ բոլոր շնչավորների հովանավոր, հավերժ երիտասարդ աստվածուհի) լողանում էր գետում՝ իր հավերժահարսների հետ: Սուրբ երկյուղ կրելու և շտապ հեռանալու փոխարեն, Ակտեոնը ծպտյալ հիանում էր նրանց մարմիններով՝ իր թաքստոցից: Որսորդին նկատելով, ցասմալի Աստվածուհին նրանից խլում է մարդկային կերպարանքը՝ եղջերու դարձնելով: Հիսուն քերծեներ, որ հենց Ակտեոնին էին պատկանում, հոշոտում են նրան:

ԷՆԵԱՍ

Տե՛ս, նիզակս ճկվել է ծանրությունից,

Նիզակիս սայրին է արնաշաղախ գլուխը մեծաժանիք  հրեշի:10

Սա հենց այն հրեշն էր, որ հոշոտեց որսորդին Վեներայի:

ՏՈՂԱՏԱԿ 10. Հղում է հունական դիցաբանության այն պատմությանը, համաձայն որի՝ Արտեմիս աստվածուհու սիրեցյալ Ադոնիսը (փյունիկյան աստված, որն անձնավորում էր մահացող և վերակենդանացող բնությունը) մահանում է որսի ժամանակ: Նրան հոշոտում է աժդահա, հսկայական ժանիքներով մի վարազ:

ԴԻԴՈՆԵ

Երկինքը մռայլվում է, ամպերը ծանրանում են՝ դառնալով կապար:

Սը՜ս: Լսո՞ւմ ես…

Կայծակը ճղում է կաղնիներ լեռնադալար:

ԲԵԼԻՆԴԱ

Շտապե՛ք:

Մեզ ժամ առաջ քաղաք հասնել է պետք:

Փոթորիկն, ուր որ է, կմոլեգնի ազատ,

Իսկ դաշտը բաց է՝ մարդու ափի պես:

(Երգչախումբը կրկնում է քառյակը:)

Դիդոնեն, Բելինդան և շքախումբը հեռանում են: Կախարդուհու ուղարկած ոգին մոտենում է Էնեասին՝ Մերկուրիի կերպարանքով:

ՈԳԻ

Կանգ ա՛ռ, Իշխան, և ընդունիր Յուպիտերի կամքը:

Դու հենց այս գիշեր պետք է ճանապարհ ընկնես

Եվ պետք է որ դու անտրտունջ կատարես այս հրամանը:

ԷՆԵԱՍ

Հենց այսօ՞ր:

ՈԳԻ

Դու պետք է թողնես այս երկիրը հենց այս երեկո:

Ցասմավառ աստված չի կարող ընդունել հապաղումը քո:

Սիրո վայելքով արբելու համար դու չունես ժամանակ,

Քեզ տրված ժամանակը դու պետք է ծախսես

Արևմտյան ափեր11 հասնելու համար:

Քեզ սպասում է Տրոյան,

Դու պետք է վերականգնես ավերված քաղաքը,

Ահա հենց սա է քեզ հրամայել Յուպիտեր աստվածը:

ՏՈՂԱՏԱԿ 11. Արևմտյան ափեր. Հին հունական դիցաբանության մեջ՝ «Արևմտյան ափեր» բառակապակցությունը ենթադրում էր այն տարածքը, որ կոչվում էր՝ Հեսպերիա: Սա Իտալիայի հին հունական անվանումն է:

ԷՆԵԱՍ

Յուպիտերի հրամանը կկատարվի անշուշտ:

Մենք խարիսխ կբարձրացնենք մայրամուտից ոչ ուշ:

(Ոգին անհայտանում է։)

Ա՜խ, ի՞նչ է սա, չէ՞ որ չգիտեմ,

Թե վշտահար իմ Թագուհուն

Ինչպես կամ ինչով կարող եմ սփոփել:

Ես ինչպե՞ս հեռանամ,

Ես ինչպե՞ս մերժեմ նրա գորովանքը:

Օ՜ ճակատագիր, անողո՜ք, դաժա՛ն,

Սոսկ մեկ գիշերվա վայելքից հետո

Դու ինձ դրդում ես հարկադիր բաժանման:

Օ՜ աստվածներ, մեղավոր ու սին,

Հեշտ ելքը մահն է,

Բայց ես հնազանդվում եմ ձեր քմահաճույքին:

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ ԵՎ ՎՀՈՒԿՆԵՐ

Ժա՛մն է, թող կայանա հոգեցունց պարը՝

Հիմա՝ երբ հաջողել է մեր կախարդանքը:

Թող Կարթագենի հավերժահարսները պարեն նազանքով,

Թող սեթևեթեն, թող փարատեն ձեզ իրենց խաղերով:

Երբ երկնքի ոգիներին կգերի պարը,

Պարը փրթիկ-փրթիկ կոչնչացնի դրախտ Պուրակը:

Գործողություն երրորդ

Նավեր: Գալիս են նավաստիներ, Կախարդուհին ու վհուկները:

Նախերգ:

ՆԱՎԱՍՏԻ

Նավը ծով տարեք, նավաստի ընկերներ,

Խարիսխը քաշել ենք արդեն,

Նավը ծով տարեք:

Երբ հետաձգում ես գործն ու նպատակը,

Չեն հանդուրժում ժամանակն ու ծովը:

Կարճատև բաժանում խոստացեք սիրելի կանանց,

Որ մնացին իրենց եզերքում,

Մնացին լքված,

Եվ մխիթարեք նրանց՝

Շռայլելով շուտափույթ հանդիպման խոստումը,

Այնինչ քաջ գիտեք ամենքդ,

Որ չի լինելու ձեր վերադարձը:

(Երգչախումբը կրկնում է նավաստու խոսքը:)

(Նավաստիների պարը:)

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

Հապա տեսե՛ք, քամուց փողփողում են ծովադրոշները,

Խարիսխները քաշել են, և ազատ ու բաց են առագաստները:

ԱՌԱՋԻՆ ՎՀՈՒԿ

Ալիքնե՜ր, ալիքնե՜ր դավաճանության…

Ալիքնե՜ր մահվան և սին հույսերի…

Եվ ալյաց վրա, և ալյաց վրա

Ահա փայլում են աղոտ-խաբուսիկ շողերը Ֆեբի:11

ՏՈՂԱՏԱԿ 11. Ֆեբ. Հին հունական և հռոմեական դիցաբանության մեջ՝ արվեստի և մուսաների հովանավոր, լույսի ոսկեգանգուր աստված Ապոլոնն է,  որ հայտնի է նաև Ֆեբ անձնանունով:

ԵՐԿՐՈՐԴ ՎՀՈՒԿ

Իրականացավ մեր մտահղացումը,

Թագուհին ճաշակել է բաժանման դառնությունը:

ՎՀՈՒԿՆԵՐԸ՝ ԵՐԿՈՒՍՈՎ ՄԻԱՍԻՆ

Էլիսսա՛12. ահա և վե՛րջ:

ՏՈՂԱՏԱԿ 12. Էլիսսա. Դիդոնեի երկրորդ անունն է:

ԿԱԽԱՐԴՈՒՀԻ

Մենք այլ գործեր ունենք՝ անչափ հաճելի:

Մենք պետք է երկնենք մահաբեր փոթորիկ՝

Որ ծովում խեղդենք Քաջին Էլիսսայի:

Օ՜ չկա վայելք՝ սրանից ուժգին,

Երբ տիրում ես դու ուրիշի վշտին:

Էլիսսան արյունաքամ կլինի այսօր

Իսկ վաղը Կարթագենը կայրվի ցմրուր:

(Բոլորը միասին կրկնում են վերջին երկու տողը:)

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Մեծ ցնծություն կա, երբ կործանում ես,

Եվ վիշտն է առատ՝ բուն ցնծության մեջ:

Էլիսսան արյունաքամ կլինի այսօր,

Իսկ վաղը Կարթագենը կայրվի ցմրուր:

(Պար:)

(Գալիս են Դիդոնեն, Բելինդան և շքախումբը:)

ԴԻԴՈՆԵ

Անօգուտ են ձեր գութն ու խորհուրդները,

Տրտունջս ցնցում է Երկիրն ու Երկինքը:

Սակայն մի՞թե իզուր չէ կանչն իմ,

Չէ՞ որ դավ նյութեցին Երկիրն ու Երկինք:

Դռները փակ են, և հույսն՝ անօգուտ,

Ամեն բան սին է, ամեն բան՝ իզուր,

Ճակատագրին եմ հանձնում իմ դատը,

Ճակատագիրն է դժբախտների վերջին հանգրվանը:

ԲԵԼԻՆԴԱ

Հապա, տիրուհիս, հայացք գցեք Իշխանի դեմքին,

Նա շուքն է տխրության, և նշան է սա,

Որ մնաց Իշխանը Ձեզ հավատարիմ:

(Մտնում է Էնեասը:)

ԷՆԵԱՍ

Օ՜ թագազարմ գեղեցկուհի,

Ես ընդամենը կատարել եմ հրամանն աստվածների:

Եվ ահա՝ վկայում եմ անսուտ,

Մեզ աստվածները բաժանեցին, զի հրամանը տրված էր ի վերուստ:

Արդյոք ի՞նչ կարող է անել ոգով փշրված Էնեասը:

ԴԻԴՈՆԵ

Այդպես արցունք է թափում կեղծավոր կոկորդիլոսը՝

Նեղոսի անիծյալ ափերին,

Եվ երեսպաշտն, այդպես, մարդասպանության իր հանցանքն է կոծկում՝

Մեղքն իր վերագրելով աստվածներին:

ԷՆԵԱՍ

Հանուն բոլոր սրբությունների…

ԴԻԴՈՆԵ

Ոչ մի խոսք այլևս՝ սրբության մասին:

Զի ուրացել ես թանկն ու սիրելին:

Շտապի՛ր, ուրեմն,

Քեզ սպասում է ավետյաց քո արքայությունը,

Եվ թո՛ղ ինձ լքյալ, թող Դիդոնեն ճաշակի մահը:

ԷՆԵԱՍ

Օ՜ ոչ, այդպես չի կարող լինել,

Յուպիտերի հրամանը ես պատրաստ եմ դրժել,

Ես կմնամ՝ մերժելով անգամ աստվածների կամքը,

Եվ թող սերը լինի իմ միակ աստվածը:

ԴԻԴՈՆԵ

Ո՛չ, երդմնազանց, քո ճանապարհով անցիր այլևս,

Վճռական ես դու, բայց նույնքան վճռական եմ ես:

Եվ ի՞նչ է ապաշխարանքը.

Ապաշխարանքը չի կարող կրկին արարել

Սրտով վիրավոր Դիդոնեի անարգված կիրքը:

Խոսքերդ փուչ են, Էնեա՛ս, դատարկ են ու անել,

Զի արդեն մի անգամ Դիդոնեին լքելու որոշումն ես ընդունել:

ԷՆԵԱՍ

Ես գիտեմ, թե ինչ է կամենում Յուպիտերը,

Բայց ես մնում եմ՝

Դրժելով նրա աստվածային հրամանը:

ԴԻԴՈՆԵ

Կորի՛ր, չեմ ուզում քեզ տեսնել:

ԷՆԵԱՍ

Ոչ, Դիդոնե, ես մնում եմ,

Քանզի չեմ կարող մեր սերը մեռցնել:

ԴԻԴՈՆԵ

Եթե դանդաղես, եթե մնաս՝

Կզոհեմ կյանքս, կշտապեմ ի մահ:

Հեռացի՛ր, Էնեաս:

(Հեռանում է:)

Ավա՜ղ, անփոփոխ մնաց վճիռս,

Ես մահն ընտրեցի՝ կորցնելով սերս,

Եվ ահա լսում եմ քայլերը մահի,

Երբ գնա Հերոսը, այն ինձ կգտնի:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Մեծ մտածողները դավադրում են, իրենք՝ իրենց դեմ,

Եվ մերժում են այն բալասանը, որն իսկապես կարող էր փրկել:

ԴԻԴՈՆԵ

Տուր ձեռքդ, Բելինդա:

Խավարն է իջնում կոպերիս վրա:

Թույլ տուր՝ վայելեմ հանգիստս վերջին,

Թույլ տուր՝ գլուխս դնեմ քո կրծքին:

Ա՜խ, կապրեի էլի, կմնայի երկար,

Բայց մահը խլում է մարմինս տկար:

Մահը ելք է, գոյության ուղի,

Մահն ազնիվ է և հյուր ցանկալի:

Երբ մարմինս կհանձնեն սառնական հողին,

Վրիպումներս թող չխռովեն մենավոր իմ հոգին:

Հիշիր ինձ ի բարին, հիշիր կյանքս

Եվ ծածուկ պահիր ճակատագիրս:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Թևաբե՜կ, թևաթա՛փ եկեք, ո՜վ կուպիդոններ,

Եվ գերեզմանին նրա ալ վարդեր դրեք:

Վարդեր նրբագայտ, վարդեր լուսատու,

Ինչպես որ սիրտն էր չքնաղ Թագուհու:

Եվ արթնությամբ հսկեք այս թումբը նվիրական,

Եվ դետեր եղեք՝ հավիտենական:

(Կուպիդոնների պարը։)

Վերջ

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031