Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ նկարչական արվեստի մեջ ճաշակ ձևավորողը, թելադրողը, առաջնորդը միշտ եղել են գյումրեցիները»․ Միքայել Սրբազան

Դեկտեմբեր 04,2021 19:31

Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան  նկարչական դպրոցի նկուղային հարկում այսօր բացվեց նոր ցուցասրահ ու քանդակի դասարան։

Մերկուրովի անվան  նկարչական դպրոցն Անդրկովկասում առաջին պետական նկարչական դպրոցն է․ հիմնվել է մեկ դար առաջ՝ 1921 թվականին ու  չնայած մեծ դժվարություններին՝ շենքից շենք տեղափոխվելուն, 100 տարիների ընթացքում  անխափան  գործել է։

Այն Գյումրու կոլորիտային միջավայրի վրա ներազդող, գույներ հաղորդող, ոճային մտածելակերպ  ձևավորող եզակի կրթօջախ է։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ  Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը,  նկարչական դպրոցի հայտնի շրջանավարտները, քաղաքի մտավորականները։

Այս դպրոցում կրթվել են բազմաթիվ  ճանաչված արվեստագետներ՝ Մինաս Ավետիսյանը, Ասլամազյան քույրերը, Զավեն Կոշտոյանը, Հակոբ Անանիկյանը, Մհեր Մկրտչյանը․․․
Դպրոցը նախկինում գործել է «Օժիտի շենք»-ում, այնտեղ 250 աշակերտ են ունեցել, իսկ հիմա 85 աշակերտ է։  Դպրոցի այժմյան շենքը ևս գտնվում է Գյումրու Սլաբոդկա պատմական թաղամասում։

Դպրոցի տնօրեն Ժակլինա Սարգսյանն ասաց՝ ներկայիս դպրոցը տիպային կառույց չէ, երբ տեղափոխվեցին, նույնիսկ տարրական պայմաններ էին բացակայում, սակայն 5 տարվա ընթացքում այն դարձել է բարեկեցիկ։

Միջոցառումը սկսվեց Միքայել Սրբազանի խոսքով։ Նա նշեց՝ հպարտ է, որ գյումրեցի նկարիչների մոտ կա ճաշակ։

«Ես ուրախ եմ ու երջանիկ եմ հենց իբրև գյումրեցի, որ ճաշակը մեր նկարիչների մեջ միշտ կա։ Ոչ մեկը մյուսին չի կրկնում, բայց բոլորի մոտ կա ճաշակ։

Եվ այդ ճաշակը դաստիարակում է բոլորիս, ես դա եմ գնահատում նկարչության մեջ, ամեն ինչի մեջ պիտի գնահատել այն, թե ինչպես է դաստիարակում մեզ։ Արվեստը պիտի դաստիարակի մեզ, արվեստը նրա համար է, որ դաստիարակի մարդուն։ Եվ նկարիչները՝ հին և նոր դաստիարակներն են մեր քաղաքի։ Եվ այս դպրոցն այն քուլան է, որով անցնում են, սովորում են և ճաշակ են ձևավորում մեր քաղաքում և մեր քաղաքից դուրս։

Ամբողջ աշխարհում, ուր էլ որ գնաս, եթե հայ նկարչի մասին ես խոսում, երեք նկարչից երկուսը անպայմանորեն գյումրեցի կամ շիրակցի են։ Հետևաբար հայ նկարչական արվեստի մեջ ճաշակ ձևավորողը, թելադրողը, առաջնորդը, ավանգարդը միշտ եղել են գյումրեցիները։ Իսկ եթե գյումրեցիներն են, նրանք այս դպրոցից են, որը երկրաշարժից հետո մեծ փորձությունների միջով անցավ, տնակների միջով անցավ, եկավ, հասավ այստեղ, փորփրեցին թիզ առ թիզ, մետր առ մետր , և ահավասիկ դուրս  են գալիս նոր ասպարեզ»,-ասաց Միքայել Սրբազանը։

Շնորհավորանքներ հնչեցին Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի,  դպրոցի սաների՝ ճանաչված արվեստագետների կողմից։

Ի դեպ, դպրոցի շենք մտնելուն պես՝  անհնար է չնկատել յուրօրինակ աթոռները, դռների բռնակները, կախիչները։ Այս ամենի հեղինակը նկարչուհի, Սերգեյ Մերկուրովի անվան  նկարչական դպրոցի տնօրեն Ժակլինա Սարգսյանն է, որին բնութագրեցին որպես գորշ պատերին գույն տվող։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031