Օրերս տեղի ունեցավ Մեդիագրագիտության եւ անձնական տվյալների պաշտպանության թեմայով սեմինար, որի բանախոսներն էին՝ Սամվել Մարտիրոսյանն ու Գեւորգ Հայրապետյանը: Միջոցառումն իրականացվեց Data CTRL Centre նախագծի շրջանակներում՝ Առաջատար տեխնոլոգիաների միության հետ համատեղ: Քննարկվող թեմաները բավականին արդի էին եւ խնդրահարույց:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ մեդիագրագիտության եւ դրան վերաբերող թեմաներին ժամանակին «մատների արանքով» էին նայում, չկարեւորելով եւ անտեսելով դրանք, սակայն մեր օրում այդ ոլորտի մասին գիտելիքների բացից ծնվում են մի շարք խնդիրներ, առաջանում աչք ծակող սխալներ: Բանախոսների դիտակմամբ՝ մեդիագրագիտության դասեր կամ սեմինարներ պետք անցկացվեն հատկապես կրթական հաստատություններում՝ դպրոցներում, բուհերում, այդ թվում նաեւ առանձին դասընթացներ իրականացվեն ծնողների համար, որոնք հետագայում հեռու կպահեն իրենց երեխաներին կիբերանախորժություններից:
Կարդացեք նաև
«Ես բազում դիմումներ եմ ստանում՝ նույն հարցով ու խնդրանքով, որ կոտրել են իրենց կայքն ու հարցնում են՝ ինչպես վերականգնել: Ցավոք, երբ զննում եմ դրանք, հասկանում եմ, որ պատճառը կրկնվում է՝ նույն սխալի պատճառով, նույն հետեւանքը: Նույնիսկ եղել է դեպք, երբ օգտատիրոջ էջը ջարդել են ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, իսկ նա դրա մասին չի էլ իմացել կամ էլ բավականին ուշ է փորձել կանխել: Մենք այնքան անտեսեցինք մեդիագրագիտությունը, որ բախվեցինք նման խնդիրների ու այժմ ուզում ենք՝ որքան հնարավոր է շուտ վերցնել դա: Նույնն է վիճակը անձնական տվյալների պաշտպանության առումով»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց պատրաստած պրոյեկտներն ու սալիկաշարերը, այդ թվում՝ իսկ ստեղծած կայքերը, որոնք օգնում են տարբերել կեղծ ու ճիշտ լուրերը, պաշտպանել անձնական տվյալներն ու խուսափել կիբեր անախորժություններից:
Նրանք կիսվեցին նաեւ իրենց նոր գաղափարներով ու առաջարկներով, խորհուրդ տվեցին լինել ուշադիր, պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը, անծանոթ հղումներով մուտք չգործել տարօրինակ էջեր, չտրամադրել սեփական անձնական տվյալները:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ