Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս ընթացքում աշխատող քաղաքացիներից ստացել է բողոքներ, որոնք հայտնել են, թե առողջական վիճակից ելնելով չեն կարող պատվաստվել, որի համար նաեւ ունեն հիմնավորումներ: Սակայն, առողջապահության նախարարի հրամանին այլընտրանք չկա, եւ մարդիկ ֆինանսական բեռի տակ չընկնելու համար ստիպված են պատվաստվել:
Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւ Թոխյանը՝ անդրադառնալով մարդու աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմային:
Տաթեւիկ Թոխյանին հարցեր ուղղեցինք երկօրյա դասընթացի ժամանակ: Նրա խոսքով, նախարարի հրամանով հակացուցումների ցանկը շատ նեղ էր, ժամանակավոր հակացուցումներ ընդհանրապես չեն նախատեսվել, եւ միայն բացարձակ հակացուցումների դեպքում է թույլ տալիս հնարավոր լինի չպատվաստելը՝ այն էլ մեկ դեղաչափը ստանալուց հետո, եթե տվյալ անձը չվատանա եւ շատ լուրջ խնդրի առաջ չկանգնի:
Այդ դեպքում միայն նա կորակի հակացուցում. «Մարդիկ կան, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, բայց այլընտրանք չունեն, որովհետեւ կա ֆինանսական բեռը»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստման, այսինքն՝ հանրային առողջության հետ կապված պետության քաղաքականության այն միջոցառումները, պահանջները, որոնք հասարակությանը ներկայացվեցին, գործնականում ուղղված էին աշխատողներին, իսկ դե յուրե աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց, որովհետեւ, որպես այդպիսին, վերահսկվում էին միայն նրանք անուղղակի ձեւով:
Կարդացեք նաև
«Մենք, ի սկզբանե, կարծիք ենք ներկայացրել, որ չպետք է դա լինի պարտադիր, որովհետեւ դա աշխատողների նկատմամբ ստեղծում է խնդիր, եւ պարտադրանք է ըստ էության, անուղղակիորեն դա պարտադրանք է՝ ինչքան էլ պետությունն ասում էր, որ դա պարտադրանք չի: Սկզբնական շրջանում օրենքի նախագիծը հանրային ծառայության մեջ շրջանառվեց, որտեղ հստակ պարտադիր պահանջ էր, հետո հանեցին: Հիմա նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն, որտեղ դա արդեն աշխատանքից ազատման հստակ հիմք է: Այստեղ ամենախնդրահարույցն աշխատողի վրա ֆինանսական բեռի խնդիրն է»:
Տաթեւ Թոխյանի խոսքով, պարզ է, որ պետությունը պետք է հանրային առողջության հետ կապված պաշտպանությանն ուղղված միջոցառումներ ձեռնարկի եւ պահանջներ ներկայացնի եւ, անձն, այո, պետք է համավարակի ընթացքում ենթարկվի այդ պահանջներին, եւ այլ անձանց առողջության համար վտանգ չներկայացնելու համար իրականացնի այդ պարտադիր գործողությունները, բայց, եթե պատվաստման գործընթացը անուղղակիորեն պարտադիր է դառնում եւ ֆինանսական բեռ է առաջացնում, դա խնդրահարույց է:
«Մենք առաջարկել ենք, ասել ենք, որ դա խնդրահարույց է այդ տեսանկյունից, որ աշխատողի վրա, այն էլ՝ Հայաստանի պայմաններում, երբ դա արժանապատիվ աշխատավարձ չի համարվում, էլի ֆինանսական բեռ է, բայց դրա հետ կապված այս պահին որոշակի դիրքորոշում չենք արտահայտում, որովհետեւ ներկայումս Սահմանադրական դատարանում վիճարկվում է նախարարի հրամանի սահմանադրականությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ