«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Քվեարկության օրը ընտրությունների ընթացքին հետևելու են շուրջ 390 դիտորդներ։ Առաքելության շրջանակներում դիտորդներ տեղակայված կլինեն 150 ընտրատեղամասերում, 22 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Արագ արձագանքում և ընթացիկ դիտարկում կիրականացնի ևս 42 շրջիկ խումբ։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացնում է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը բոլոր 36 համայնքներում դիտարկել են 30 երկարաժամկետ դիտորդներ։
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար նոյեմբերին Երևան քաղաքում անցկացվել են դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար դիտարկվող բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվել են կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։
Կարդացեք նաև
Քվեարկության օրը՝ դեկտեմբերի 5-ին, «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հանդես է գալու ասուլիսներով՝ ժամը 11:00-ին, 16:00-ին և 20:00-ին: Ասուլիսները տեղի կունենան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում (ք․ Վանաձոր՝ Տիգրան Մեծի 59 հասցեում, «Լուսնաձև շենք»):
Բացի դրանից, ըստ անհրաժեշտության, «Անկախ դիտորդը» քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա այլ լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով:
Ասուլիսները հեռարձակվելու են Facebook-ում՝ առաքելության պաշտոնական էջի միջոցով:
«Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ