«Երիտասարդի ձայնը» նախագծի հեղինակ Հովհաննես Հարությունյանը «Հայելի» ակումբում իր մտահոգություններն արտահայտեց՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, հայրենիքը պաշտպանած սյունեցի համայնքապետերի եւ Սյունիքի շուրջ սպասվող հնարավոր իրադարձությունների հետ, որոնց ականատեսը, ըստ նրա, շուտով կարող ենք լինել:
«Աշոտ Մինասյանի ձերբակալումը հերթական շտրիխն է Սյունիքի շուրջ իշխանությունների իրականացվող գործընթացների, ինչին մենք բավականին երկար ժամանակ ականատես ենք լինում: Զուգահեռաբար կալանավորվում են համայնքապետերը, զուգահեռաբար թշնամին վերցնում է Սյունիքի այս կամ այն ճանապարհը: Եվ շարունակական պրոցես է ընթանում՝ դիմադրող, հող չտվող մարդկանց ուղղակի մեկուսացնելու: Ամեն ինչ այնքան պարզ է, որ պետք չէ քաղաքագետ լինել կամ երկար վերլուծել: Սյունիքում բոլոր դիմադրող տղաները, բոլոր նրանք, ովքեր ապացուցել են ու շարունակում են ապացուցել, որ իրենք հող հանձնող չեն, հող ազատագրող, հող պահող են, շարունակաբար մեկուսացվում են իշխանությունների կողմից: Սա ի՞նչ է ենթադրում: Աշոտ Մինասյանի ձերբակալումից ես մեկ բան կարող եմ ենթադրել, այն, որ ակնհայտորեն դեռ չի ավարտվել Սյունիքի հանձնման պրոցեսը:
Ակնհայտ է, որ այն փաստաթուղթը, որը հրապարակվեց Սոչիից, մեղմ ասած, չի պատկերում այն, ինչ մեզ սպասվում է իրականում: Հրապարակված փաստաթղթից զատ, ու էական չէ՝ բանավոր է այն, թե գրավոր, կա ինչ-որ պրոցես, որը պետք է իրականացվի: Աշոտ Մինասյանի կալանավորումը եկավ դա ապացուցելու:
Այսինքն, կան մարդիկ, որ լուրջ մտածում են, որ Աշոտ երկաթը ուզում է Նիկոլին խփել ու մի տարի մտածում է՞: Լուրջ՝ ինչ-որ մեկը այդպիսի կարծիք ունի Աշոտ Երկաթի՝ Սյունիքի «Սիսական» ջոկատի հրամանատարի մասի՞ն, որը մասնակցել է Քարվաճառի, Լաչինի, Շուշիի ազատագրմանը, վերջին պատերազմի ժամանակ իր զավակների հետ էր ու հաստատ գիտեմ, որ իր զավակներին ուղարկել էր այնպիսի ուղղություններով, որտեղ հաստատ փլավ չէին բաժանում, որը Սիսիանի ուղղությամբ վերջին գործողությունների ժամանակ արդեն պատրաստ կանգնած էր: Ծիծաղելի է իրականում:
Կարդացեք նաև
Ու այս մարդը ձերբակալվում է: Ակնհայտ է, որ Սյունիքի շուրջ ծավալվում է ինչ-որ իրադարձություն, որի ականատեսը մենք շուտով կարող ենք լինել»,-ասաց Հովհաննես Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ