Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը չի կայացել՝ հայ խորհրդարանականների Արցախ կատարած այցի պատճառով:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 28-րդ նիստի նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև:
«Սակայն դեկտեմբերի 3-ին նշանակված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայկական կողմը սադրանք կազմակերպեց: Մասնավորապես, տեղեկություն տարածվեց, որ հայ խորհրդարանականներն անօրինական կերպով այցելել են Ադրբեջանի Հանրապետություն: Այդպիսով, ի պատասխան Հայաստանի սադրանքի՝ ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարել երկու նախարարների հանդիպումը Ստոկհոլմում»,- ասել է Աբդուլլաևան:
Նա հավելել է, որ չնայած Ադրբեջանի ձեռնարկած քայլերին՝ «Հայաստանը շարունակում է իր ռազմաքաղաքական սադրանքները», ինչը, նրա խոսքով, «խաթարում է խաղաղապահ ջանքերը տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ