«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Արա Հակոբյանը «Հայելի» ակումբում դիտարկմանը, թե «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելը մեկ անգամ եւս ցույց է տալիս գործող իշխանության վախերն առ այն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել ներքին եւ արտաքին թշնամիների դեմ, արձագանքեց. «Ես կիսում եմ այն մտայնությունը, որ գործող իշխանախումբը, Նիկոլ Փաշինյանը անձամբ փորձում է իր համար շատ հնարավոր բարենպաստ իրավիճակ ստեղծել՝ մեր պետության եւ պետականության գործընթացը ավարտին հասցնելու համար: Եվ բոլոր այն մարդիկ, բոլոր այն ուժերը, որոնք պայքարել են, պայքարում են դրա դեմ, թիրախավորված են: Խնդիրը պետք է դիտարկել այդ համատեքստում, որովհետեւ, ի վերջո, հույս կա, համենայն դեպս, մենք ունենք վստահություն, որ հայ ազգը ընդվզելու է այս ամենի դեմ: Հայ ազգը ընդվզման համար անհրաժեշտություն ունի որոշակի մարդկանց, որոնք առաջամարտիկներ են եւ առաջնորդելու են ընդվզման, ազատագրական շարժումը, որն անհրաժեշտ է մեր երկիրը օտարից եւ օտարի շահերը սպասարկողներից ազատագրելու համար:
Աշոտ Երկաթ Մինասյանը այդ մարդկանցից մեկն է: Եվ բնական է, որ այդ իմաստով պետք էր չեզոքացնել նրան:
Կարեւոր է նշել, որ առաջնահերթ հարվածի տակ է Սյունիքը, որովհետեւ բոլոր իմաստներով Սյունիքն է այն տարածքը, որտեղ իրականացվելու են ռուս-թուրքական ծիրում առկա պայմանավորվածությունները, որտեղ իրականացվելու են նոյեմբերի 9-ի եւ մնացած հայտարարություններով հակահայ գործողությունները: Եվ քանի որ այստեղ Նիկոլ Փաշինյանն ունի կատարածուի դերակատարություն, նա իրականացնելու է այդ ծրագրերը՝ սպասելով ուղիղ հրահանգի: Դա մենք տեսանք վերջերս Սոչիի հանդիպման ընթացքում:
Այնպես որ, սպասենք եղած իշխանական համակարգի կողմից ազգային մարդկանց, ազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների նոր թիրախավորումների»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ