Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հայելի» ակումբում խոսելով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին, ասաց. «Պետք է անկեղծ լինել եւ ընդգծել հետեւյալը: Երբ 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրությունները եւ իշխանությունը վերարտադրվեց, պետք էր հասկանալ, որ դրա արձագանքները տարբեր տեղերում մենք տեսնելու ենք: Այդ արձագանքներից մեկը արդարադատության համակարգին էր վերաբերվում:
Եթե ուշադիր նայենք ադրբեջանական մամուլի գործունեությանը, ապա առնվազն լուրի մակարդակով գրեթե բոլոր կայքերը անդրադարձել են Աշոտ Մինասյանին կալանավորելու նորությանը: Եվ եթե վերնագրերերին նայենք, կտեսնենք, որ գրում են, թե այն մարդը, որը պայմանականորեն սպառնում էր Նիկոլ Փաշինյանին ռազմական հեղաշրջումով, այդ մարդը ձերբակալվել է: Այսինքն, տեսնում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները շատ պարագաներում բխում են ադրբեջանական կողմի շահերից: Եվ դա իր շատ հստակ արտահայտումն է ստանում. ձերբակալում են պարոն Մինասյանին, Ադրբեջանում դա դրական են ընկալում:
Այն մտայնությունը, թե իշխանությունը փորձում է Սյունիքում ինչ-որ գործողություններ իրականացնել եւ պարոն Մինասյանը կամ Սյունիքի համայնքապետերը դրան կխանգարեն, փաստացի իրողություն է: Այնպես որ, Աշոտ Մինասյանի կալանավորումը դրա դրսեւորումներից ուղղակի մեկն է: Ինչպես Առուշ Առուշանյանին կալանավորեցին, նույն կերպ էլ Աշոտ Մինասյանին են կալանավորել:
Այս գործընթացը այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ մենք գնում ենք այն ուղղությամբ, ինչի մասին երեք, երեք ու կես տարի շատերը խոսել են, սակայն, ցավոք, այդ զգուշացումները հստակ քաղաքական գործընթացների չեն վերածվում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ