Գրողի ներաշխարհ մտնելը և նրա ստեղծած կերպարին ներդաշնակորեն միահյուսվելը դյուրին չէ: Օրերս Արթուր Սարգսյանը ևս մեկ անգամ ներկայացրեց Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի բեմականացումը:
Պոեմի ուղերձը ոչ միայն հասանելի է դառնում այն ընթերցելով, այլև լսելով: Արթուր Սարգսյանը՝ Աբու-Լալա Մահարիի դերակատարը, բանաստեղծի տողերի շուրջ է հավաքում մարդկանց ուշադրությունը, նորովի մատուցման ձևով ու ռեժիսորական լուծումներով ընթացքավորում պոեմի ամեն մի հատված՝ այն դարձնելով չափանիշ, առանց պաթետիկ ընդմիջումների: Կարծում եմ, որ սա նաև ժամանակի պահանջ է, և չի կարող լինել մեկ մտածող հայ, որ Իսահակյանի տողերի հետ համամիտ չլինի, որովհետև դրանք կարծես այսօր գրված լինեն և լավագույնս են բնութագրում երկիր մոլորակում ապրող մարդուն և նրա փոխհարաբերությունները:
Արդարև, լինում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք միանգամից աղմուկ են հանում՝ լավ իմաստով, և լինում են մարդիկ, որոնք ասպարեզ են գալիս աննկատ, սակայն կարճ ժամանակում զորանում, զուլալվում և ճանաչվում, ինչու չէ նաև սիրվում ժողովրդի կողմից: Արթուր Սարգսյանը կարողացավ բանաստեղծ-փիլիսոփայի խոսքի բոլոր նրբություններին ու բազմաշերտությանը սահունություն հաղորդել, նորովի նայելով մարդկությանն ու զրուցելով նրանց հետ: Ինչու ոչ, սա նաև զրույց է մարդու հետ:
Կարդացեք նաև
Իսահակյանը իմաստային խորը ընկալումներով է հագեցրել ստեղծագործությունը՝ քարավանը որպես նոր ու հին ժամանակների շարժման ընթացքը լավագույնս ներկայացնող հնարք: Սա բարդ համարդություն է, բայց և հաջողված: Իրականության հետ համաչափ զարգացող աֆորիստիկ ընթացքով պոեմի բովանդակությունը որպես աշխարհապաշտությամբ երանգավորված գրական գործ, Արթուր Սարգսյանի գրական-երաժշտական-խորեոգրաֆիկ կոմպոզիցիայում խոսքարվեստի նոր սահման է գծում՝ մարդու և բնության, կյանքի և ապրելու միջև խորաթափանց ու համարձակ քայլերով:
Բեմադրությունը համոզիչ է դառնում նաև «Պոեզիայի թատրոնի» պարային խմբի պլաստիկական պատկերաստեղծմամբ՝ մտերմիկ բնությանն ու բանականությանը:
Հրեղեն խոսքն ու ինքնատիպ քարավանը կարծես մեկը մյուսին լրացնում էին՝ նորովի ներկայանալի ինքնադրսևորումներով; Եվ այսպիսով, գրական, երաժշտական ու խորեոգրաֆիկ համաձուլվածքում Մահարին նոր կյանք ու գույն ստացավ:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի